Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում
Sat, 11 Apr 2026 15:22:58 +0400
Փարիզում այսօր սկսվեց Սփյուռքի զորաշարժի համաժողովը, որը տևելու է 2 օր: Համաժողովին մասնակցելու են ժամանել 150 հայեր` աշխարհի 25 երկրներից, այդ թվում Արգենտինայից, Կանադայից, Միացյալ նահանգներից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից: «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը նույնպես մասնակցում է համաժողովին:
Համաժողովը բացեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գևորգյանը: Նա իր ելույթում արձանագրեց իրավիճակը, որը ստիպել է նման աննախադեպ միջոցառում կազմակերպել: Դա այն օրհասական վիճակն է, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, այն մարտահրավերները, որոնք վտանգում են հայի ինքնությունը և վտանգում Հայաստան պետությունը: Նա խոսեց իշխանությունների կողմից ցեղասպանության ժխտման, ստորացուցիչ խաղաղության, եկեղեցու դեմ պայքարի մասին: Արցախն անվանեց չմարող վերք և շեշտեց,որ այս կործանարար ընթացքը վտանգում է նաև հայկական սփյուռքը, հիասթափեցնում սփյուռքահայությանը, մղում ինքնամփոփման, օտարում իր հայրենիքից: Բյուրոյի անդամն ամփոփեց` մենք պետք է գործենք ոչ միայն ընդդեմ վտանգների, այլև հանուն համազգային նպատակների:
Ապա հնչեցին երկու կաթողիկոսների` Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսի ողջույնի ուղերձները: Ողջույնի խոսք ասացին նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Համաժողովի ընթացքը շարունակվելու է կլոր սեղանների ձևաչափով, որոնց ընթացքում նաև քննարկումներ, հարցուպատասխան է նախատեսված, սակայն որը կազմակերպիչները հորդորեցին չտեսանկարահանել և չհեռարձակել: Համաժողովին ներկա են ՀՀ նախկին վարչապետները` Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը և Վազգեն Մանուկյանը, Արցախի ներկայացուցիչներ: Ներկա են Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները` Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Բոլոր ելույթներում հնչում են մտահոգություններ Հայաստանի և սփյուռքի ճակատագրի հետ կապված, նաև առաջարկներ ինչպես պահպանել ու ակտիվացնել սփյուռքը, ինչով աջակցել Հայաստանին: