«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին

«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին

Tue, 14 Apr 2026 15:15:51 +0400


Հարգելի՛ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան, Ձեզ հրավիրում եմ զրույցի։ Ոչ թե նախապես հաստատված, «պրոտոկոլային» հանդիպում եւ ոչ թե զրույց լրագրողի, այլ՝ լոռեցիների անունից ու լոռեցիների հետ։ Դուք կա՛մ «առ եք համարում», կա՛մ «իգնոր» եք անում լրագրողին ու հանրությանը: Իգնոր, այսինքն, նշանակում է չտեսնելու, չլսելու եք տալիս, արհամարհում եք, չեք արձագանքում, չեք մտնում խոսակցության մեջ, ձեւացնում եք, թե հարցեր չկան։

Լեզվի հարցը. Ձեր կայքում հրապարակվել էր այսպիսի վերնագրով հապճեպ մի լուր՝ «Ծրագրի արժեքը 660 մլն դրամ է, երկարությունը՝ 3 կմ»։ Իմ հոդվածից հետո այն մարզպետարանի կայքից հանվել է։ Մի՞թե վատ է՝ անհեթեթությունն այլեւս որեւէ մեկի աչքը չի ծակի: Մինչդեռ կարող էիք նաեւ շտկել: Հիշեցնեմ, որ այդ հոդվածում միայն ձեր կայքէջում նկատված սխալների ու մայրենի լեզվի խաթարումների մասին չէր: Մենք աղաղակող օրինակներ ենք բերել թե՛ մարզպետարանի, թե՛ համայնքապետարանների կայքերում, պաշտոնական հաղորդագրություններում առկա անհարթությունների՝ անհասկանալի թարգմանությունների, «կողմից»-ներով, «ծրագրի շրջանակներում»-ներով ծանրաբեռնված նախադասությունների, բովանդակային այլ սխալների մասին։ Տեղեկացրել ենք նաեւ համայնքներին։ Չեն պատասխանել, իսկ սխալները մինչ օրս «տեղում» են: Գուցե լեզուն է՞լ է այն ոլորտներից, որը եւս «առ եք համարում»։ Թեեւ սա վերաբերում է նրան, թե ինչ լեզվով է խոսում պետությունն իր քաղաքացիների հետ։

Դեբեդի ջրավազան։ Հիշո՞ւմ ենք, թե՞ սպասում ենք հաջորդ ջրհեղեղին: Դեբեդի մասին մենք գրել ենք բազմիցս։ Դուք շատ լավ գիտեք՝ ինչ կարող է անել գիժ Դեբեդը, երբ դուրս է գալիս իր հունից։ Տեսել ենք, թե ինչպես են հաշված վայրկյաններում ջրի հետ քշվում, կործանվում, անհետանում տներ, այգիներ, ճանապարհներ, կամուրջներ, օժանդակ շինություններ, ընտանի կենդանիներ։ Նախորդ հեղեղումի հետեւանքները դեռ չեն վերացվել ամբողջովին: Օրերս հերթական անգամ Դուք տնակորույս ընտանիքին հանձնեցիք պետության հատկացրած միջոցներով գնված նոր տան բանալիները: Այս տարի տեղումները շատ են։ Ի՞նչ է արվել, որ աղետը չկրկնվի: Ձեր կայքէջից տեղեկանում ենք՝ դիտարկումներ, այցեր, զգուշացումներ՝ «հեռու մնացեք ափերից»։ Այս վերջին միտքը Դուք եք ասել, հարգելի՛ մարզպետ, մի՞թե սա բավարար է։ Սա արձանագրո՞ւմ է, թե՞ լուծում։ Հարցն ինչո՞ւ չեք բարձրացնում կառավարությունում, նախարարություններում, ինչո՞ւ չեք պահանջում համակարգային քայլեր։

Տանձուտ։ Մաքրվեց գետը, բայց… սաղարթախիտ ծառերն ո՞ւր անհետացան. Տանձուտի հունի մաքրման ծրագիրը ողջունելի է, բայց դա անելիս օրերս տապալվեց 7-8 առողջ, սաղարթախիտ ծառ։ Մենք բարձրաձայնել ենք` նորից համառ ու հերթական լռությունը։ Մի՞թե սա երկրորդական խնդիր է։ Եվ այդ ծառերն ո՞ւմ էին խանգարում։ Նրանց արտադրած թթվածինը մեզ՝ քաղաքացիներիս, ծառերը ոչնչացնողներին, ոչնչացնելու թույլտվությունը տվողներին, անձամբ Ձեզ, հարգելի մարզպետ, նաեւ Վանաձորի համայնքապետին, արդյո՞ք օգտակար չէին:

