«Հրապարակ». Աննա Հակոբյանը երբեք իրեն առաջին տիկին չի համարել ու ՔՊ-ի հետ իրեն չի ասոցացնում
Tue, 28 Apr 2026 10:25:49 +0400
Երեկ Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս էր հրավիրել, որ հայտարարի` պատրաստվում է դատի տալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանին եւ «Անկախ դիտորդ» դաշինքին, որոնք խախտել են իր իրավունքները, արատավորել են «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը: Նա պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Իոաննիսյանին՝ անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու համար: Ասուլիսի մասնակիցներին արգելվեց այս թեմայից դուրս որեւէ հարց տալ Աննա Հակոբյանին: Իոաննիսյանը, ինչպես հայտի է, մեղադրում է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենին՝ բարեգործության արգելքը խախտելու համար, եւ Վարչական դատարան է դիմել՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել նրան:
Թե ինչով է Իոաննիսյանը խոչընդոտել Աննա Հակոբյանի ընտրական իրավունքը, ասուլիսին մասնակցող լրագրողներով այդպես էլ չհասկացանք: Տպավորություն էր, թե Աննան մի քանի օրենսգիրք է վերցրել, գնացել նստել է Օպերայի այգու նստարանին, որտեղ սիրում է նկարվել, ու իրար հետեւից կարդում է դրանք՝ իրեն պատկերացնելով տուժողի, զոհի դերում: Կարդացել է Սահմանադրության 7-րդ հոդվածը` քվեարկության գաղտնիության իրավունքի վերաբերյալ, Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը՝ ազատ ու կամավոր ընտրության մասին, ու խղճացել է ինքն իրեն: «Ոչ ոք իրավունք չունի պարտադրել ընտրողին՝ քվեարկելու որեւէ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաեւ՝ հարկադրել ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»,- ասում էր նա, ու այդ «ոչ ոքը» Դանիելն է: Հետո երեւի կարդացել է Մարդու իրավունքների կոնվենցիան ու երրորդ հոդվածում հետաքրքիր միտք գտել՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչը, ըստ ՄԻԵԴ-ի պրակտիկայի, ներառում է նաեւ հոգեբանական ճնշման, նվաստացման ձեւերը: Հետո բացել է կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ արտահայտվելու ազատության իրավունքի մասին, ու հասկացել է, որ, ախր, իր այս իրավունքն էլ է խախտվել: Հետո հիշել է, որ ՄԱԿ-ը կոնվենցիա ունի՝ կանանց իրավունքների մասին, որից ինքը՝ որպես կին, կարող է օգտվել: Կա փաստաթուղթ, որը կոչվում է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա»: «Խախտվել են Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը, ներառյալ՝ հոգեբանական եւ հուզական բռնության ձեւերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով եւ դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսեւորում»,- ասում էր նա:
Դանիել Իոաննիսյանը նորմալ է վերաբերվում Աննա Հակոբյանի հնչեցրած մեղադրանքներին եւ իր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: «Լրիվ նորմալ է, որ մարդու դեմ իրավական գործընթաց ենք սկսել, նա էլ փորձում է մեր դեմ իրավական գործընթաց սկսել: Իր սահմանադրական իրավունքն է… բայց մի քիչ տարօրինակ են իր հայտարարությունները խոշտանգման եւ խտրականության վերաբերյալ: Մի քիչ տարօրինակ են նրա հայտարարությունները եւ զարմացնող»,- մեր հարցին պատասխանեց Իոաննիսյանը:
– Ընտրություններին ազատ մասնակցելու նրա իրավունքը Դուք ինչո՞վ եք խախտել, կամ՝ քվեարկության գաղտնիությանը վերաբերող դրույթներ է առաջ քաշում:
– Ոչնչով չեմ խախտել:
– Մարդիկ կասկածում են, որ Աննա Հակոբյանն ու Դանիել Իոաննիսյանը նախընտրական խաղ են սկսել, որ վերջում դատարանը մի քանի հազար տուգանի Աննային, ու ստեղծվի դեմոկրատական երկրի իմիջ։ Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:
