Ինչից է այդքան վախեցել Նիկոլ Փաշինյանը
Sat, 18 Apr 2026 18:15:54 +0400
Փաշինյանի չկապակցված, կցկտուր խոսքը ցույց է տալիս, որ նա իսկապես վախեցած է, հնարավոր է, որ ապրիլի 1-ին Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նրան վախեցրել են այն հետեւանքներով, ինչին ընդունակ է Ռուսաստանը փաշինյանական իշխանության հակառուսական գործողություններին հակազդելու համատեքստում: Փաշինյանը որոշել է խորամանկել եւ փոխել նախընտրական քարոզչության արտաքին քաղաքական գիծը. եթե մինչեւ Մոսկվա գնալը նա արեւմտյան աշխարհի եւ նրա քաղաքականության ներկայացուցիչն էր Հայաստանում, որը Հայաստանը տանում է դեպի զարգացող եւ առաջադեմ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով, ստիպված լինելով կռվել նենգ Մոսկվայի եւ նրա հայաստանյան դրածոների սանձազերծած հիբրիդային պատերազմում, հիմա միանգամից դարձել է Հայաստան-Ռուսաստան բարեկամության եւ եղբայրության երդվյալ կողմնակից, որը պայքարում է այդ բարեկամությունը ոչնչացնել փորձողների դեմ: Դա, իհարկե, ժամանակավոր է, ընդամենը երկու ամսից էլ քիչ, մինչեւ քվեարկության հաջորդ օրը:
Նման շրջադարձի պատճառն այն է, որ տեսնում է, որ Ռուսաստանի կողմից ուղարկվող ազդակները հասել են Հայաստանի ընտրողներին, մարդիկ, հատկապես բանականության հետ կապը չկորցրածները, նրանք, ովքեր գիտակցում են իրենց ու երկրի շահերը, հասկանում են, որ Ռուսաստանի հետ թշնամացման քաղաքականությունը կործանարար հետեւանքների է հանգեցնելու, եւ դրանից խուսափելու միակ ելքն իրենից ազատվելն է: Դրա համար փորձում է խաբեության դիմել, համոզել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է, ինքը Հայաստանի միակ ռուսամետ, Ռուսաստանի դաշնակից եւ բարեկամ գործիչն է, Սամվել Կարապետյանն էլ ոչ թե Ռուսաստանից է ուղարկվել, այլ՝ Ռուսաստանի թշնամի երկրների ազդեցության գործակալն է` Հայաստան-Ռուսաստան դաշինքը ոչնչացնելու հանձնարարությամբ:
ԱԺ-ում հերթական անգամ բեմականացված հարցուպատասխանի ժամանակ հոգեխանգարմունքի մեջ գտնվող Փաշինյանը Սամվել Կարապետյանին մեղադրեց օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու, հայ-ռուսական բարեկամության դեմ աշխատելու եւ նույնիսկ ԵԱՏՄ-ն ոչնչացնելու ցանկության մեջ: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ ինչ հոգեբանական վիճակի մեջ պետք է լինի, որ նման մեղադրանք հնչեցնի: Մնում էր, որ հայտարարեր, թե Կարապետյանը գործում է ԱՄՆ-ի կամ ԵՄ երկրների հատուկ ծառայությունների ցուցումով, բայց համենայնդեպս ասաց, որ նա ոչ թե «ռազվեդչիկ» է, այլ՝ ինոգենտ, հատուկ ռուսերեն, որ Ռուսաստանում լավ հասկանան Կարապետյանի ով լինելը եւ հեռու մնան, զգուշանան նրա քայքայիչ գործունեությունից:
Խոսելով Կարապետյանի զգուշացումների մասին, որ Փաշինյանի վերընտրվելը կարող է հանգեցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման, Փաշինյանն ասում է. «Փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ՝ էդ կոնֆլիկտի վրա ձեռքները տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը, 2018 թվականին հիշու՞մ եք՝ ինչեր էին ասում, 2021 թվականին էլ էին ասում։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբեւէ եղել է։ Նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների դինամիկան եւ համեմատեք նախորդ շրջանների հետ»:
