Փոքրամասնության հաղթանակը՝ մեծամասնության լռության հաշվին
Thu, 16 Apr 2026 17:15:53 +0400
Արտաքին աջակցությունը որեւէ ընտրություններում կարող է հետաքրքիր, անգամ կարեւոր համարվել, բայց երբեք դա վճռորոշ չէ։ Ամենամեծ մոլորությունը, որ ժամանակ առ ժամանակ լսում ենք, այն է, թե արտաքին աշխարհում ինչ-որ տեղ կայացվում են որոշումներ․ այդպես չգիտես որտեղ եւ ինչպես որոշվեց, օրինակ, որ 2018-ին Փաշինյանը պետք է դառնա վարչապետ։ Նույն «գիտունները» պնդում են, թե հիմա էլ իբր ինչ-որ անհայտ մեկն ինչ-որ տեղ, հայտնի չէ՝ որտեղ, արդեն աջակցում է նրա՝ ձախողված կառավարումը շարունակելուն։
Սա մոլորություն է, բոլոր դավադրապաշտական տեսություններից, թերեւս, ամենավտանգավորը, քանի որ մարդկանցից հոգեբանորեն խլում է որոշում կայացնելու հույսը ու մի ստվար զանգվածի մատնում անգործության։ Ջարդենք այդ միֆը։ Իրականում ոչ ոք ոչինչ չի որոշում մեր փոխարեն․ միակ որոշողն ընտրողն է, որը կարող է իր հստակ, մեծամասնական ձայնով հաղթել ցանկացած աջակցողի։ Ձայն բազմաց՝ ձայն Աստծո․․․ Բնակչության մեծամասնության եւ ոչ թե միայն ընտրությանը մասնակցողների մեջ մեծամասնության ձայնն է կարեւորը։
Եվ այսպես՝ ովքեր են ուղղակի կամ անուղղակի արդեն հայտնել իրենց աջակցությունը Փաշինյանին կամ նրա կողմից վարվող քաղաքականությանը։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ «նիկոլական» կողմնորոշում ունի Ադրբեջանը, որտեղ երկրի ղեկավարից սկսած՝ բլոգերներով վերջացրած, գոհ են․ «Նիկոլի թվին» ե՛ւ հաղթանակ ունեցան, ե՛ւ հարգանք-պատիվ, հայերի կողմից մուրացվող բարեկամություն տեսան։ Գովերգում են ՔՊ-ին ու Փաշինյանին, երգեր ձոնում, իմաստնությունը փառաբանում, երկար կյանք եւ ավելի երկար կառավարում մաղթում։
Թուրքիան նույնպես «նիկոլական» կողմնորոշում ունի, չի թաքցնում, շատ ուղղակի խոսում է այդ մասին։ Զարմանալի չէ։ Նախկինում դեռ ոչ մի հայ Էրդողանի գիրքը թեւի տակ՝ լայնաժպիտ նկար չէր հրապարակել եւ ցեղասպանության վերաբերյալ տարօրինակ մտքեր չէր դրել շրջանառության մեջ։ Այնպես որ, իր կյանքում շատ բան տեսած Էրդողանը դեռ հույս ունի, որ հայերն իրեն կարող են ավելի զարմացնել։ Եվ վերջապես՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսը եւս տրամադրված է շարունակել բարեկամական ժեստերի փոխանակումը Փաշինյանի հետ։
Հյուսիսում․ Վլադիմիր Պուտինը, ելնելով վերջին խոսակցությունից, «ՔՊ-ական» չէ։ Ստացվում է՝ այնուամենայնիվ, դավադրապաշտական տեսության համաձայն, Փաշինյանի գործերը վատ չեն․ ինչպես ասում են՝ կան կարեւոր աջակիցներ։ Բայց արդեն կա նաեւ հստակ ազդակ՝ աշխարհից եկող, որ դրսում աջակից ունենալը զուտ հոգեբանական առավելություն է՝ ոչ ավելին․ ամեն ինչ որոշում է ընտրողը, երբ իր քվեն տալիս է նախընտրած թեկնածուին։
