«Հրապարակ»․ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, քանի որ Հայաստանը մեր՝ բոլորիս երկիրն էՄենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, քանի որ Հայաստանը մեր՝ բոլորիս երկիրն է

«Հրապարակ»․ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, քանի որ Հայաստանը մեր՝ բոլորիս երկիրն էՄենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, քանի որ Հայաստանը մեր՝ բոլորիս երկիրն է

Fri, 17 Apr 2026 10:45:13 +0400


«Հրապարակի» զրուցակիցն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն է։

– Ապրիլի 8-ին կայացավ «Ուժեղ Հայաստան»-ի համագումարը, 12-ին՝ հանրահավաքը։ Թեկնածուների ցանկն արդեն հրապարակվել է, ասվել է, որ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, չնայած սահմանադրական արգելքներին։ Նա վերջին 4 տարին ՀՀ-ում մշտապես չի բնակվել, երկքաղաքացի է։ Իշխանությունն էլ հապճեպ փոփոխություններ արեց ԸՕ-ում, ջղաձիգ «արշավ» է սկսել, ինչպե՞ս եք դրա դեմ պայքարելու։

– Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետ, եւ բոլոր տեխնիկական հարցերը մի քանի օրում լուծվելու են: Այն, ինչին մենք այսօր ականատես ենք, ցավոք, իրավական գործընթացների քաղաքականացում է։ Ոչ մի իրավական երկրում ընտրություններից կարճ ժամանակ առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ չեն կատարվում։ Այդ մասին կա նաեւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը։ Իշխանությունների նպատակն է՝ ստեղծել արհեստական խոչընդոտներ, որը հարված է հասցնում ոչ միայն առանձին թեկնածուի, այլեւ ամբողջ ընտրական համակարգի վստահելիությանը։ ՀՀ վարչապետը դեռ 2018-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում իր համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար փոխել ԸՕ-ն, բայց, ցավոք, այս անգամ եւս ականատես եղանք պարզ ճշմարտության, որ նա սեփական աթոռը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, խոստումները դրժելուց մինչեւ թշնամի երկրի օրակարգով աշխատել։ Մեր քայլերը լինելու են հստակ։ Ոչ մի օրենսդրական փոփոխություն չի կարող կանգնեցնել ժողովրդի կամքը եւ նրա կամարտահայտման իրավունքը։ Գործելով բացառապես օրենսդրական դաշտում՝ մենք շարունակելու ենք պայքարը՝ ուժեղ Հայաստան կերտելու համար, եւ մեզ դա վստահաբար հաջողվելու է, քանի որ այն ոչ թե՝ ինչպես հիմա թշնամու օրակարգը սպասարկելու, այլ հայի ու Հայաստանի պատիվն ու արժանապատվությունը, տնտեսական զարգացումը, անվտանգությունը, մեր ինքնիշխանությունը պահելու մասին է։ Վստահ ենք, որ չնայած իշխանության ջղաձգումներին ունենալու ենք բացարձակ հաղթանակ, եւ փոփոխություններ են լինելու Սամվել Կարապետյանի հետ։

– Փաշինյանը վախենում է, ուստի թիրախավորում է «Ուժեղ Հայաստանին» եւ նրա առաջնորդին՝ նրա լուսանկարների հետ էին «կռվում», հետո ընտրացուցակում նրա անվան առկայության դեմ կատաղի պայքար մղեցին։

– Քաղաքական գործընթացը պետք է կառուցված լինի ծրագրերի, գաղափարների եւ, որ ամենակարեւորն է՝ վստահության վրա։ Փաշինյանն առաջնորդվում է բացառապես վախերով, ու դա թույլ մարդուն բնորոշ հատկանիշ է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն իր կյանքով ապացուցել է իր՝ մեծանուն հայ, բարերար, գործարար լինելը, որը չի կարող դուր գալ մի իշխանության, որը սպասարկում է թշնամի երկրի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը վաղուց իրավունք չունի հայ ժողովրդի անունից խոսելու, ժողովուրդն ուզում է ուժեղ առաջնորդ, որ իր անցած ճանապարհով, իր միջազգային կապերով, հմտություններով ու կարողություններով Հայաստանին կբերի ուժեղ անվտանգություն, ուժեղ տնտեսություն եւ, որ ամենակարեւորն է՝ ուժեղ դիվանագիտության շնորհիվ երաշխավորված խաղաղություն։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական վիճակը, Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ։ Ինչքան էլ նրանք կռիվ տան Սամվել Կարապետյանի նկարների հետ, ինչքան էլ հաշտ չլինեն ժողովրդի կամքի հետ, պետք է համակերպվեն այն մտքին, որ Հայաստանը հունիսի 8-ից ունենալու է նոր իշխանություն, եւ ՀՀ հաջորդ վարչապետի անունն է Սամվել Կարապետյան։

– Ապրիլի 12-ի հանրահավաքի ելույթում Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանին արժանապատիվ փոփոխություններ են պետք, եւ ազգն ու պետությունը խայտառակող փոքրիկ խմբակը պետք է հեռացվի։ Պատրա՞ստ եք վճռական պայքարի, եթե նույնիսկ պարտվեք ընտրություններում։