Եկեք համեմատենք դինամիկան. Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՌԴ նախագահը Հայաստան է եկել 2 անգամ, մեկ անգամ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք եկել է 2019-ին եւ 2022 թ․ նոյեմբերին՝ մասնակցելու Երեւանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Հաջորդ տարի Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եւ նույն թվի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի հիմնարար պայմանագիրը` Հռոմի ստատուտը: ՄՔԴ-ն քրեական հետապնդում էր հարուցել ՌԴ նախագահի նկատմամբ, պարտավորեցնելով պայմանագրին միացած երկրներին՝ կալանավորել եւ դատարանին հանձնել ՌԴ նախագահին: Դրանից հետո Պուտինը Հայաստան չի այցելել, ու քանի դեռ Հայաստանում Փաշինյանն իշխանության է, չի էլ այցելի:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի իր ելույթում դեմագոգիկ կերպով Սամվել Կարապետյանին է մեղադրում ԵԱՏՄ-ն ոչնչացնելու ցանկության մեջ, այն դեպքում, երբ Կարապետյանը որեւէ իշխանություն չունի եւ չի կարող որեւէ ձեւով ազդել ԵԱՏՄ-ի գոյության վրա, մինչդեռ ինքը հռչակել է Հայաստանը ԵՄ տանելու նպատակ, իր խմբակցությունն իր հրահանգով օրենք է ընդունել, եւ սպասում են ԵՄ-ից ազդանշանի, որ դուրս գան ԵԱՏՄ-ից: Մինչդեռ այդքանից հետո ասում է. «Էդ մարդիկ որ էդպես խոսում են եւ ուզում են էդպիսի սադրանքներ անել, էդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել: Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ անդամ 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր ըտենց սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն ոչնչացնել, որ իրենց ունեցվածքը փրկվի: Մեկ է՝ իրենց ունեցվածքը չի փրկվի, այնպես որ, ավելի լավ է՝ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն: Ես ասում եմ՝ մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու»: Տեսնում եք՝ ինչ հախուռն, անտրամաբանական խոսք է. ի՞նչ կապ ունի Կարապետյանի սեփականությունը ԵԱՏՄ-ի ոչնչացման հետ, ինքն է ամեն անգամ խոսում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անհամատեղելիության, ԵՄ-ին միանալու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին:
Ինչո՞ւ է Փաշինյանը հայտնվել նման վիճակի մեջ, ի՞նչ է տեղի ունենում նրա հետ: Մարդիկ համոզվում են, որ նրա գոյությունն իշխանության ղեկին վտանգում է Հայաստանի եւ յուրաքանչյուրի գոյությունը եւ բարեկեցությունը, Ռուսաստանն ավելի ու ավելի համոզիչ է ցույց տալիս, որ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն Փաշինյանի եւ իրենց երկրի ու անձնական բարեկեցության միջեւ, մինչեւ քվեարկության օրն այդ ազդանշաններն ավելի բացահայտ են լինելու: Փաշինյանը գիտի, որ չի կարող ասել՝ դե, եթե Ռուսաստանն ինձ ու իմ իշխանությանը պատերազմ է հայտարարել, ես ընդունում եմ մարտահրավերը: Չի կարող նման բան ասել, որովհետեւ այդ պատերազմում մենակ է մնալու եւ, ինչպես իր բոլոր պատերազմները, պարտվելու է: Դրա համար որոշել է հերթական անգամ գժական գնալ. իրեն հայտարարել Ռուսաստանի բարեկամ եւ դաշնակից, իսկ Սամվել Կարապետյանին՝ Ռուսաստանի թշնամի, թշնամիների գործակալ եւ այդ հիմքով չգրանցել նրա կուսակցությունը, դա ներկայացնել որպես ի պաշտպանություն Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի արված քայլ: Մի անգամ գժական գնաց՝ կորցրինք Արցախը: Չեմ ասում, թե այս անգամ կկորցնենք երկիրը, որովհետեւ, ի տարբերություն 2019-2020 թթ․, հասարակությունը հասունացել է եւ հասկանում է՝ ինչ է կատարվում, եւ այս անգամ ինքը կկորցնի իշխանությունը: Երկրի ներսում գժական գնալը կարող է անպատիժ մնալ, միջազգային հարաբերություններում հոգեկան անհավասարակշիռ վարքը նույնիսկ խղճահարություն չի առաջացնում: