«Հրապարակ». Խնդիրն այն է, որ չարժեքը հարձակվել է արժեքների վրա

«Հրապարակ». Խնդիրն այն է, որ չարժեքը հարձակվել է արժեքների վրա

Wed, 15 Apr 2026 12:45:09 +0400


Հարցազրույց երգիչ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ Մրոյի (Արսեն Գրիգորյան) հետ

– Անդրադառնանք հոգեւորի, մշակույթի կարեւորությանը՝ մշակույթը ձե՞ւ է, թե՞ բովանդակություն եւ անհրաժեշտություն: Հեռու չգնալու համար՝ Ձեր գործունեության օրինակով:

– Ես իմ կյանքում ինչ արել եմ, անհրաժեշտությունից ելնելով եմ արել: Այդպես 1987-ին Սիրիայից վերադարձել եմ Հայաստան, հաջորդ տարի արդեն մասնակցել եմ Արցախյան շարժմանը: Ես Սիրիայում սիրել եմ Հայաստանը՝ չճանաչելով, այդ սերն ինձ բերեց Հայաստան, որպեսզի ճանաչեմ: Ես ունեմ երկու վարպետ` Հովհաննես Բադալյանը եւ Հայրիկ Մուրադյանը, ինչպես երգարվեստում, այնպես էլ կյանքում: Այդպես սկսեցի մեր ավանդական եւ աշուղական երգերից, նաեւ մեր կոմպոզիտորների երգարվեստից ժամանակակից մշակումներ անել, որպեսզի երիտասարդությունը կարողանա նորովի մատուցել դրանք, որոնք այնքան էլ տարածված չէին: Եվ 1996թ. հրատարակեցի «Մրո» ալբոմը, որտեղ Հայաստանի տարբեր տարածքները ներկայացնող երգեր են զետեղված` նոր գործիքավորմամբ եւ ժամանակի շնչով, սակայն չվնասելով երգի բուն էությունը: Այդպես` անհրաժեշտությունից ելնելով, 2014թ. հիմնեցի «Գութան» հայ ազգագրական երգի-պարի փառատոնը: Եվ այսօր «Գութան»-ին մասնակցում են արդեն 22-23 ազգագրական խմբեր Հայաստանից ու սփյուռքից` ներկայացնելով ամբողջ Հայաստանի մշակութային քարտեզը: Այդպես 2017թ. ստեղծեցի «Արար» հայ արվեստի պահպանման կենտրոնը, որի նպատակն է ոչ մշակութային ժառանգությունը պահպանելը եւ տարածելը: Բերդավանից ենք սկսել, եթե սկզբում ունեինք 2-3, ապա այսօր ունենք արդեն 23 կենտրոն, որոնք տարածված են Հայաստանի 9 մարզում, եւ դրանցից օգտվում են 48 բնակավայրի երեխաներ ու մեծեր՝ անվճար: Մի տեղ սովորեցնում ենք խաչքարագործություն, մի տեղ` ասեղնագործություն, մեկ այլ տեղ` կարպետագործություն, դարբնություն, փայտի գեղարվեստական մշակում, խեցեգործություն եւ ազգային արվեստի այլ ճյուղեր: Մենք այս 9 տարվա ընթացքում ունեցել ենք 10 հազար շահառու: Այս պահին ունենք 1083 երեխա եւ մեծ: Ինչո՞ւ անվճար՝ որովհետեւ ես հավատում եմ, որ սա զինվորագրում է, իսկ զինվորից գումար վերցնելը մեղք է:

– Եկանք հասանք մի ժամանակի, երբ ներսից վտանգված են մեր հոգեւոր կյանքը, մշակութային տարածքը, ինքնությունը: Ամեն օր, որպես պետական քաղաքականություն, քարոզվում է հրաժարվել, ուրանալ, մոռանալ պատմությունը, արժեքները, սրբությունները: Այդ թվում է նաեւ տասնամյակների Ձեր գործունեությունը: Դուք սխա՞լ ճանապարհ եք անցել:

