Իրանը հաղթական խաղաթուղթ ունի ձեռքին ու չի հրաժարվելու դրանից
Fri, 24 Apr 2026 15:15:51 +0400
«Հրապարակի» զրուցակիցն է Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը:
-Պատերազմի սկզբից 50-օրից ավելի է անցել, սակայն իրանական կողմը չի նահանջում, պահանջում են փոխհատուցել Իրանին պատճառված վնասները: Այս նախապայմանները արդյո՞ք չեն խոսում այն մասին, որ սա Իրանի, չասեմ` հաղթանակի, սակայն դիրքերը հաստատուն պահելու շնորհիվ է:
-Միանշանակ այդպես է, ես հենց հաղթանակ բառը կօգտագործեմ, որովհետև 21-րդ դարի պատերազմներում, երբ դու թույլ չես տալիս, որ քո թշնամին իրականացնի իր նպատակները և ընդհակառակը` քո կամքն ես թելադրում, թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո, դա բնութագրվում է որպես հաղթանակ: Դա խոսում է այն մասին, որ Իրանը ներկա դրությամբ տարածաշրջանում թելադրող ուժն է, լինի դա քաղաքական, թե ռազմական: Կա գլխավոր բանալին՝ Հորմուզի նեղուցը, որը Իրանի ձեռքում է և դրա միջոցով ուղղակի ազդեցություն են գործում միջազգային տնտեսության վրա, ոչ միայն էներգետիկ, այլ տարբեր ոլորտներում, և իմաստ չի տեսնում, որ ԱՄՆ թելադրած պայմաններով նստի բանակցությունների շուրջ կամ հրաժարվի իր ներկայացրած պահանջներից, այդ թվում Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի իրավասությունը և վերահսկողության ճանաչումը և նաև փոխհատուցումը պատճառված վնասների, որոնք կրել էր Իրանն այս պատերազմի ընթացքում:
-Իսկ ամերիկյան կողմի վերջին հայտարարություններն ինչի՞ մասին են խոսում:
-Թրամփի հայտարարությունները հակասում են մեկը մյուսին, այսինքն, այս 40-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ինքը տասնյակներով, գրեթե ամեն օր հայտարարություններ է արել, այդ օրվա հայտարարությունը հակասել է նախորդ օրվա հայտարարությանը, հաջորդ օրվանը հակասել է այսօր արված հայտարարությանը: Ինչ վերաբերում է ներկա հայտարարություններին, ակնհայտ է երկու բան, մեկ` ամերիկյան վարչակազմը և անձամբ Թրամփը, փորձում են այս փակուղային վիճակից դուրս գալու հնարավորություն գտնել, մի կերպ դուրս գալ այս պատերազմից: Իր համար շատ կարևոր է, որ իր ներքին լսարանի ու նաև միջազգային հանրության վրա տպավորություն թողնի, թե` տեսեք, ես կրկին հաղթեցի, ինչը չի ստացվում, հիմա կարևորը դուրս գալն է: Եվ երկրորդը. այս հայտարարությունները հոգեբանական ճնշման փորձ են իրանական կողմի վրա, որպեսզի պարտադրեն Իրանին նստել բանակցությունների շուրջ և որոշակիորեն ընդունել Միացյալ Նահանգների պայմանները. Փորձված միջոց, որը արդյունք չի տվել այս պատերազմի ընթացքում և չի էլ ունենա արդյունավետություն: Մենք մի բան պիտի նկատի ունենանք, 3 կարևոր իրադարձություն, թվական կա առջևում՝ 6 օր հետո ավարտվելու է այն 60-օրյա ժամկետը, համաձայն որի Թրամփը կարող էր առանց Կոնգրեսի հավանության պատերազմական գործողություններ ծավալել Իրանի դեմ: Թրամփի համար միանշանակ պարզ է, որ այդ ժամկետի ավարտից հետո շատ դժվար է լինելու Կանգրեսից թույլտվություն ստանալ՝ ռազմական գործողությունները վերսկսելու համար: Մոտ ապագայում նախատեսվում է իր այցելությունը Չինաստան. նախ պատերազմական իրավիճակում Չինաստան այցելելն անիմաստ է, և երկրորդ, ինքը փորձում է Չինաստան այցելել, որոշակի ձեռքբերումներով այս պատերազմից դուրս գալ, եթե դա հնարավոր է; Չմոռանանք, որ առջևում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է և Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ոչ միայն ներքին կայունություն, այլ նաև միջազգային ասպարեզում այնպիսի պայմաններ, որպեսզի ինքը կարողանա այդ մրցումները կազմակերպել: Սրանք շատ կարևոր իրադարձություններ են և Թրամփն ամեն գնով փորձում է հաջողեցնել այդ ձեռքբերումներն ունենալ, դա որպես հաղթաթուղթ ներկայացնելու համար:
-Տեղեկություն եղավ, որ Իրանը հրադադարի երկարաձգման տարբերակներն է ուսումնասիրում: Հնարավո՞ր է այս տեղեկատվությունն իրականությանը համապատասխանի, չնայած կարծես թե Իրանը հակված չէ հրադադարը երկարաձգելուն:
-Որևէ պետություն չի ցանկանում ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ: Իրանը ևս չի ցանկանում, որ սկսվեն պատերազմական գործողությունները: Ես այնքան էլ չեմ վստահում արևմտյան աղբյուրների տված տեղելկատվությանը, որովհետև Իրանը հաղթական խաղաթուղթ ունի իր ձեռքում, որը կարող է օգտագործել: Հիմա ընկնել, ելքեր փնտրել, որպեսզի խաղաղություն լինի, հայտարարել, որ Իրանը փորձում է ենթակառուցվածքները պահպանել հարվածներից, եւ..եւ… դրանք իրականությանը այնքան էլ չեն համապատասխանում, որովհետև առաջին իսկ օրվանից Իրանը գիտեր, թե այս պատերազմի ընթացքը ինչպիսին է լինելու, առաջին օրվանից իրենք գիտեին, որ թիրախավորվելու են` քաղաքական և ռազմական ղեկավարությունը և որ այդ ընթացքում թիրախավորելու են նաև ենթակառուցվածքները և պատրաստ էին դրան: Շեշտում եմ, Իրանի համար ևս ցանկալի չէ պատերազմը վերսկսելը, այդուհանդերձ, իրենք ուղղակի հայտարարել են, որ պատրաստ են պատերազմական գործողություններին և իրենք չեն, որ փնտրում են հրադադարի ռեժիմի երկարաձգումը: Եթե այդպես լիներ, տրամաբանորեն` այս օրերի ընթացքում պետք է նախատեսված այդ հանդիպումը Պակիստանում տեղի ունենար, բայց գիտեմ, որ այն հետաձգվել է հենց Իրանի ներկա չգտնվելու որոշման հետևանքով, որովհետև իրանական կողմը գտնում է, որ իր պահանջները չեն բավարարվել: Սա, մեծ հաշվով, խոսում է ամեն ինչի մասին: