Ինչ է կատարվում Իսլամաբադում․ վերջին մանրամասները՝ Իրան-ԱՄՆ բանակցություններից
Sat, 11 Apr 2026 17:30:01 +0400
Հետևելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին՝ իրանական լրատվամիջոցները հաղորդեցին Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների մեկնարկի մասին։
Իրանական կողմը բանակցություններին իր համաձայնությունը բացատրել է՝ հղում անելով Լիբանանի հարավային բնակավայրերի վրա Իսրայելի սահմանափակ հարվածներին և Իսլամական Հանրապետության ակտիվները ազատելու ԱՄՆ որոշմանը։
Միևնույն ժամանակ, պաշտոոնական Թեհրանն ընդգծել է, որ Լիբանանում հրադադարը դեռևս լիովին չի հաստատվել, ուստի իրանական պատվիրակությունը հետևում է հարցին պակիստանցի միջնորդի միջոցով և բանակցությունների սենյակում։
Թրամփն ինքը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքն իր համար կարևոր չէ. «Եթե դրանք ձախողվեն, Վաշինգտոնը կվերսկսի ռազմական գործողությունները»։
Ամերիկացի երկու պաշտոնյաներ նույնպես CBS News-ին հայտնել են, որ Իսլամաբադում բանակցությունները սկսվել են։ Հստակ չէ, թե երբ են սկսվել հանդիպումները կամ արդյոք դրանք ուղիղ են։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Ավելի վաղ, Թրամփն ազդարարել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները Իսլամաբադում պաշտոնապես սկսվել են։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ հրադադարի համաձայնագրի մաս է կազմում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
«Սա պարզապես այն չէ, ինչ մենք ասել կամ հայտարարել ենք, այլ պակիստանցի միջնորդը նաև ընդգծել է, որ սա մեր պահանջն էր… Մենք կապի մեջ ենք Լիբանանի համապատասխան կողմերի հետ՝ բոլոր ճակատներում հրադադարի պարտավորությունների կատարումն ապահովելու համար», – ասել է Բաղային։
Միաժամանակ, Իրանը բանակցություններում ուրվագծել է հիմնական «կարմիր գծերը». Հորմուզի նեղուց, վնասի փոխհատուցում, ակտիվների ազատում և կայուն հրադադար բոլոր ճակատներում։
Հայտնի է նաև, որ իրանական պատվիրակությունը Իսլամաբադում երկու անգամ հանդիպել է Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ, նախքան Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպելը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ ամերիկյան կողմի հետ հաղորդագրությունների ևս մեկ փոխանակում կարող է տեղի ունենալ Մունիրի միջոցով։
Մինչ այս էլ, սոցցանցերում հրապարակվել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հանդիպման լուսանկարները։