– Պատերազմ է հայտարարված մեր ինքնության դեմ եւ շարունակվում է: Ինքնության պաշտպանությունը յուրաքանչյուրիս ամենօրյա պարտքն է: Այո, հասել ենք այնպիսի ժամանակի, որ ինքնության դեմ է պատերազմը: Իսկ «իրական Հայաստան, ոչ իրական Հայաստան»՝ շինծու, արհեստածին հասկացություն է: Ես իմ հայրենիքի տերն եմ, իմ պետականության տերն եմ. մեկը մյուսին չի հակասում: Եթե ես դրանք դնում եմ հակադրության մեջ, ապա առաջին հերթին հրաժարվում եմ իմ ինքնությունից, ոչ թե տարածքից. այստեղ տարածքի խնդիր չկա: Մենք միշտ ասում ենք` մեր ֆիզիկական խրամատները պահենք, իսկ մեր հոգեւոր եւ մշակութային խրամա՞տը ոնց ենք պահելու: Դրա մասին ո՞վ է մտածելու: Մոռանալը թուրքական թեզ է, որը հատուկ օրակարգով տարածվում է հայ հասարակության մեջ, եւ շատերը, չգիտակցելով դա, խաբված, մոլորված են, ասելով` լավ, միայն թե հանգիստ ապրենք: Հանգիստ ապրելն առանց արժանապատվության` անիմաստ է: Եթե մտածենք միայն հանգիստ ապրելու մասին, կարող ենք գնալ Ավստրալիա, Շվեդիա, եւ գնում են: Բայց ես եկա եւ մնում եմ: Որովհետեւ ուզում եմ տեր կանգնել իմ արժանապատվությանը:

– Բայց այդ արժանապատվության սյուները հերթով ընկնում են, որոնք մեր ինքնության առաստաղն են պահում: Դուք տեսնո՞ւմ եք այդ կորստյան վտանգը:

– Անշուշտ, տեսնում եմ: Մեր ինքնության կարեւոր բաղադրիչ դարձած Առաքելական սուրբ եկեղեցին հարձակման տակ է: Եվ ո՞վ է պաշտպանելու: Այսինքն, մենք այսօր մեր Եկեղեցու հանդեպ դառնում ենք ուրացող: Դարեր շարունակ չունենալով պետական համակարգ՝ մեր Եկեղեցին մեզ պահել է մեր ինքնության մեջ, տեր է կանգնել եւ այն հասցրել է մեզ: Եվ այսօր հարձակվել այդ Եկեղեցու վրա, մարդկային առումով առնվազն ուրանալ է: Նույնիսկ խորհրդային տարիներին, որ աթեիստական համակարգ էր, այս ձեւով չէին կպնում ինքնությանը: Ճիշտ է, եկեղեցիներ են քանդել, բայց ժողովրդի հոգու եկեղեցուն չեն կպել:

– Իսկ ինչպե՞ս են վարվում ցեղասպանության հիշողության հետ. Դուք մազապուրծի ժառանգ եք: Արդյո՞ք մոռացումը չի նշանակում արժանապատվությունից զուրկ լինել, երբ ցեղասպանողը չի զղջացել, ներողություն չի խնդրել, իսկ մենք գրկաբաց գնում ենք դեպի իրեն: Կանաչ լույս չե՞նք վառում` նույնը կրկնելու, ինչպես Արցախում:

– Ցեղասպանության հետ վարվում են այնպես, ինչպես թուրքը կվարվեր: Այսօր այս իշխանությունն այնպես է վարվում, ինչպես թուրքը կուզենար, բայց չէր կարողանա: Երբ մարդը հրաժարվում է իր իրավունքներից, չի պայքարում, շատերս նայում ենք նրան եւ համարում, որ արժանապատվության հետ խնդիր ունի: Ես վստահ եմ, որ իրենք չեն կարողանալու մոռացնել կամ ջնջել պատմական հիշողությունը: Այստեղ խոսքն ազգային եւ հավաքական իրավունքների մասին է. հավաքական խնդիր կա, ոչ միայն անձնական: Այսինքն՝ ո՞վ ես դու, որ որոշես, որ մենք պետք է հրաժարվենք այդ իրավունքի համար պայքարելուց: Ո՞վ ես. այսօր տնօրեն ես, վաղը տնօրեն չես: Խնդիրն այն չէ, որ մենք այսօր ունենք անհաջող իշխանություն, խնդիրն այն է, որ մենք մեր իշխանությունը չունենք: Եվ խնդիրն այն չէ, որ արժեքների բախում է այսօր այստեղ, խնդիրն այն է, որ չարժեքը հարձակվել է արժեքների վրա: Այսինքն, չարժեքն ուզում է մեր բոլոր արժեքները ոչնչացնել, որ մենք առանց արժեքների ապրենք եւ դոնդողի նման այս ու այն կողմ անենք: Դրա համար յուրաքանչյուրիս դերը շատ կարեւոր է: Ինչո՞ւ են մարդիկ մեր չակերտավոր մտավորականների մասին վերապահումով արտահայտվում՝ որովհետեւ մտավորականի ցուցիչը պայքարելն է: Մտավորականն այն չէ, որ մի քանի գիրք է կարդացել, մեկ կամ մի քանի համալսարան է ավարտել եւ դարձել է գրող, կոմպոզիտոր կամ մեծանուն բժիշկ, լեզուներ գիտի, բայց չի պայքարում: Եթե չի պայքարում, ինքը չի կարող լինել մտավորական: Մտավորականը նա է, որն ընդհանրական շահի համար է պայքարում, ոչ թե անձնական: Եվ մեր խնդիրը հենց այստեղ է: Շատերն իրենց մի կողմ են քաշել, ասում են, թե սա աշխարհաքաղաքական խնդիր է, մենք ի՞նչ կարող ենք անել: Ո՞նց թե` ինչ կարող եմ անել: Այդքան արժեքներ է ստեղծել իմ ժողովուրդը, եթե այդպես չմտածեմ, չպահպանեմ մեր ինքնությունն ու իրավունքները, ուրեմն խնդիր ունեմ, պետականություն ունենալու արժանի չեմ ես:

