Երկուսը՝ մեկում․ ժողջանին կսիրաշահեն ու կպատրաստվեն հերթական հանձնմանը
Mon, 27 Apr 2026 21:45:22 +0400
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մեծ ծավալի ասֆալտապատում է կատարվել երկրով մեկ։ Դրա պատճառները մի քանիսն են։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ իրենք ասֆալտ շատ են սիրում։
Նախ, որովհետեւ դա ամենաակնառու բանն է` դրանք բոլորին են տեսանելի, դրանցից բոլորն են օգտվում եւ գնահատում: Եվ երկրորդը` փողն ասֆալտի մեջ է։ Այս իշխանության տարիներին զարգացման մեծ ծրագրեր չեն իրականացվել, ոչ մի նոր արտադրություն չի հիմնվել, ներդրումներ գրեթե չկան, ուստի ասֆալտապատումներով փորձում են փակել այդ բացը` հանրության վրա աշխատելու, մեծ գործեր անելու տպավորություն թողնել։
Այդ ասֆալտապատումները պետբյուջեից են արվել, թե վարկերով, նախատեսված ժամկետից որքան ուշացումով, ինչ որակով, քանի տարի պիտանելիության ժամկետով` իշխանական քարոզչությունն աշխատում է անտեսել։
Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը՝ ապրիլի 26-ին, Տավուշի մարզ այցելության ընթացքում լրագրողի, ավելի ճիշտ՝ զբոսավարի նման, լայվերով ներկայացրել է Տավուշում կառուցված ճանապարհները։ Փաշինյանին անտառում ներկայացրել են Ենոքավան-Ջուջեւան ավտոճանապարհի ծրագիրը, որի փոքր մասն է կառուցվել, մնացածը դեռ նախագծման փուլում է։
Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի մայրուղիներում խցանումներ էին առաջանում, դրանք հաղթահարելու համար ճիշտ լուծում չէր լինի լայնացնել այդ մայրուղիները, այդ պատճառով սկսել են այլընտրանքային ճանապարհներ կառուցել՝ որպես օրինակ նշելով Տավուշի մարզում կառուցված այլընտրանքային ճանապարհները։
Սակայն Փաշինյանը ճիշտ չի ասում․ Տավուշի մարզում, ընդհանրապես՝ Հայաստանի ճանապարհներին խցանումներ չեն լինում։ Ավտոմեքենաների խցանումներ հիմնականում Երեւանում են լինում։ Տավուշում գործարկված կարեւոր ճանապարհներից է մարզկենտրոն Իջեւանը Բերդ համայնքին կապող ճանապարհի Գանձաքար-Իծաքար մոտ 35 կիլոմետր երկարությամբ հատվածը։ 1990-ական թվականների երկրորդ կեսին է կառուցվել այդ ճանապարհը, սակայն այն ասֆալտապատ չէր, հողային էր։
Այդ ճանապարհի հիմնանորոգումը կամ կառուցապատումը սկսվել է 2022 թվականին, նախատեսվում էր ավարտել 2023թ․ սեպտեմբերին, սակայն նախատեսված ժամկետից ավելի քան 2 տարի ուշ գործարկվեց: Խախտվել է նաեւ Գեղարքունիքի մարզը Բերդ համայնքին կապող Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի կառուցման ժամկետը։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այդ ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2024թ․ նոյեմբերին, սակայն կապալառուի մեղքով հետաձգվել է, որի համար կապալառու շինարարական կազմակերպությունը ենթարկվել է ֆինանսական տույժի։ Մի այլ խնդիր էլ կա, որ լուծում է պահանջում։
Թթուջուր-Նավուր, Գանձաքար-Իծաքար ճանապարհները Գեղարքունիքի մարզը եւ Իջեւանը կապում են Բերդ համայնքին, սակայն գործարկված ճանապարհների շարունակությունը՝ Նավուր-Բերդ մոտ 10 կիլոմետրանոց հատվածն անբարեկարգ, փոսառատ է, խնդիրներ է առաջացնում երթեւեկության համար։ Նավուր-Բերդ ճանապարհի հիմնանորոգման համար առաջիկայում մրցույթ են հայտարարելու։ Ենոքավան-Ջուջեւան, Իծաքար-Գանձաքար ճանապարհների կառուցումն ունի նպատակ, որի մասին չեն բարձրաձայնում։ Որքան էլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղություն է հաստատվել, այդ փխրուն խաղաղությունը, ավելի ճիշտ՝ տեւական հրադադարը, կախված է Ադրբեջանից, այդ երկրի պահանջների կատարումից։
Ադրբեջանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է հանձնի խորհրդային ժամանակ գոյություն ունեցած անկլավները՝ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն։ Վերին Ոսկեպարը եւ Կիրանց-Ոսկեպար գործող ճանապարհն Ադրբեջանին հանձնելու դեպքում վտանգվելու է Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը։ Խորհրդային ժամանակ ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու փոքր գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելու պարագայում վտանգվելու է Իջեւան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ տրանսպորտային կապը։ Ենոքավան-Ջուջեւան, Գանձաքար-Իծաքար, Թթուջուր-Նավուր ճանապարհների գործարկումը թույլ է տալիս Իջեւանի հաղորդակցությունը Բերդ եւ Նոյեմբերյան համայնքների, ինչպես նաեւ՝ Բերդի կապը Գեղարքունիքի, Երեւանի հետ իրականացնել այդ նորակառույց ճանապարհներով։
Փաստորեն, կստացվի երկուսը՝ մեկում, նոր ճանապարհներով ժողջանի աչքը կշոյեն եւ այդ ճանապարհների գործարկումով կպատրաստվեն Իլհամ Ալիեւի հերթական պահանջի կատարմանը։