Ինչ բնապահպանական վնասներ է պատճառել 44-օրյա պատերազմը
Thu, 23 Apr 2026 22:00:29 +0400
Արցախյան 44-օրյա պատերազմի մասին սովորաբար ընդունված է խոսել հումանիտար, քաղաքական, ազգային եւ այլ ասպեկտներից պատճառված վնասների կտրվածքով։ Սակայն քչերն են խոսում այն մասին, որ ինչպես ցանկացած պատերազմ կամ ռազմական հակամարտություն, 44-օրյա պատերազմը նաեւ ահռելի բնապահպանական վնաս է պատճառել, ունեցել է նաեւ էկոլոգիական հետեւանքներ։ Մասնագետները, որոնք մինչ այժմ զբաղվել են այդ հարցերով, առանձնացնում են 44-օրյա պատերազմի հասցրած էկոլոգիական վնասների մի քանի ուղղություն՝ էկոհամակարգերի քայքայում, անտառային հրդեհներ, կենսաբազմազանության անկում, հողային եւ ջրային ռեսուրսների աղտոտում, մթնոլորտի աղտոտում, ռեգիոնալ աշխարհագրական-կենսաբանական գոտու վրա բացասական ազդեցություն եւ այլն։ Ընդ որում, ուսումնասիրությունները պարզել են, որ հատկապես տուժել են անտառները, ինչն իր հետեւից բերել է հողերի որակազրկման, ֆաունայի եւ ֆլորայի վնասման եւ այլն։ Մասնագետները նկատում են, որ պատերազմական գործողությունների պատճառով հողերը եւս դեգրադացվում են։ Հողային շերտում ավելանում են ծանր մետաղները, հողում եւ ջրերում հայտնվում են թունավոր նյութեր։ Ու այս ամենը կարող է բավական տեւականորեն պատերազմական թատերաբեմ հանդիսացած տարածքը դարձնել գյուղատնտեսական գործունեության համար ոչ պիտանի։ Ինչն է հետաքրքիր։
Շատ բնապահպաններ գրում են, որ ներկայումս Ադրբեջանն իրականացնում է Արցախի հետպատերազմական յուրացումը՝ առանց համապատասխան էկոլոգիական մասնագիտական գնահատականների։ Իսկ դա վտանգավոր է, որովհետեւ այն շրջաններում, որտեղ եղել են մարտական գործողություններ, պետք է «էկոլոգիական առումով լինեն բեռնաթափված ու անվտանգ», նոր միայն իշխանությունները կարող են խոսել դրանց հետկոնֆլիկտային յուրացման մասին։ Հետկոնֆլիկտային յուրացումը միայն ականազերծումը չէ, այլ նաեւ էկոլոգիական խնդիրների վերացումը։ Մյուս հետաքրքիր դրվագն այն է, թե որքան ժամանակ է պետք 44-օրյա պատերազմի էկոլոգիական վնասները վերականգնելու համար։ Մասնագետները ըստ ուղղությունների նշում են տարբեր ժամկետներ։
Ընդ որում, վերականգնում ասելով՝ դիտարկվում է կարճաժամկետ հեռանկարի վերականգնում, որը կարող է տեւել՝ 1-10 տարի, միջին ժամկետային հեռանկարի համար նախատեսված վերականգնում` 10-50 տարի եւ երկարաժամկետ հեռանկարի համար վերականգնում՝ 50-100 տարի։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ առանձին վնասված էկոհամակարգերի վերականգնումն իրականացվում է 1-10 տարվա ընթացքում՝ ըստ էկոհամակարգերի բարդության, անտառների եւ հողերի մասնակի վերականգնումն իրականացվում է 10-50 տարում, իսկ երկարատեւ՝ կամ էկոհամակարգային լիարժեք վերականգնումը իրականացվում է 50-100 տարում։