Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև

Sat, 11 Apr 2026 21:27:09 +0400


Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ
___________
Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր համազգային առաջնահերթությունները, վերարժևորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև։ Խորը մտահոգություն են առաջ բերում մեր ազգային կյանքում պառակտվածությունը, ատելության սերմանումը, ազգային կառույցների թիրախավորումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խաթարված վիճակը։ Եկեղեցու, հայկական բոլոր կազմակերպությունների նպատակը նույնն է՝ համախմբել ազգային ներուժը, անվտանգ ու ապահով դարձնել համայն հայության հայրենիքը, բարվոքել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, անխաթար պահպանել ազգային ինքնությունը:

Համաժողովին մասնակից ավանդական կազմակերպությունները, ազգային միություններն ու գործիչները, որոնք ներկայացնում են հայության տարբեր հատվածներ, մեր Սուրբ Եկեղեցու օրհնության ներքո անժխտելի ներդրում են ունեցել հայոց անկախ պետականության վերականգնման և Սփյուռքի կենսունակության պահպանման նվիրական գործում։ Անբեկանելի ճշմարտություն է, որ հայության և հայկականության հարատևության երաշխիքը լեզուն, հավատքը, ազգային դպրոցն է, հայրենի անկախ ու ինքնիշխան պետությունը, որի հատուկ հոգածության և ուշադրության ներքո պիտի գտնվեն նաև Սփյուռքը և Սփյուռքի առաջնային կարիքները։ Եվ, հետևաբար, Հայոց պետության պահպանությունն ու զորացումը այսօր էլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առաջնային հանձնառությունն է։ Հարկ է հոգ տանել նաև, որ յուրաքանչյուր հայ, չտրվելով օտար գաղափարների և ազդեցությունների, շարունակի իր ողջ էությամբ ու հոգով, դավանած արժեքներով կապված մնալ իր ազգին ու հայրենիքին և իր կարողություններն ու շնորհները ի սպաս դնի մեր ժողովրդի և հարազատ երկրի առաջընթացին։

Պատմական տարբեր հանգամանքների բերումով աշխարհի տարբեր երկրներում ձևավորված Սփյուռքի համայնքների կազմակերպվածությունը պետք է միասնական ուժի և զորության վերածենք՝ հանուն ազգի ու հայրենիքի շահերի պաշտպանության։ Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության։ Միմիայն Հայաստան-Սփյուռք փոխադարձ աջակցությամբ է հնարավոր հաստատուն ու բարօր պահել մեր ժողովրդի կյանքը՝ հիմնված նախնյաց սրբազան ժառանգության և միևնույն արժեհամակարգի վրա:

Այս առումով, սիրելիներ, կարևոր առաքելություն ունեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ազգային մեր կառույցներն ու հաստատությունները, որպեսզի երբեք չտկարանա ու չխամրի աշխարհասփյուռ հայորդյաց ազգային-հոգևոր ինքնությունը և անսասան մնա հայոց պետությունը։ Անհրաժեշտ է վերաիմաստավորել ազգային կյանքի մերօրյա ընթացքները և համախոհության մեջ գործուն միջոցներ ձեռնարկել կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները։ Այսպիսի համաժողովներն ու խորհրդակցությունները կարևոր քայլ են վերոհիշյալ հիմնախնդիրների հաղթահարման և լուծման ճանապարհին։

Զատկական այս օրերին Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալն Աստված իմաստություն շնորհի պետությունների ղեկավարներին՝ խաղաղությունը վերահաստատելու աշխարհում և մարդկության կյանքում։ Թող Փրկիչ մեր Տերը ապահով ու անվտանգ պահպանի հայրենի մեր երկիրը և Իր Սուրբ Հարության լույսով պայծառացնի համայն մեր ժողովրդին՝ անշեղորեն ընթանալու աստվածահաճո, բարեբեր ուղիներով և տերունավանդ հավատով կերտելու հայոց նորոգյալ կյանքն ու լուսավոր գալիքը։
Մեր գնահատանք ենք բերում համաժողովի աշխատանքների կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավոր ընթացք։
Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Փարիզ, ապրիլի 11-12, 2026 թ․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա մեր վերջին շանսն է. Ռուբեն Մխիթարյան

Սա մեր վերջին շանսն է. Ռուբեն Մխիթարյան Tue, 14 Apr 2026 14:45:25 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

17 րոպե ago

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի հնարավոր վայրերը

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի հնարավոր վայրերը Tue, 14 Apr 2026 14:30:03 +0400 ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցությունները…

32 րոպե ago

Դիմում-միջնորդություն՝ դատավոր Դոլմազյանին

Դիմում-միջնորդություն՝ դատավոր Դոլմազյանին Tue, 14 Apr 2026 14:23:34 +0400 Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ…

39 րոպե ago

Սամվել Կարապետյանի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս

Սամվել Կարապետյանի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս Tue, 14 Apr 2026 14:19:51 +0400 Latest…

42 րոպե ago

«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ

«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Tue, 14 Apr 2026 14:16:50…

45 րոպե ago

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում Tue, 14 Apr 2026 14:15:46 +0400 ԱՄՆ…

46 րոպե ago