Հերթական մանիպուլյատիվ տեղեկությունը` փիառ նպատակներով
Wed, 22 Apr 2026 21:45:34 +0400
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու համար վճարվող գումարի չափերը 30-40 տոկոս իջեցնելու նախագիծն է քննարկվում։ Այսօր Ռոմանոս Պետրոսյանը հպարտացել էր, որ մի քանի ամիս տևած հաշվարկների, վերլուծությունների, այդ թվում նաև ՀԾԿՀ գործուն ջանքի արդյունքում, ՀԷՑ–ի նախաձեռնությամբ վճարման սակագները նվազեցվում են 30-40 տոկոս։ Մենք ուսումնասիրեցին հարցը, պարզելու, թե որքան է այս պահին նոր բաժանորդ դառնալու սակագինը և երբ է այն սահմանվել։
Ինչպես և երբ կարող են սակագինը բարձրացնել
ՀԷՑ-ը կամայական չի կարող սակագին բարձրացնել։ Գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է ՀԾԿՀ-ի թույլտվությունը, որի համար նիստ է գումարվում, ներկայացվում է սակագին բարձրացնելու անհրաժեշտությունն ու փաստական հիմքերը։
Երբ է վերջին անգամ բարձրաացվել սակագինը և ինչ հիմքով
ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու սակագինը բարձրացել է այս իշխանությունների օրոք՝ 2023 թ․ ապրիլի 1-ից: Մեկ բնակարանի բաժանորդագրության նվազագույն վճարը սահմանվել է 693 հազար դրամ՝ նախկին 177 հազար դրամի փոխարեն։ Այդ որոշումն ընդունվել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի օրոք։ Որպես հիմնավորում Բաղրամյանը նշել էր․ «Խնդիրն այն է, որ 2008 թվականից հետո միացման վճարները չէին վերանայվել, հիմա երկար քննարկումների արդյունքում վերանայվել է։ Ամբողջ սկզբունքն այն է, որ բոլոր նոր միացող բաժանորդները պետք է սակագների առումով խնդիրներ չստեղծեն մնացած բաժանորդների համար։ Նախկինում ՀԷՑ–ին միանալու համար ծախսվող գումարի 50 տոկոսը բաժանորդն էր փոխհատուցում, մնացած 50 տոկոսը ՀԷՑ–ը կատարում էր ներդրումային ծրագիր, և մնացած բոլոր բաժանորդները բնականաբար փոխհատուցում էին այդ ներդրումները։ Այսօր իրավիճակը փոխվել է, ու նոր միացող բաժանորդը ընդամենը 10 տոկոսն է փոխհատուցում, իսկ մնացած ներդրումները, որ անհրաժեշտ են նոր բաժանորդ դառնալու և ՀԷՑ–ում միացում ապահովելու համար, մնացած բոլոր գոյություն ունեցող բաժանորդներով գրեթե 90 տոկոս ներդրումները մենք ենք փոխհատուցում։ Ընդամենը այդ բալանսն է վերականգնվել»։
Որքան կկազմի սակագինը` 30-40 տոկոս իջեցնելու պարագայում
Այժմ եթե նվազագույն սակագինը 693 հազար դրամ է, 30-40 տոկոս նվազեցնելու դեպքում այն կազմելու է 415,800-485,100 դրամ։ Ստացվում է, որ մինչև 2023թ. ապրիլի 1-ը գործող սակագնի (177 հազար դրամ) համեմատությամբ շուրջ 2.5 անգամ բարձր է լինելու սակագինը։
Հատկանշական է, որ որոշ լրատվամիջոցներ այս լուրը տարածում են՝ նշելով, որ ՀԷՑ սակագինը կնվազի 30-40 տոկոսով, տպավորություն ստեղծելով, որ նվազում է էլեկտրաէներգիայի սակագինը, ոչ թե նոր բաժանորդ դառնալու արժեքը, որը շատերին չի վերաբերվում, այլ ընդամենը նորակառույց շենքերում նոր բնակարաններ ձեռք բերողներին: