Աննա Հակոբյան, մի հերքում էլ Դանիել Իոաննիսյանի հայցի առիթով տարածիր
Fri, 24 Apr 2026 22:45:59 +0400
«Տիկին Հակոբյան, Ձեր հիմնադրամը նախընտրական այս փուլում հնարավո՞ր է, դադարեցնի բարեգործությունը», «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այս հարցով այսօր մոտեցավ Ծիծեռնակաբերդ այցելած Աննա Հակոբյանին, որը ոչինչ չպատասխանեց լրագրողի հարցին եւ դեմքի՝ իրեն հատուկ արհամարհական արտահայտությամբ հեռացավ: Ժողովուրդը կասեր՝ օձի դեմքով: Իսկ պետական պաշտպանության աշխատակիցները բրդբրդելով հեռացրեցին լրագրողներին տարածքից, թույլ չտալով շարունակել հարցախույզը: Նրանք նորից ուրուի նման հետեւում ու պաշտպանում են Փաշինյանի հետ քաղաքացիական ամուսնությունը վերականգնած կնոջը:
Էլի գոհ ենք, ու պատրաստ ենք Աննա Հակոբյանին ծաղկեփունջ ու քաղցրավենիք ուղարկել, որ իր այցի արդյունքում ոչ մեկի դեմ քրեական վարույթ չհարուցվեց, ոչ մեկին չկալանավորեցին կամ չծեծեցին: Կարող էր, չէ՞, այս անգամ էլ լրագրողի դեմ վարույթ հարուցել տալ, ինչպես նախորդ տարի` իրեն ռեպլիկ նետածների նկատմամբ հարուցվեց, որոնք մինչեւ հիմա դատվում են: Կարող էր նաեւ կանգնել ու նախօրեին «Հրապարակի» հոդվածի կապակցությամբ իր գրած «հերքումը» ընթերցել: Հրապարակման մեջ ընդամենը պնդել էինք, որ Աննա Հակոբյանը նախընտրական շրջանում բարեգործությամբ զբաղվելու իրավունք չունի, եւ բարեգործության արգելքը եթե տարածվում է մյուս քաղաքական ուժերի վրա, առավել եւս պետք է տարածվի «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Կրթվելը նորաձեւ է» շարժման վրա: Եւ ասել, թե իր բարեգործական ծրագրերը վաղուց էին սկսված, հին են եւ ինքն իրավունք ունի դրանք իրականացնել, իսկ, ասենք, «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակում տեղ չգտած Գոհար Ղումաշյանն իրավունք չունի անգամ 103-ամյա տատիկին հեռուստացույց նվիրելու մասին խոսել, անհեթեթ է: Մեկ էլ Աննա Հակոբյանը մեզ մեղադրել է, թե «եթե մի քիչ պրոֆեսիոնալ լինեիք», պարզած կլինեիք, որ, «Կրթվելը նորաձեւ է»-ն հասարակական կազմակերպություն չի: Իբրեւ թե անչափ կարեւոր է` այդ ՀԿ-ն արդեն գրանցված է, թե դեռ գրանցման փուլում է, եւ այլն, եւ այլն:
Ոչ միայն մենք՝ լրագրողներս ենք Աննա Հակոբյանին մեղադրում բարեգործության անվան տակ մարդկանց շահագրգռելու, օրինակ, մի խումբ լրագրողների Փարիզ տանելու, կամ Յոգայի դասընթացներ կազմակերպելու մեջ, այլեւ իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա, ապրիլի 23-ին ֆեյսբուքյան գրառում էր արել, որում անդրադարձել էր Աննա Հակոբյանի թույլ տված օրենսդրական ենթադրյալ խախտումներին: Դրանց թվում նշել է. «Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին»:
«Խախտումը նրանում է, որ լինելով ՔՊ կուսակցության հետ աֆիլացված հիմնադրամ, բարեգործություն են իրականացրել», – ասաց Դանիել Իոաննեսյանը «Հրապարակի» հետ զրույցում: Նա չգիտի, թե երբ վարչական դատարանը կուսումնասիրի իր դիմումը, նշում է, որ հավանաբար, դա կտեւի ամիսներ: Իոաննիսյանին մի քանի հարց էլ ուղղեցինք:
– «Հրապարակը» գրել է այդ մասին, բայց Աննա Հակոբյանը ճռճռան որակումներով հերքում- առարկություն է հրապարակել, թե այդ ծրագրերը, որոնք իրականացնում է նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը, նոր չեն:
-Այո, բայց «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի 6.1 մասը ենթադրում է, որ այդ գործունեությունը պետք է կասեցվի:
-Այսինքն, կարող էր հետաձգել դրանք` նախընտրական շրջանի տրամաբանությունից ելնելով:
-Կարող էր, թե ոչ՝ կապ չունի: Ընտրական օրենսգիրքը ենթադրում է, որ պետք է կասեցվի, ուրեմն, պետք է կասեցնեին: Դա հանցագործություն չի, վարչական իրավախախտում է:
Հիշեցնենք՝ «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի 6.1-ը ասում է. «Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Սույն հոդվածի իմաստով՝ կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Սույն հոդվածով սահմանված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու»։