Եղեւնու պուրակ։ Սա հաջորդ լուրջ թեմաներից է։ Վանաձորի «Լոռի» մարզադաշտից վեր եղեւնու պուրակը կրկին վտանգի տակ է։ Կան արդեն հատված ծառեր, տարածքը «մաքրում» են՝ ապագա կառուցապատման համար։ Ահազանգել ենք, խնդրել ենք պարզել՝ ով է կառուցում, ինչ է կառուցում, ինչ իրավունքով։ Չեք արձագանքել։ Ինչո՞ւ չեք գնում այդ պուրակ, բայց գնում եք համայնքներ, ճանապարհներ, ծրագրեր դիտարկելու։ Մի օր էլ գնացեք եղեւնու պուրակ։ Վաղը մարդիկ կարող են հարցնել՝ «Լրագրողը գրել է, հարգելի մարզպետ, ի՞նչ եք արել»։ Նախկինում էլ այդ տարածքի շուրջ եղել են որոշումներ, որոնք, մեղմ ասած, հարցեր են առաջացնում։ Խոսքը գնում է այն մասին, որ նախկին մարզպետներից մեկի օրոք այդ տարածքի մի հատված փաստացի դուրս է բերվել իր բնական կարգավիճակից՝ փոխանցվելով գործարար շահերին։ Հիմա հարց՝ դուք դա ուսումնասիրե՞լ եք, թե՞ սա էլ այն թեմաներից է, որոնց մոտենալն «անհարմար» է։

Մարդիկ խոսում են Դսեղում, Ծաթերում, Օձունում։ Սա ամենակարեւորն է։ Դսեղում մեզ ասում էին․ «Գյուղատնտեսությամբ զբաղվելը գնալով ավելի դժվար է դառնում, ոչ ոք չի լսում, ոչ ոք չի արձագանքում»։ Ծաթերում՝ «Մնում ենք մենակ մեր խնդիրների հետ, թանկություն կա, շուկա չկա, օգնություն չկա»։ Օձունում՝ «Գրում եք, խոսում եք, բայց ի՞նչ է փոխվում, եթե վերեւում չեն արձագանքում»։ Սրանք է՞լ են երկրորդական հարցեր։ Թե՞ պարզապես՝ էլի «անհարմար» հարցերի շարքից են։ Լրագրողը կարող է լռել, բայց մարդիկ չեն լռում` պահանջում են եւ ճիշտ են անում։ Ի՞նչ եք անում Դուք: Մենք տեսնում ենք Ձեր ակտիվությունը՝ համայնքային այցեր, դիտարկումներ, մասնակցություն ծրագրերին։ Լավ է, բայց որտե՞ղ են ծրագրերը, գաղափարները։ Գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում, ներդրումներ ապահովելու խնդիրներում։

Կրթությունից դուրս մնացած երեխաներ։ Լռությունն այստեղ արդեն վտանգավոր է։ Մեր տեղեկություններով, մարզում կա առնվազն 38 երեխա, որոնք չեն հաճախում դպրոց։ Հիմա հարց՝ դա Ձեզ անհանգստացնո՞ւմ է։ Եթե այո՝ ինչո՞ւ չեք արձագանքում։ Եթե ոչ՝ ապա սա արդեն լուրջ խնդիր է։ Բայց ասեմ՝ սա այն թեման չէ, որը կարելի է «իգնոր» անել։ Որովհետեւ այստեղ խոսքն ապագայի մասին է։ Մի կարճ ու թեւավոր խոսք կա՝ «Դպրոցի դուռը փակողը… բանտի դուռը կբացի»: Սա ես չեմ ասել: Հարգելի՛ մարզպետ, արհամարհելու փոխարեն՝ արձագանքեք, իգնոր անելու փոխարեն՝ խոսեք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Համո Սահյանի ծննդյան օրը

Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Համո Սահյանի ծննդյան օրը Tue, 14 Apr 2026 18:45:01…

10 րոպե ago

Բացի եվրոպացիների սիրալիր ժպիտներից ու բարի խոսքերից, ոչինչ չեն տալու

Բացի եվրոպացիների սիրալիր ժպիտներից ու բարի խոսքերից, ոչինչ չեն տալու Tue, 14 Apr 2026 18:32:55…

22 րոպե ago

Ուժեղ երկրաշարժ՝ Միացյալ Նահանգներում

Ուժեղ երկրաշարժ՝ Միացյալ Նահանգներում Tue, 14 Apr 2026 18:30:51 +0400 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է…

24 րոպե ago

Նոր հարված Փաշինյանի «դրամապանակներին»

Նոր հարված Փաշինյանի «դրամապանակներին» Tue, 14 Apr 2026 18:15:20 +0400 Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի…

40 րոպե ago

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստանի» անդամ Վերժինե Ստեփանյանը

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստանի» անդամ Վերժինե Ստեփանյանը Tue, 14 Apr 2026 18:12:53 +0400…

42 րոպե ago

Սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքն է․ Գոհար Մելոյան

Սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքն է․ Գոհար Մելոյան Tue, 14 Apr 2026 18:12:11 +0400 Latest…

43 րոպե ago