Հունգարիայում ապրիլի 12-ի ընտրություններում պարտվեց 16 տարի կառավարած Օրբանը, որը դրսից, ամենատարբեր ճամբարներից աջակիցներ ուներ։ Իհարկե, նաեւ ուներ չուզողներ՝ էլի հզորներից, բայց որոշումը կայացրեց հունգարացի ընտրողը, որն այդ օրը միահամուռ չմնաց տանը։ Հունգարացիները՝ գրեթե 80 տոկոս մասնակցությամբ, փոփոխություն պահանջող ու իրենց մերժող հստակ քվեն տվեցին Օրբանի մրցակցին։ Որեւէ երկրում, եթե ընտրողների 80 տոկոսը գնա ընտրատեղամաս, ոչ մի արտաքին ուժ ազդեցություն ունենալ չի կարող։ Համախմբված ընտրողի խոսքը կդառնա վերջինն ու վճռորոշը՝ ցանկացած երկրում, անկախ արտաքին աջակիցների կամքից։
Հիմա պատկերացնենք, որ Հայաստանում ընտրողների 80 տոկոսը մասնակցի ընտրությանը։ Հնարավո՞ր է այդ պայմաններում իշխանության վերարտադրություն։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ մեր հանրության 80 տոկոսը կողմ է վարվող քաղաքականությանը՝ որ 80 տոկոսի համար կարեւոր է թոշակի ավելացած 10 հազարը, բայց կարեւոր չեն մեր ազգային իղձերը, մեր հաղթանակներն ու կորուստները, մեր արժանապատվությունը։ Կարեւոր չեն մեր Եկեղեցին ու հավատը։ Կարելի՞ է հավատալ, որ հանրության 80 տոկոսը գոհ է, որ Արցախը կորցրել ենք, ու դժգոհ չէ, որ այսօր պաշտոնյաներին արգելված է անգամ «Արցախ» բառն արտասանել։ Երջանի՞կ են, որ այդ «թոկից» ազատվեցին, ու դժբախտ չե՞ն, որ հազարավոր երիտասարդներ հայրենիքի պաշտպանության համար զոհեցին իրենց երիտասարդ կյանքը, եւ բարկացած չե՞ն, որ դա համարվեց սխալ զոհողություն, ի սկզբանե՝ սխալ հայրենասիրություն։ 80 տոկոսը համաձա՞յն է, որ մեր հայրենասիրությունը Ստալինի մտածածն է, եւ ի սկզբանե Արցախն Ադրբեջան էր։ Գուցե կան մարդիկ, որոնք կարող են աբսուրդային այս մտքերին ու ամոթալի այս թեզերին հավանություն տալ, բայց, վստահաբար, նրանք մեծամասնություն չեն հանրության մեջ՝ 80 տոկոսը չեն, անգամ 20 տոկոսն էլ չեն կազմի։
Բնականաբար, իշխող ուժը հաղթանակի հույս կարող է ունենալ միայն ընտրություններում ցածր մասնակցության պայմաններում, քանի որ հնար կգտնի իրեն աջակցող փոքրամասնությանը տանել ընտրատեղամաս։ Իշխող ուժի ամբարտավան խոսելաոճին ու ապիկար գործելաոճին հավանություն տվող մի քանի տոկոս հանրությունը կկարողանա իր ճաշակը պարտադրել մեծամասնությանը, եթե մեծամասնությունը չգնա ընտրատեղամաս։ Հիշենք Երեւանի ընտրությունները․ միլիոնանոց մայրաքաղաքում՝ քաղաքապետ ընտրված մարդը ստացել է 70-75 հազար քվե։ Միլիոնի մեջ 75 հազարը դարձել են մեծամասնություն, քանի որ մյուսները չգնացին ընտրության, որովհետեւ թեկնածուներից ոչ մեկին չուզեցին ընտրել, իսկ գործող ուժի կողմնակիցները գնացին ու հաղթեցին դժգոհության եւ հուսահատության մեջ պարփակված, բացակա մեծամասնությանը։
Եվ, ուրեմն, պետք է գնալ ընտրության, պետք է կրկնել ոչ թե Երեւանի ավագանու ընտրությունների պարտվողական տարբերակը, այլ ոգեշնչվել Հունգարիայի մեծամասնության հաղթանակի օրինակով։