Թույլ տան եվ հանգիստ թողնեն. ՔՊ նախընտրական ծրագրի հիմնական ասելիքը
Tue, 21 Apr 2026 18:15:20 +0400
Երբ պետության ղեկավար է դառնում որեւէ անգրագետ եւ պրիմիտիվ մեկը, այդ պետությունը չի կարող ո՛չ անվտանգություն ունենալ, ո՛չ էլ զարգացում: Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը, եւ լսելով նրան՝ համոզվում ես, որ նա ո՛չ պատմություն գիտի, ո՛չ էլ գիտելիքներ ունի պետության նպատակի, զարգացման եւ գործունեության մասին: Նրան թվում է, որ եթե ինքը հայտարարի, որ որեւէ պահանջ չունի Ադրբեջանից եւ Թուրքիայից, իրեն հանգիստ կթողնեն, ինքն էլ առանց ավելորդ լարումների ցմահ կմնա վարչապետի պաշտոնին: Նրա նախընտրական ծրագիրը Հայաստանին հանգիստ թողնելու իր պատկերացումների մասին է:
Փաշինյանը փորձում է ձեւակերպել, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումը, ինչ մեխանիզմներով է դա հնարավոր իրականացնել: Ըստ նրա՝ երկրի արտաքին անվտանգությունն ապահովվում է 4 սկզբունքի համադրման միջոցով, որոնցից ուժեղ եւ մարտունակ բանակը վերջինն է՝ ինչ-որ իմաստով մնացորդային:
Առաջինը նա համարում է միջազգային լեգիտիմությունը, որի տակ նա հասկանում է, որ Հայաստանն այլ երկրներից տարածքային պահանջներ չունի, միջազգային ճանաչված սահմաններից դուրս գալու խնդիր չի դնում: Դրա մեջ են մտնում Ղարաբաղյան շարժումից ու Ղարաբաղից, Արեւմտյան Հայաստանից ու Արարատից հրաժարվելը: Հենց դա հայտարարեցինք. «Պատերազմի առաջացման ֆունդամենտալ վտանգը վերանում է»: Ըստ նրա տրամաբանության, նախկինում խաղաղություն չի եղել, որովհետեւ ամեն տարի սահմանին զոհեր են եղել։ «Խաղաղությունն այն է, երբ սահմանին մարդ չի զոհվում»,- ասում է նա: Հիմա խաղաղություն է, քանի որ «մենք ռազմավարական գործարք ենք կնքել, ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, դելիմիտացիա ենք անում եւ հանգիստ ենք թողնում իրար»: Փաշինյանի գաղափարախոսությամբ` եթե Հայաստանն ասում է, որ Ադրբեջանից այլեւս որեւէ պահանջ չունի` ո՛չ տարածքային, ո՛չ էլ արցախահայերի վերադարձի իրավունքի մասով, Ադրբեջանը հանգիստ է թողնելու Հայաստանին: Փաշինյանը եթե մի քիչ գիտելիք ունենար, մի քիչ պատմություն ու մի քիչ էլ աշխարհագրություն իմանար, կիմանար, որ աշխարհի քարտեզը, պետությունների սահմանները, այդ թվում՝ եւ միջազգայնորեն ճանաչված, անընդհատ փոխվել են, որ պետություններն անընդհատ պայքարում են իրենց հսկողության տակ գտնվող տարածքներն ընդլայնելու համար, եւ որեւէ մեկին չի հետաքրքրում՝ դա միջազգայնորեն ճանաչված սահմա՞ն է, թե՞ ոչ: Եթե դու հրաժարվում ես այլ երկրի տարածքի նկատմամբ ունեցած հավակնություններից, չի նշանակում, թե ուրիշները հրաժարվելու են քո նկատմամբ ունեցած հավակնություններից: Ընդհակառակը՝ եթե հայտարարում ես, որ դու գառ ես, դրանից գայլերի քանակը ոչ թե փոքրանում է, այլ՝ կտրուկ ավելանում:
Միացյալ Նահանգները ճանաչում է Իրանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, բայց դա խոչընդոտ չէր Իրանի դեմ պատերազմ սկսելու համար: Թուրքիան ճանաչում է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, բայց Սիրիա զորք է մտցրել եւ օկուպացրել այդ երկրի տարածքի մի մասը։ Հիմա նույնն անում է Իսրայելը` օկուպացնելով Սիրիայի եւ Լիբանանի տարածքները, որովհետեւ ուզում է ընդլայնել իր տարածքը: Ռուսաստանն ու Ուկրաինան էլ են ստորագրել Ալմա Աթայի հռչակագիրը, բայց հիմա բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքային հավակնությունների բավարարումն է, ոչ մի ուկրաինացի պաշտոնյայի մտքով չի անցնում, որ ասի` բա ո՞ւր մնաց Ալմա Աթայի հռչակագիրը, չէ՞ որ դուք 1991 թվականին ճանաչել եք մեր տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված մեր սահմանները: Փաշինյանի չափ խելք ու գիտելիք ուրիշ ո՞վ ունի:
