«Հրապարակ». Սա այն ծանրագույն մեղադրանքներից է, որը ներկայացվելու է իշխանության ներկայացուցիչներին

«Հրապարակ». Սա այն ծանրագույն մեղադրանքներից է, որը ներկայացվելու է իշխանության ներկայացուցիչներին

Tue, 21 Apr 2026 12:15:24 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

– ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան ապրիլին մի քանի անգամ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, վերջին անգամ՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ճարտարապետների եւ կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ ուսումնասիրել են հուշահամալիրի երեք մույթերի վրա իրականացված աշխատանքները եւ նշել, որ կատարված աշխատանքների արդյունքները բավարար են։ Դուք ի՞նչ գնահատական կտաք այդ ամենին:

– Ես խիստ կզարմանայի, որ ոչ բավարար գնահատեին աշխատանքները, որովետեւ ոչ բավարարի դեպքում շատ ծանր քրեական գործ է նախատեսվում՝ հանրապետական նշանակության հուշարձանը ձեւախեղելու, հուշարձանի նախնական տեսքը խեղելու համար։ Դա քրեորեն պատժելի գործողության նկարագրություն է: Հայկական օրենքներով, որոնք չեն գործում ընդհանրապես ո՛չ քաղաքացիների եւ ո՛չ էլ հաստատությունների դեպքում, միջազգային օրենքներով տեղի է ունեցել հանցագործություն՝ շատ բարձր կարգավիճակ ունեցող հուշարձանի տեսքը չի վերականգնվել իր նախնական տեսքով, չնայած որ նախագծի մեջ արձանագրված է եղել հենց այդպես: Շինարարները, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարը, թաքցնում են, թե ինչ է գրված եղել վերականգնման նախագծի մեջ: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված էր, որ պետք էր ապամոնտաժել բնօրինակ քարերը, ապա ուսումնասիրել, մաքրել, եթե բուսածածկ է կամ հող է, ամրացման աշխատանք են անում, հետո պահպանված քարը, եթե դա պահպանվել է 2 հազար տարի կամ 70, տեղադրում են նույն տեղում: Դրա համար նախագծի մեջ գրված էր՝ ապամոնտաժել եւ վերատեղադրել պահպանված բնօրինակ քարը: Քանի որ հիմա բնօրինակ քարերը չկան, կարո՞ղ է Ժաննա Անդրեասյանն այդ քարերը գտնի եւ բերի տեղադրի։ Չի կարող: Այստեղ սկսում է Քրեական օրենսգիրքն աշխատել, եթե կան Հայաստանում դատավորներ, իրավաբանությունից հասկացողներ, բարոյականություն ունեցողներ: Գիտենք, թե դատաիրավական համակարգն ում գրպանում է ամբողջովին: Բայց պարզ երեւում է, թե քանի հոգի պետք է պատասխանատվության ենթարկվի Քրեական օրենսգրքի հիման վրա: Ես չեմ խոսում յուրացումների, ֆինանսական չարաշահումների մասին։ Կարող եմ ենթադրել, որ այդ 2 մլն ուռճացված բյուջեն փող ուտելու համար է, դա ենթադրություն կլինի իմ կողմից: Ցանկացած քաղաքացի կարող է գնալ եւ տեսնել, որ այդ քարերը չկան, որ այդտեղ բերել են ուրիշ քարեր: Դա Քրեական օրենսգրքով նշանակում է աղճատում՝ հուշարձանի նախնական դետալների, նախնական կերպարի, որը դատապարտելի է նաեւ միջազգային օրենքներով: Սա լինելու է այն ծանրագույն մեղադրանքների մեջ, որը պետք է ներկայացվի իշխանության բոլոր ներկայացուցիչներին, ընդհուպ մինչեւ էն խոսացող գլուխները, որ ամեն օր կոճակը սեղմում են եւ սկսում են օրը բացել նրանով, թե այսօր ինչ աղտոտություն եւ կեղտոտություն պետք է պաշտպանել:

– Իշխանությունը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը: Արդյո՞ք ժամանակը չէ, որ ՀՀ-ում եւս սահմանվի քրեորեն դատապարտելի հանցակազմ եւ պատիժ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

– Սա աբսուրդի ժանրից է, որովհետեւ մեր «պանծալի» դատավորներն իրենք հանգիստ կարող էին Քրեական օրենսգրքով գտնել համապատասխան հոդված եւ պատասխանատվության կանչել Փաշինյանին ու նրա բոլոր ուսապարկերին, բայց քանի որ դատավորները եւս ուսապարկ են, ակնկալել, որ Հայոց ցեղասպանությունը վերին գաղափարներ, բարոյականություն, արժանապատվություն, ազգային հիշողություն եւ այլն․․․ դա անիմաստ բան է: Պետք է սպասել իքս պատմական փուլի եւ բոլորին պատասխանատվության ենթարկել:

– Օրեր առաջ ՌԴ-ում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունվեց։ Սա ի՞նչ կտա Հայաստանին:

– Ես, որպես հայ մարդ, որպես գիտնական եւ ցեղասպանությամբ զբաղվող, կուզենայի տեսնել այն առաջին դատական գործը, որ կհարուցվեր Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության որեւէ անդամի դեմ, որը կհայտնվի Ռուսաստանի տարածքում: Հաշվի առնելով, որ Պետդուման 1995 թվականին պաշտոնապես ընդունել է ցեղասպանությունը, քանի որ սրանք հանդիսանում են ցեղասպանության փաստը ժխտող կամ կասկածի տակ դնող անձինք, կուզենայի տեսնել առաջին կալանվածին:

– Ռուբեն Ռուբինյանի այն պնդումը, թե մինչեւ 1998 թվականը ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի եղել, ճի՞շտ է, թե՞ մոլորեցնող։

– Ռուբինյանը մի քիչ ցածրակարգ է, ինչպես նաեւ՝ Փաշինյանը, որ ես իրենց մեկնաբանեմ, առավել եւս՝ ցեղասպանության հարցում: Ռուբինյանն այդպիսի միտք արտահայտելուց առաջ կարող է ինձ ասել, թե ցեղասպանության զոհերի ինչ հուշագրություններ է կարդացել կամ որեւէ այլ մենագրություն: Կարծում եմ, որ ինքը որեւէ հուշագրություն չի կարդացել, որ հասկանար, թե ինչ է ցեղասպանությունը:

– Ամեն օր իշխանությունն անսպասելի հայտարարություններ է անում: Ի՞նչ վատթարագույն բան կարելի է սպասել այս իշխանություններից:

– Սրանց հետ արդեն ամեն բան պարզ է, ես ակնկալիք ունեմ մեր քաղաքացիներից՝ քաղաքացիների հաշտվողականության, ծախվածության, սուտը ճշտի տեղ ընդունելը, խաբված լինելը բնական վիճակ համարելուց: Օրինակ, 8 տարի առաջ՝ ապրիլին, սկսվեց խաբեության փուլը: Մենք դեռ ապրում ենք մարդկանց կողքին, ովքեր լավ են զգում՝ գիտակցելով, որ իրենց խաբել են: Այսինքն, խաբեության մեծ կրկեսային ծրագիր է բեմադրվել Երեւանում, շատերը դրանից գոհ են նրա համար, որ կրկեսը լավ է, եւ չեն ուզում հարց տալ՝ խաբվե՞լ են, թե՞ չեն խաբվել, մնացածների համար ֆինանսական եւ սովորական ապրելակերպի բարելավման հարցեր են լուծում:

– Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները կժամանե՞ն Երեւան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար:

– Ես չեմ ուզում ենթադրություն անել, եթե ենթադրություն եք ուզում՝ հուշարձանի վերականգնման հետ կապված, գուցե փորձեն ձգել կամ ինչ-որ պատճառաբանություններ անել, որ չգան կամ ամբողջ անձնակազմով չգան: Այսինքն՝ պետական արարողակարգը խախտեն՝ հանուն Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների։ Դա իմ ենթադրություն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ նախագիծն աղմուկ առաջացրեց

Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ նախագիծն աղմուկ առաջացրեց Tue, 21 Apr 2026 15:27:59 +0400 «Ազգային առաջընթաց»…

11 րոպե ago

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Tue, 21 Apr 2026 15:24:57…

14 րոպե ago

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով Tue,…

23 րոպե ago

Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը

Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Tue, 21 Apr 2026 15:00:43 +0400 Իրանի Իմամ Խոմեյնիի…

38 րոպե ago

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Tue, 21 Apr 2026 14:53:29…

45 րոպե ago

Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես

Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Tue, 21 Apr 2026 14:45:18…

53 րոպե ago