Իսրայելն օգնեց Բաքվին օկուպացնել Արցախը․ Իրանում տարակուսած են ՀՀ ԱԳՆ-ի շնորհավորանքից
Wed, 22 Apr 2026 17:20:20 +0400
ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը չի վրիպել իրանցիների ուշադրությունից։ Դրան անդրադարձել է միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել՝ Իսրայելի կառավարությանը և ժողովրդին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ։
Գերատեսչությունը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։
«ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ։ Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները և հեռավորություն պահում այդ ռեժիմից, ՀՀ կառավարությունն այլ իրականության մեջ է ապրում», – X սոցցանցում գրել է իրանցի փորձագետը։
Նա հավելել է՝ այդ շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն խլելու փորձերի և արմատական հրեաների` հայ հոգևորականության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին։
Մավահեդիանի պնդմամբ, Իսրայելը մինչ օրս Հայոց ցեղասպանությունը դիտարկում է որպես իրադարձություն, որը որոշ առումով «մրցակցում» է Հոլոքոստի հետ։
«Իսրայելի կողմից Բաքվին տրամադրված հետախուզական և ռազմական օգնությունը հանգեցրեց Ղարաբաղի օկուպացմանն ու այնտեղ ապրող 120 000 հայերի արտաքսմանը», – եզրափակել է իրանցի փորձագետը։