Նա ասում է, թե մենք` նկատի ունենալով իր իշխանությունը, ոչ մի բան չենք զիջել, իսկ այն, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, իր ասելով՝ 200 քառակուսի կիլոմետրը, նա հույս ունի վերադարձնել սահմանազատման ճանապարհով: Եթե Ադրբեջանը նպատակ կամ ցանկություն ունենար ինչ-որ բան վերադարձնելու, հաստատ, ամեն տարի սահմանին դիրքային առաջխաղացում չէր իրականացնի: Փաշինյանը ոչ մի քառակուսի սանտիմետր տարածք սահմանազատումով չի վերադարձրել, հակառակը՝ սահմանազատման անվան տակ հազարավոր հեկտարներով տարածք է հանձնել, բայց խոսում է տարածք վերադարձնելու մասին:
Արտաքին անվտանգության մյուս գործոնը նա համարում է աշխարհի հետ փոխկապվածությունը, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի մաս: Պատմում է, որ ինքն աշխարհի այլ երկրների սուպերմարկետներում հարցնում է, թե վաճառվող ապրանքներից որոնք են հասել այդ խանութ Հայաստանի տարածքով, ու չի գտնում այդպիսի ապրանքներ: Մտածում է, որ եթե Հայաստանը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի մաս, ապա Հայաստանի դեմ պատերազմը կդառնա միջազգային խնդիր, քանի որ, երբ մատակարարումները դադարեն, եւ այդ երկրներում սկսվեն ներքաղաքական պրոցեսներ, հասարակությունը կասի` ինչո՞ւ Հայաստանի անվտանգությունն ապահովված չէ, ինչո՞ւ են մատակարարումները դադարեցվել:
Թե որքան խորն է նա պատկերացնում միջազգային հարաբերությունները եւ ինչ հայտնագործություն է արել այդ ոլորտում, արտահայտում է նրա հետեւյալ ձեւակերպումը. «Սա ֆունդամենտալ խնդիր է, որը մենք հաշվի չենք առել՝ որպես անվտանգության ապահովման գործոն, որ ազդեցիկ կենտրոնները դողան Հայաստանի վրա, որ թույլ չտան, որ գլոբալ մատակարարումները չվտանգվեն»: Չի հասկանում անգամ, որ շատ դեպքերում պատերազմները սկսվում են հենց այդ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, եւ դրանք ոչ միայն պատերազմ զսպող, այլ նաեւ հրահրող գործոն են: Ուկրաինայի տարածքով էին անցնում Եվրոպան սնուցող գազամուղներն ու նավթամուղները, բայց դա չօգնեց Ուկրաինային՝ խուսափել պատերազմից:
Երրորդ գործոնը Փաշինյանը ձեւակերպում է այսպես. «Երկարաժամկետ առումով պետք է կանխատեսելի լինենք աշխարհի համար: Մեր ամբիցիան մեր միջազգային ճանաչված տարածքներից դուրս չպետք է լինի, մենք չպետք է նպատակ դնենք ուժեղանանք, գնանք նվաճենք, Տիգրան Մեծի կայսրությունը վերականգնենք, ոչ մեկ չի թողնի՝ ոչ թե որ Հայաստանը զարգանա, այլ՝ գոյատեւի»:
Պատկերացնո՞ւմ եք` ինչ խելքի տեր մարդ է Փաշինյանը, մտածում է, որ եթե մենք հայտարարենք, որ զարգանում ենք միայն հանուն զարգացման, այլ ոչ թե հետագա ընդլայնման նպատակով, բոլորը սկսեն մեզ օգնել, բայց հենց ասենք, որ այդ զարգացումն օգտագործելու ենք ընդլայնման համար, դա արդեն ընկալվելու է որպես սպառնալիք, եւ սկսելու են մեզ ոչնչացնել: Երբ որեւէ երկիր այնքան ուժեղ է լինում, որ կարողանում է հարձակվել եւ ոչնչացնել իր թույլ հարեւանին կամ մրցակցին, նա չի նայում, թե այդ հարեւանն ինչ ամբիցիաներ ունի, ունի՞, թե՞ չունի:
Փաշինյանը բանակը համարում է արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործոն, երբ վերը նշված գործոնները չեն աշխատում, նոր բանակը պաշտպանում է երկրի միջազգային ճանաչված սահմանները: Իսկ բանակը հնարավոր է կամ թույլ կտան զարգացնել միայն մի դեպքում. «Եթե դու ասում ես, որ քո կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, դարավոր նպատակը միջազգային ճանաչված սահմանների պաշտպանությունն է, ոչ մեկ չի կարող քեզ ասել, թե ինչու ես հզորացնում քո բանակը»:
Փաշինյանի համար ամեն ինչ կառուցված է թույլ տալու, թույլտվություն ստանալու գաղափարի վրա. ինչ անել, որ թույլ տան տնտեսությունը զարգացնել, ինչ անել, որ թույլ տան, որ ընդհանրապես զարգանաս, կամ թույլ տան բանակն ուժեղացնել: Եթե թույլտվություն չկա, ուրեմն հնարավոր չէ ինչ-որ բան անել: Նա չի հասկանում, որ պետություններն անընդհատ մրցակցության մեջ են, եւ այդ մրցակցությունը միմյանց հաղթելու, ուրիշների ռեսուրսներին տիրանալու, ուրիշներին հպատակեցնելու եւ ոչնչացնելու համար է, եւ այդ մրցակցության մեջ թույլ տալ կամ թույլ չտալ չկա: