«Հրապարակ»․ Լիբանանի բնակչության մեկ երրորդը «Հզբոլլահի» անդամ է
Sat, 11 Apr 2026 11:45:51 +0400
«Հրապարակի» զրուցակիցը Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սեւակ Հակոբյանն է։
– Վերջին մի քանի օրում Իսրայելն աննախադեպ հարվածներ է հասցնում Բեյրութին, այլ շրջաններին, զոհվել են հարյուրավոր անմեղ մարդիկ։ Ապրիլի 9-ին էլ Լիբանանում ազգային սգո օր էր։ Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա, արդյո՞ք հայեր չեն տուժել ավիահարվածներից։
– Ափսոս, որ Լիբանանի դեմ իսրայելական ոտնձգություններն ու մարդկության դեմ կատարված ոճիրները վերջ չունեն, ոչ էլ՝ չափ ու սահման: Տարածաշրջանի մեջ տիրում է անտառի օրենքը, որը, ափսոս, քաջալերվում է Ամերիկայի նման մեծ պետության կողմից՝ շատ հաճախ այդ ամենի վատ օրինակը հանդիսանալով մեկտեղ: Ապրիլի 8-ին կատարվածը դժվար է աննախընթաց կոչել՝ իր զոհերի թվով, սակայն ահավոր էր Լիբանանի տարածքի մեջ մի քանի րոպեի ընթացքում կատարվածը, իր տարողականությամբ եւ օգտագործված զենքով: Մարդկային յուրաքանչյուր զոհ, ցավալի երեւույթ լինելով հանդերձ, բարեբախտաբար, զոհերի մեջ, որքան ես գիտեմ, հայեր չկային: Սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ թիրախավորված շրջանները տակավին այս պահին հայահոծ բնակավայրեր չեն ընդգրկում։
– ԱՄՆ-Իրան փխրուն հրադադարին համաձայնելով հանդերձ՝ Թել Ավիվը հայտնեց, որ դա Լիբանանին չի վերաբերում, թեեւ դա, Թեհրանի պնդմամբ, հրադադարի պայմաններից մեկն էր։ Թրամփն էլ, «ազատելով Իսրայելի ձեռքերը», արդարացավ, թե այդ երկրի եւ «Հզբոլլահի» կոնֆլիկտն առանձին հարց է։ Ի՞նչ սպասել հետո։
– Ավետարանի Դավթի (Հրեա) եւ Գոլեաթի (տեղաբնակ՝ պայմանական պաղեստինցի) հակամարտությունն է, որ անվերջ շարունակվում է այդ տարածաշրջանի մեջ։ Ես սա եմ ենթադրում, եւ սա, կարծեմ, հավերժ է, քանի դեռ չկա արդար լուծում երկու կողմերի համար միաժամանակ: «Հզբոլլահ»-ի զորակցությունը Պաղեստինի դատին՝ իրեն հավիտյանս թշնամի ու թիրախ պիտի պահի Իսրայելին, մինչ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Արեւմուտքը՝ ընդհանրապես, որ իրենք փորձում են կազմաքանդել կամ ոչնչացնել, ոչ թե լոկ մի կուսակցություն, այսինքն՝ «Հզբոլլահ»-ը, այլ իրենց գործն ամբողջ համակարգի հետ է Իրանից՝ Եմեն, Պաղեստին, Լիբանան եւ Իրան: Իրենց գործը, տարօրինակ կերպով, իրենց ոնց որ տակավին անծանոթ շիա գաղափարախոսության դեմ է, որի ղեկավարներին կամ զինյալներին բնաջնջմամբ կարելի է չեզոքացնել: Փորձն էլ ցույց տվեց, որ տեխնոլոգիան ընդդեմ գաղափարախոսության պայքարը միշտ էլ ի նպաստ տեխնոլոգիային չի։
– Հրադադարի մասին հայտարարությունից հետո վարչապետ Սալամը շեշտեց, որ Լիբանանն ուժեղացրել է ջանքերը՝ ձգտելով հասնել Իսրայելի հետ հրադադարի: Նա նշեց, որ Լիբանանի անունից բանակցություններ կարող է վարել միայն պետությունը՝ իր սահմանադրական ինստիտուտների միջոցով։ Փաստորեն, նա ոչ մի բանի առջեւ կանգ չառնող Իսրայելի դեմ մենմենակ թողեց «Հզբոլլահ»-ին, այն դեպքում, երբ Իրանը ջանում է դադարեցնել Լիբանանի դեմ հարձակումները։
– Գաղտնիք չէ, որ Լիբանանի, լինեն հանրապետության նախագահի կամ խորհրդարանի ընտրությունները, եւ լինի կառավարության նշանակումը՝ այնքան էլ ներլիբանանյան ընտրություն կամ որոշում չէ: Սա միշտ էլ եղել է արտաքին (որոշող կողմը՝ ըստ ժամանակաշրջանի) թելադրանքներով: Այսօրվա դրությամբ, հանրապետության նախագահը եւ վարչապետը վայելում են ամերիկյան կողմի հովանավորությունը, եւ այս դիտանկյունից նայած, զարմանալի չէ վարչապետ Սալամի կեցվածքը: Սակայն խնդիրը մնում է գործադրության մեջ, որ չափազանց դժվար է նախագահի կամ վարչապետի համար, քանի դեռ այնտեղ կա «Հզբոլլահ»-ը, որը սոսկ կուսակցություն չէ, այլ՝ Լիբանանի բնակչության մեկ երրորդը համարվող ամբողջ համայնք։ Եվ նա այնքան էլ մենակ չէ, եթե նկատի առնենք իրանյան բացահայտ հովանավորությունը նշյալ կազմակերպությանը, որ Իրանի գաղափարական, քաղաքական եւ ռազմական փրոքսին է տարածաշրջանի մեջ: Իսկ կառավարության դժվարությունը «Հզբոլլահ»-ի հետ գլուխ ելնելու կամ առանց նրա խաղաղության գնալու Իսրայելի հետ, շատ ավելի դժվար է մի թույլ կառավարության համար, որի պատասխանատվությունն է նաեւ՝ պահել ներքին անդորրությունը, որը պայմանավորված է «Հզբոլլահ»-ի հետ ոչ սուր չհակադրվելու հետ։ «Հզբոլլահ»-ը, իր ունեցած կորուստներով հանդերձ, տակավին գետնի վրա շատ լուրջ եւ վտանգավոր ուժ է ներկայացնում: Օրինակ, «Հզբոլլահ»-ը, թե խորհրդարանն էլ (որի մեջ այս պահին այն ունի շատ ազդեցիկ պլոք) կարող է ամբողջովին ամերիկյան կողմը հարող պատգամավորներով ընդգրկվել, վերջերս արգելք հանդիսացավ մայիսի 2026-ի համար նախատեսված խորհրդարանական ընտրությունների կայացմանը, եւ, փաստորեն, այդ ընտրությունները երկու տարով հետաձգվեցին՝ իր պնդումներով: