Իրանը միշտ սուր է արձագանքում նման քայլերին
Thu, 23 Apr 2026 13:45:44 +0400
ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել՝ Իսրայելի կառավարությանը և ժողովրդին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ նշել էին, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։ Այս շնորհավորանքը բնականաբար մեր հարեւան եւ բարեկամ իրանցիների աչքից չէր վրիպել: Միջազգային հարաբերությունների փորձագետ Էհսան Մոհավեդիանը X -ի սոցցանցի իր էջում գրել է, որ ՀՀ ԱԳՆ-ի շնորհավորանքը Իսրայելին դառը հեգնանք է և մինչ աշխարհում փորձում են հեռու մնալ Իսրայելից, ՀՀ կառավարությունն այլ իրականությունում է ապրում ու Իսրայելի հետ հարաբերությունների լավացման մասին մտորում: «Իսրայելի կողմից Բաքվին տրամադրված հետախուզական և ռազմական օգնությունը հանգեցրեց Ղարաբաղի օկուպացմանն ու այնտեղ ապրող 120 000 հայերի արտաքսմանը», – հիշեցրել է իրանցի փորձագետը:
Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ թեմայի վերաբերյալ պաշտոնական արձագանք չկա և փորձագիտական արձագանքներն էլ շատ սահմանափակ են՝ մեկ-երկու փորձագիտական արձագանքը հնարավոր չէ պրոյեկտել ամբողջ երկրի մոտեցումների վրա: «Այստեղ իրականում իրավիճակը նաև շատ պարզ է, Իրանը միշտ մեծ անվստահությամբ է վերաբերվել իր հարևան երկրների և Իսրայելի միջև հարաբերություններին՝ ցանկացած սերտացում լինի, աշխուժություն լինի կամ ինչ-որ կապ։ Եթե հիշում եք, 2020 թվականին, երբ Հայաստանը պատրաստվում էր Իսրայելում դեսպանատուն բացել, այդ ժամանակ ևս Իրանից բավականին մեծ արձագանք կար, ընդ որում պաշտոնական դատապարտող արձագանք կար ու այդ քայլին չգնալու կոչեր անող արձագանքներ կային: Բայց հետագայում դա առանձնապես կարծես թե ինչ-որ ազդեցություն չունեցավ հայ-իրանական հարաբերությունների վրա, մանավանդ որ այդ դեսպանատան բացումը երկար չտևեց և հետո նորից սահմանափակվեց դրա գործունեությունը»,-ասաց իրանագետը:
Ներկայիս արձագանքները, ըստ Վարդանյանի, տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Նա շեշտում է, որ Հայաստանն ու Իրանն ունեն շատ սերտ հարաբերություններ, անգամ ռազմավարական նշանակության փաստաթղթի ստորագրման մասին են խոսում, հետևաբար դժվար թե առանձին փորձագիտական կարծիքները ցուցիչ լինեն հարաբերությունները վտանգի տակ դնելու մասով: «Իրանը միշտ զգայուն է այս հարցերի նկատմամբ, թեկուզ փոքր միջադեպը, բայց այդ զգայունությունը կա ու այդ զգայունությունը լինելու է և այս պատերազմի ընթացքում, և այս պատերազմից հետո, քանի որ իրանա-իսրայելական, ԱՄՆ- իրանական հակամարտությունը ոչ մի տեղ չի անհետանում, հետևաբար Իրանի զգայունությունը շարունակելու է լինել, դրսևորվել ամենատարբեր միջադեպերով: Մեզ համար հարց է, թե դա որքանով կարտահայտվի պաշտոնական մակարդակում և որևէ փոփոխության կհանգեցնի»,-եզրափակեց Ժաննա Վարդանյանը: