Սահյանը լռության ձայնն է․․․

Սահյանը լռության ձայնն է․․․

Tue, 14 Apr 2026 16:15:49 +0400


Օրն այսօր սահյանոտ է։ Նրա ծննդյան օրն է։ Մտածում եմ՝ նրան քիչ թե շատ ճանաչողները ի՞նչ կասեն նրա էության մասին։ Ընդամենը երկու անգամ եմ նրան հանդիպել։ Շատ ջահել էի՝ նրա ասածները խորապես ընկալելու, զգալու համար։ Բայց մի բան տպավորվել է իմ մեջ։ Չխոսկան էր, շատ քիչ խոսող։ Երբ մարդ քիչ է խոսում, ու գիտես, որ նա բոլորից լավ է հասկանում, բայց լռում է, խորը ակնածանք ես զգում։

Սահյանը լռության ձայնն է։ Հաճախ էր Երևանից փախչում ու հայրենի գյուղում լինում։ Երբ նրան հարցնում են՝ ինչու է այդքան հաճախ գյուղ գնում, պատասխանում է․
«Երևանում ինձ լսում են, բայց գյուղում՝ ես եմ լսում»։
Ու զարմանալի չէ, որ նրա համագյուղացին պատմում է, որ երբ Սահյանի հետ քայլում էին Սյունիքի լեռներով, ճանապարհին կանգ է առնում մի մեծ քարի մոտ։ Մի պահ լռում է, ձեռքը դնում քարին ու ասում․
«Սա ինձ ճանաչում է»։

Ընկերը ծիծաղում է՝ կարծելով կատակ է։ Բայց Սահյանը լուրջ շարունակում է․
«Ես սրան փոքրուց եմ տեսել… սա իմ մանկությունն է պահում»։
Նրա համար հայրենիքը բառ չէր՝ հիշողություն էր, պատմություն։

Նրա մտերիմներից մեկը պատմում է, որ Սահյանը զգուշանում էր այն մարդկանցից, ովքեր չափազանց բարձրաձայն էին խոսում հայրենասիրությունից՝ հատկապես պաշտոնական հարթակներում։ Մի անգամ, նման խոսքից հետո, նա կողքինին շշնջացել է․ «Շատ բարձր սիրուց հողը չի տաքանում»։ Նրա ձևը ուրիշ էր՝ լուռ, խոր, երբեմն շրջանցող, բայց միշտ՝ ճշմարիտ իր ներսում։
Մի հուշում պատմվում է, որ գրողների հավաքներից մեկում մի երիտասարդ հեղինակ չափազանց բարձրագոչ ու ինքնավստահ խոսում էր իր «մեծ հայրենասիրության» մասին։ Բոլորը փորձում էին քաղաքավարի լսել։ Սահյանը երկար լռում է, հետո հանկարծ ասում․
«Քո խոսքից հայրենիքը շատացավ, թե՞ պակասեց»։

Դա շատ ուղիղ էր։ Հետո, ասում են, Սահյանը մոտեցել է այդ նույն երիտասարդին առանձին ու ավելի մեղմ խորհուրդ տվել՝ ավելի շատ կարդալ, ավելի քիչ հայտարարություններ անել։

Այո, նա լուռ մարդ էր, ու դա վկայում են բազում հուշերը։ Պատմում են, որ Սահյանն ու Սևակը հաճախ չէին բանավիճում, բայց իրար շատ լավ էին հասկանում։ Մի գրական հանդիպման ժամանակ Սևակը կարդում է մի սուր, համարձակ բանաստեղծություն։
Դահլիճում լարվածություն է առաջանում։ Շատերը խուսափում են արձագանքել։

Սահյանը մոտենում է Սևակին, սեղմում նրա ձեռքը ու ասում․ «Դու ասացիր այն, ինչ ես չէի կարող ասել»։ Սևակը ժպտում է ու պատասխանում․ «Դու ասում ես այնպես, որ ավելի երկար է մնում»։
Խոսքը Սահյանի մոտ ոսկու պես զտվում ու միշտ փայլում էր։
Սահյանը նուրբ հումոր ուներ։ Երբ նրան հարցնում են՝ ինչու են իր բանաստեղծությունները կարճ ու «պարզ» թվում, Սահյանը կեսկատակ ասում է․
«Ես վախենում եմ, որ երկար խոսողը վերջում ինքն իրեն չի լսում»։
Մի անգամ շատախոս բանաստեղծը փորձում է համոզել Սահյանին, որ «լռությունը պասիվություն է»։ Սահյանը երկար նայում է ու ասում․
«Եթե լռությունը պասիվություն լիներ, սարերը կփլվեին»։
Ակամայից հիշում եմ մեր ժողովրդին, ում շատ հաճախ ասում են՝ պասիվ է։ Լռությունը պասիվություն չէ։ «Եթե լռությունը պասիվություն լիներ, սարերը կփլվեին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդբեջանի նկատմամբ վերաբերմունքը բացասական է․ հարցում՝ Ուկրաինայում

Արդբեջանի նկատմամբ վերաբերմունքը բացասական է․ հարցում՝ Ուկրաինայում Mon, 20 Apr 2026 15:30:11 +0400 Ուկրաինայում անցկացված…

11 րոպե ago

Ուղիղ․ «Միասնության թեւեր» կուսակցությունն ամփոփում է համագումարի արդյունքները եւ հանդես է գալիս քաղաքական ուղերձներով

Ուղիղ․ «Միասնության թեւեր» կուսակցությունն ամփոփում է համագումարի արդյունքները եւ հանդես է գալիս քաղաքական ուղերձներով Mon,…

17 րոպե ago

Օրակարգ թելադրելու համար պետք է լաչառ Նիկոլ լինեն

Օրակարգ թելադրելու համար պետք է լաչառ Նիկոլ լինեն Mon, 20 Apr 2026 15:15:13 +0400 Մի…

26 րոպե ago

Կմասնակցի՞ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլին․ հայտարարություն

Կմասնակցի՞ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլին․ հայտարարություն Mon, 20 Apr 2026 15:00:51 +0400 Իրանի…

40 րոպե ago

Այդ պատմությունն ինձ վրա մեծ տպավորություն էր թողել

Այդ պատմությունն ինձ վրա մեծ տպավորություն էր թողել Mon, 20 Apr 2026 14:53:48 +0400 Արտաշատում…

47 րոպե ago

Մեր ժողովուրդը հո ֆոկուսնիկ չի, ամսական 30 հազար դրամով ապրի

Մեր ժողովուրդը հո ֆոկուսնիկ չի, ամսական 30 հազար դրամով ապրի Mon, 20 Apr 2026 14:48:04…

53 րոպե ago