– Այն փոփոխությունները, որոնք բերելու է «Ուժեղ Հայաստանը», լինելու են տեսանելի եւ շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անվտանգություն, տնտեսություն, արդարություն, միասնություն, կյանքի մակարդակի իրական բարձրացում, որին սպասում է յուրաքանչյուր հայ մարդ։ Նախ՝ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, եթե-ներ չկան։ Երկրորդ․ ցանկացած սցենարի պատրաստ ենք, քանի որ Հայաստանը մեր՝ բոլորիս երկիրն է, եւ այն առավել, քան երբեւէ, ունի մեր օգնության կարիքը։ Մենք երկիրը պետք է դուրս բերենք այս աղետալի վիճակից, եւ դա կարող է անել Սամվել Կարապետյանը։ Նա է բերելու ժողովրդին այդքան ցանկալի փոփոխությունները։ Նա վերականգնելու է ժողովրդավարությունը, պաշտպանելու է մարդու իրավունքները, էապես բարելավելու է ՀՀ քաղաքացու կյանքը։

– Հայաստանի սոցիալ-տնտեսական վատ վիճակի, գործա­զրկության, աղքատության, արտագաղթի դեմ ձեր քաղաքական թիմն ինչպե՞ս է պայքարելու, ձեր նախընտրական ծրագրերը բավականին հավակնոտ են։

– Այո, ունենք շատ հստակ անվտանգային ու տնտեսական ծրագիր։ Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը լավացնելու են ժողովրդի կյանքը։ 1-ին․ 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում՝ շեշտը դրել ենք մարզերի վրա։ Գիտե՞ք, որ մեր երկրում գործազրկության իրական մակարդակը բարձր է պաշտոնական տվյալներից․ մոտ 500 հազար մարդ չունի արժանապատիվ աշխատանք, եւ դա հանգեցնում է աղքատության, որը հաղթահարվում է աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Մենք առաջարկում ենք այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը, մի կողմից, ուղղված կլինի ներմուծման կրճատմանը, մյուս կողմից՝ արտահանման ծավալների ավելացմանը։ Ստեղծելու ենք ձուլարաններ, գործարաններ, մթերման կայաններ եւ այլն։ 2-րդ․ 0% հարկ ենք սահմանելու փոքր բիզնեսի համար։ Այն ձեռնարկությունների, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 100 մլն դրամը։ Դրանք են՝ վարսավիրանոցները, սրահները, կոսﬔտոլոգիական եւ գեղեցկության կենտրոնները, հացի փռերը, փոքր խանութները, ավտոսպասարկման փոքր կետերը եւ այլն։ 3-րդ․ 20% էժան դեղորայք բոլորի համար։ ՀՀ-ում դեղերի բարձր գները ծանր ազդեցություն ունեն հատկապես թոշակառուների եւ քրոնիկ հիվանդություններով անձանց վրա, նրանց եկամուտները սահմանափակ են, իսկ դեղերի կարիքը՝ շարունակական։ Մենք առաջարկում ենք մեր երկրում դեղերի գների նվազեցման ամենաարագ եւ արդյունավետ լուծումը՝ արտաքին ռեֆերենսային գնագոյացումը՝ մաքսիմում թույլատրելի գնի ﬔխանիզմով, բայց հարմարեցված ՀՀ շուկային։ Ընտրելու ենք TOP-100 առաջնահերթ դեղերի ցանկը եւ քննարկումներ ենք սկսելու դեղատնային բիզնեսների եւ ոլորտային դերակատարների հետ։ 4-րդ․ բերքի երաշխավորված մթերում գյուղերում, որի արդյունքում ակնկալում ենք մոտ 80 աշխատատեղի ստեղծում՝ յուրաքանչյուր ներգրավված շրջանում, բերքի կորուստների նվազում՝ առնվազն 25%-ով, որակի աճ եւ վաճառքի գնի բարձրացում, արտահանման աճ, արտադրության ինքնարժեքի նվազում, ցանքի ֆինանսավորման հասանելիության աճ, գյուղմթերքի գների կայուն մակարդակ, անվտանգ արտադրանքի ապահովում՝ որակի շնորհիվ։ 5-րդ․ 20 հազար մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ․ պետությունը կառուցապատողներին տրամադրում է հողատարածքներ արդեն պատրաստ ենթակառուցվածքներով (ճանապարհ, հոսանք, ջուր, գազ, կոյուղի), կառուցապատողի վրա մնում է միայն շենքերի կառուցումը, ինչը կտրուկ նվազեցնում է ինքնարժեքը։ Սահմանվում է բնակարանների գների վերին շեմ՝ բացառելով սպեկուլյատիվ գնաճը։ Ունենք նաեւ անվտանգային 6 խոստում։ Մեր ժողովուրդը տեսնելու է ուժեղ դիվանագիտության ուժը, տեսնելու է ուժեղ բանակ, որոնք բերելու են ուժեղ խաղաղություն։ Հայաստանն ունենալու է պաշտպանված երկինք, խելացի սահման, հայ զինվորը, սպան՝ արժանապատիվ ծառայություն։ Մենք ստեղծելու ենք տեղական ռազմարդյունաբերություն։ Փոփոխությունները գալիս են, մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»

«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» Sat, 18 Jul 2026 19:15:54 +0400 Վերնագրում ներկայացված խոսքը պատկանում է…

15 րոպե ago

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Sat, 18 Jul 2026 19:00:24 +0400 Հայ շախմատիստները լավագույն եռյակում…

30 րոպե ago

Մարդն է գեղեցկացնում մանդատը

Մարդն է գեղեցկացնում մանդատը Sat, 18 Jul 2026 18:45:14 +0400 Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատը ստանձնելու…

45 րոպե ago

Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է. Փաշինյանը գտել է լուծումը

Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է. Փաշինյանը գտել է լուծումը Sat, 18 Jul 2026 18:15:30 +0400 Հայաստանում…

1 ժամ ago

45 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է

45 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է Sat, 18 Jul 2026 18:00:07 +0400 Միացյալ Նահանգներում…

2 ժամ ago

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն Sat, 18 Jul 2026…

2 ժամ ago