«Հրապարակ»․ Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի
Tue, 21 Apr 2026 09:45:30 +0400
Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։ Ըստ մեղադրանքի, պրոռեկտորի որդին աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել: Նույն գործի շրջանակում ձերբակալվել էր նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Հայաստանի քառակի եւ շախմատի օլիմպիադայի չեմպիոն Սմբատ Լպուտյանը։
Լենգենդար շախմատիստին իրավապահները մեղադրում են այն բանում, որ նա, լինելով Շախմատի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, որը Մանկավարժական համալսարանի կազմում է գործել, պրոռեկտոր Իսպիրյանի որդուն թույլ է տվել աշխատանքի չներկայանալ` նրա փոխարեն ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հակակոռուպցիոն կոմիտեն դա գնահատել է որպես պաշտոնեական կեղծիք եւ հայտնի գրոսմայստերին ձերբակալել: Լպուտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։
Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ բացառում է, որ Լպուտյանը կեղծիք կատարած լինի․ «Նա լավագույն մարդկանցից է, նշանավոր գործիչներից է, միջազգային գրոսմայստեր է, իր կողմից կոռուպցիոն բնույթի որեւէ գործողություն ես բացառում եմ»։
Միրզախանյանը նշեց, որ Մարիամ Իսպիրյանն իր օգնականն է եղել, նրա մասին էլ կարող է միայն դրականն ասել․ «Ինչքան ես գիտեմ, մեղադրանքները կապված են իր որդու աշխատանքի ընդունման հարցի հետ, որ ընդունված է եղել` աշխատանքի չի գնացել կամ մասնակի է գնացել։ Իմ տեղեկությունները մամուլից են, այլ տեղեկություններ չունեմ։ Ես 5 տարի է՝ մանկավարժականի հետ աշխատանքային առնչություն չունեմ, բայց 40 տարի աշխատել եմ, եւ ինձ մոտ շատ ջերմ հիշողություններ են` կապված կոլեկտիվի հետ։ Մենք Լպուտյանին նախեւառաջ հրավիրեցինք որպես Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, եւ նա պաշտոնները զուգակցում էր»։
Խոսելով Շախմատի գիտահետազոտական կենտրոնի մասին՝ նախկին ռեկտորը նշեց, որ այն բացվել է 2017 կամ 2018 թվականին․ «Ես այդ ժամանակ ռեկտոր էի, դա յուրահատուկ կենտրոն է, որը միջազգային ռեզոնանս առաջացրեց։ Ինչպես հայտնի է՝ մենք առաջին դիրքերում ենք, որ շախմատը մտել է դպրոցական ծրագիր։ Այդ կենտրոնը ստեղծվեց Մանկավարժական համալսարանում, բացումը բավականին մեծ շուքով տեղի ունեցավ, մասնակցում էր ֆեդերացիայի նախագահը, որը նաեւ հանրապետության նախագահն էր, նաեւ՝ Ռադիկ Մարտիրոսյանը։ Այդ կենտրոնը կազմակերպել է մի շարք կոնֆերանսներ, որոնց մասնակցում էին տասնյակ երկրների ներկայացուցիչներ, եթե չեմ սխալվում՝ կան երկրներ, որտեղ շախմատը կրթական ծրագրի մաս է կազմում, եւ այդ ամեն ինչը սկսվել է Հայաստանից։ Հայաստանը եղել է եւ կա շախմատի գերպետություն»։