– Դուք Սիրիայից եք տեղափոխվել Հայաստան: Այսօր սփյուռքի եւ հայրենիքի միջեւ անջրպետ կա, կարծես: Չե՞ք կարծում, որ սա նույնպես մեր ինքնության առաստաղը պահող սյուներից մեկի անկումն է:

– Պետության քաղաքականության եւ ռազմավարության մեջ կարեւոր դեր պետք է ունենար հայրենադարձությունը, որի շնորհիվ մենք կամրացնեինք մեր պետությունը: Սա իմ պատկերացումը եւ տեսլականն է, որովհետեւ դու մարդուժ կարող ես բերել, գիտուժ եւ ֆինանս: Եվ մենք այսօր այստեղ կլինեինք 7 կամ 5 միլիոն հայեր: Տալով արտոնություններ` հարկերի եւ այլնի տեսքով, քաջալերելով, խրախուսելով հայրենադարձությունը` նոր թաղամասեր կկառուցվեին եւ քաղաքներ: Էլի սփյուռքը մնալու էր, բայց կունենայինք հզորացած Հայաստան` հայերով: Բայց մենք չգնացինք այդ ճանապարհով: Հենց սկզբից պետք է լիներ ոչ թե սփյուռքի նախարարություն, այլ՝ հայրենադարձության նախարարություն: Եղել են տարբեր ծրագրեր, բայց ո՛չ ռազմավարություն: Եվ այսօր մենք հասանք ինչի՞ն, նույնիսկ այդ նախարարությունը չկա: Սա էլ է ինքնության դեմ հարված: Ես առանձնապես քաղաքական միտք չունեմ եւ խոսույթ չունեմ, բայց, իմ պատկերացմամբ, այսօր ամբողջը պտտվում է ինքնության թուլացման եւ ոչնչացման ծրագրի շուրջ:

– Եկավ մի սերունդ, որն Արցախն ազատագրեց, եւ եկավ մի սերունդ, որն Արցախը հանձնեց: Այսինքն, հայրերն ազատագրեցին, որդիները հանձնեցին: Հերոսներից դավաճաննե՞ր ծնվեցին:

– Մենք ինչո՞ւ ենք ասում՝ մութ ու ցուրտ տարիներ, ինչո՞ւ երբեք չենք ասել` հաղթանակի տարիներ: Ինչո՞ւ չամրագրեցինք մեր հաղթանակը: Մենք չկարողացանք մեր հաղթանակին տեր կանգնել եւ մսխեցինք: Մենք ի՞նչ արեցինք: Պատմության մեջ եկանք մի տեղ, որ այդ ցեղասպանված, խեղճացած, ցիրուցան եղած ժողովուրդը փորձեց պատմական արդարությունը վերականգնել` Արցախն ազատագրելով, միավորվել, միասնական լինել` Հայաստան եւ սփյուռք: Բայց մենք այսօր հասանք մի հանգրվանի, որ քո ինքնությունը թուլացնում են` հաղթողից վերածելով պարտվողի: Եվ այդ արվում է դրսի ուժերի թելադրանքով ու միջամտությամբ: Մեր թշնամիները կերազեին այն վիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք այսօր: Ես չեմ մեղադրում ամբողջ ժողովրդին, բայց գտնում եմ, որ կա մի հատված, որը մոլորության մեջ է: Մենք չպետք է իրենց հայհոյենք, պետք է հնարավորություն տանք: Եվ մենք, հատկապես արվեստագետները, մշակույթի մարդիկ, որ համարվում են մի քիչ վեր կանգնած, պետք է սեր տարածեն, աստվածային սեր: Այնպես, որ մարդիկ մտածեն՝ եթե ատելություն կա իրենց մեջ, ուրեմն նշանակում է, որ Աստծուց հեռացել են:

– Այս ընթացքով ո՞ւր ենք գնում, արդյո՞ք ճիշտ ենք գնում, եթե սխալ ենք գնում, ապա ի՞նչ պետք է անենք, որ կայուն հանգրվանի հասնենք, կամ գուցե հասե՞լ ենք, եւ սա՞ է ճիշտ ընթացքը:

– Մեզ անհրաժեշտ է, անկախ ամեն ինչից, ունենալ ազգային իշխանություն: Շատերն սկսում են փիլիսոփայել, թե ինչ է նշանակում ազգային իշխանություն: Այդտեղ փիլիսոփայելու բան չկա: Կա ինքնություն, մենք ունենք մեր ինքնությունը, Աստված մեզ ստեղծել է այսպես: Եվ մեր պետությունը, որպես համակարգ, պետք է տեր կանգնի մեր ինքնությանը: Այսինքն, պետության մեջ պետք է ազգային շահի եւ պետական շահի գերակայություն լինի: Պետք է ունենանք արժանապատիվ կյանք հենց այստեղ, հակառակ դեպքում կարող ենք ցանկացած տեղ ապրել: Պետք է պետությունը սիրել եւ ժողովրդին սիրել: Մենք այդ խնդիրն ունենք: Այս իշխանությունն արդեն մեզ չի սիրում, ոչ էլ պետությունն է սիրում: Ո՞վ է հեշտությամբ ասում` դե լավ, որ թշնամին մտել է մեր սահմաններից ներս, ոչինչ՝ միայն չսիրողը: Ո՞վ է հեշտությամբ ասում` այս հոգեւորականներն այսպես, այնպես, ո՞վ է այդ տոնով խոսում՝ չսիրողը: Ո՞վ է մուննաթ գալիս ժողովրդի վրա՝ չսիրողը: Սեր է պետք, ամեն ինչի բանալին սիրո մեջ է: Պետք է ունենանք իշխանություն՝ ազգային մտածողությամբ, ազգային հավատամքով: Եվ այնպես պետք է համակարգվի, որ պետության մեջ յուրաքանչյուր ոլորտ աշխատի նպատակային, լինի նպատակի ձեւավորում, որը հիմա չկա: Բայց ես մեծ հույս ունեմ, կարծում եմ, որ հնարավորությունը մոտեցել է: Պետք է պետությունը միշտ ամրանա եւ հնարավորության սպասի, նույնն էլ մենք` պետության ամրացման համար պետք է անընդհատ աշխատենք եւ հնարավորության սպասենք: Եվ այդ հնարավորությունն այսօր արդեն եկել է: Հայաստանը սիրել է պետք, եւ ինքդ քեզ պետք է սիրես, քո ինքնությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ասելու են` ոչ մի արտառոց բան չի եղել և անցնելու են առաջ

«Հրապարակ». Ասելու են` ոչ մի արտառոց բան չի եղել և անցնելու են առաջ Sat, 03…

16 րոպե ago

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը Sat, 03 Oct 2026 09:00:46 +0400 Երբ պետական կառույցները, իշխանությունը դադարում…

31 րոպե ago

«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին Sat, 03 Oct 2026 08:45:00…

47 րոպե ago

«Հրապարակ»․ 22 ուսուցիչներ կպարգեւատրվեն

«Հրապարակ»․ 22 ուսուցիչներ կպարգեւատրվեն Sat, 03 Oct 2026 08:35:28 +0400 Տեղեկացանք, որ ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցիչների…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո

«Հրապարակ»․ Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո Sat, 03 Oct 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով

«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով Sat, 03 Oct 2026 08:25:35 +0400 Սեպտեմբերի…

1 ժամ ago