– Անլուրջ: Մարդկանց մտքով չի անցնում մի հասարակ բան` դիտորդական առաքելությունը տեսել է երեւույթը, համարել ենք, որ այդտեղ խախտում կա, արել ենք այն, ինչը որ դիտորդական առաքելությունը պետք է անի, անկախ նրանից, թե անձամբ ինչպես ենք վերաբերվում Աննա Հակոբյանին՝ լավ, թե վատ: Տեսել ենք, արձանագրել ենք: Կներեք, էլի, պետք չէ մեզ չափել այն մարդկանց արշինով, որոնք իրենց նախընտրությունների բերումով ինչ-որ բան անում են կամ չեն անում: Ես մարդ եմ, որը, երբ խախտում էր արել կորոնավիրուսի ժամանակ, գնացել է ոստիկանություն ու առաջարկել է իրեն տուգանել, որովհետեւ ես խախտում եմ արել:
Նկատենք, որ ասուլիսի մասին հայտարարվել էր դրանից մի քանի ժամ առաջ: Շատ լրագրողների, որոնք եկել էին ներկա գտնվելու, մետաղորսիչների մոտից հետ էին ուղարկում Աննա Հակոբյանի թիկնապահները, քանի որ նրանք «հավատարմագրված չէին»: Իսկ նրանք, որոնց ներս թողեցին, Աննա Հակոբյանի հայտարարություններից ուշքի չէին գալիս` մի հարցը 100 անգամ տարբեր ձեւակերպումներով տալիս էին:
Փաստորեն, Աննա Հակոբյանը գտնում է, որ ինքը եւ իր «Իմ քայլը» հիմնադրամը որեւէ կերպ չեն ասոցացվում ՔՊ-ի հետ, ինքը եւ հոգաբարձուների խորհրդի անդամները պատգամավորի թեկնածուներ չեն, հետեւապես նախընտրական շրջանում բարեգործությամբ զբաղվելու իրավունք ունեն: Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչու չի ուզում հետաձգել իր հիմնադրամի բարեգործական ծրագրերը, պատասխանեց, որ դրա համար որեւէ պատճառ չի տեսնում, քանի որ հիմնադրամը չի խախտում ՀՀ օրենսդրությունը։ Կարեւոր չէ, որ հիմնադրամի անունը ՔՊ-ի նախկին դաշինքի անվանումն է: Կարեւոր չէ, որ ինքը Փաշինյանի կինն է, համենայնդեպս, նրա հետ է ապրում: Կարեւոր չէ, որ օգտվում է պետության տրամադրած պետական պաշտպանությունից, որ պետությունը նրան մեքենա է տվել, որ նա մի քանի օր առաջ Գյումրիում ՔՊ-ի քարոզչության ժամանակ Նիկոլի կողքին էր: Այս ամենը չի նշանակում, որ ինքը մասնակցում է նախընտրական քարոզարշավին, եւ եթե հանկարծ ՀՀ քաղաքացիները նրան մեղադրեն ՔՊ ասեղը թելելու մեջ, կասի, որ խախտում են իր ազատ ընտրության իրավունքը, եւ կդիմի դատախազություն, որ ասողի դեմ գործ հարուցեն:
Աննա Հակոբյանը, ինչպես միշտ, նաեւ դասեր էր տալիս լրագրողներին, առաջարկում էր հիմնադրամի հաշվին Փարիզ ուղարկել` կուրսերի, մեղադրում էր «սխալ» հարցեր տալու համար: Կատակ-հարցին, թե հնարավո՞ր է, որ իր ձայնը տա, ասենք, Ռոբերտ Քոչարյանին, պատասխանեց, թե չի կարելի նման հարց տալ. «Նման հարց հնչեցնելը կոպտագույն խախտում է իմ ու ձեր իրավունքները պաշտպանող օրենսդրության, որոնք մենք պետք է փայփայենք»: Մեր հարցին, թե ինչու նույն ջանասիրությամբ չէր պաշտպանում մեկ այլ կնոջ՝ Գոհար Ղումաշյանի իրավունքը, որին մեկ ձայնագրության հիմքով մեղադրանք են առաջադրել, թեեւ նա էլ թեկնածու չէ եւ միշտ է բարեգործությամբ զբաղվել, ասաց. «Դուք Ձեր հարցի մեջ ասեցիք՝ ձայնագրություն, կուսակցության անդամ է այդ անձնավորութունը, դրանք նյուանսներ են, կին է` ի՞նչ կապ ունի, որ կին է, համեմատել ու այդ հարցն ինձ ուղղելը ճիշտ չէ»:
Եվ օրվա սենսացիան. Աննա Հակոբյանը հայտարարեց, թե ինքն իրեն առաջին տիկին չի համարում ու երբեք չի ունեցել նման կարգավիճակ: «Առաջին տիկնոջ կարգավիճակը դա էնպիսի մի սիմվոլիկ, հայեցողական, քարոզչական… ես դրա իմաստը լավ չեմ հասկանում»: Բա ինչո՞ւ է իր մասին միշտ գրում՝ առաջին տիկին: «Որովհետեւ բոլորն այդպես են կոչում»: Խոսքը փոխելու հարցում Աննան ու Նիկոլն իրար, ինչ խոսք, լավ են գտել: