«Հրապարակ». Ամոթալի է ՀՀ որեւէ տարածք` լինի ուղի կամ այլ միավոր, կոչել երրորդ պետության նախագահի անունով
Tue, 28 Apr 2026 10:15:38 +0400
Հարցազրույց իրանագետ, ԵՊՀ պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի հետ
– Իրանի դեմ պատերազմը կարծես վերածվել է Հորմուզի նեղուցի վերահսկողության խնդրի: ԱՄՆ-ն կկարողանա՞ այդ խնդիրը լուծել իր ուզածով:
– Իրանցիները լավ նախապատրաստվել են պատերազմական նման սցենարի, որը ենթադրում է ասիմետրիկ գործողություններ, եւ դրա գործիքակազմերից մեկը, որ Իրանն ակտիվորեն օգտագործում է, Հորմուզի նեղուցն է: Նեղուց, որը ջրային նեղ տարածք է, եւ Իրանը, լինելով այդ տարածքի հյուսիսային ափին, ունի հնարավորություն՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ աշխարհագրական առումով վերահսկելու այն: Իսկ նեղուցը ոչ միայն կարեւոր հաղորդուղի է, այլեւ չափազանց կարեւոր է համաշխարհային էներգետիկ անվտանգության տեսանկյունից, որովհետեւ աշխարհում սպառվող նավթագազային պաշարների 20 եւ ավելի տոկոսն անցնում է Հորմուզի նեղուցով, նաեւ այլ ապրանքներ` պարարտանյութ եւ այլն: Ուստի Իրանը պատերազմի առաջին իսկ շաբաթը վերահսկողություն հաստատեց նեղուցի վրա` փորձելով իր ասիմետրիկ քաղաքականության շրջանակներում համաշխարհային տնտեսության համար խոչընդոտներ ստեղծելով` զսպել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան, եւ դա զգալիորեն հաջողվեց: Որովհետեւ ԱՄՆ-ում չափազանց կարեւոր է վառելիքի գինը, որն ազդում է ներքաղաքական տրամադրությունների վրա: Ուստի, ստեղծվել են նկատելի դժվարություններ այս վարչակարգի համար: Եթե կարճ` ըստ էության, Իրանի դեմ պատերազմը վերածվել է Հորմուզի նեղուցի համար պատերազմի: Եվ այս իրավիճակը կառավարելու համար ԱՄՆ գործիքակազմը հարուստ չէ: Եթե նեղուցն ամբողջովին վերահսկելու խնդիր դրվի, ապա պետք է իրականացվեն ցամաքային գործողություններ, որն անիրատեսական է Իրանի պես հսկայածավալ երկրում, քանի որ ցամաքային գործողություններով Իրանը նվաճելու համար, ըստ տարբեր գնահատականների, պահանջվելու է կես միլիոնանոց բանակ, որն ԱՄՆ-ն չի կարող ապահովել` հաշվի առնելով լոգիստիկան եւ այլն: Նաեւ՝ այն, որ Իրանում ամեն պատի հետեւից կրակելու են ամերիկացիների վրա: Իսկ ԱՄՆ-ն որեւէ այլ լծակ չունի, բացի ցամաքային գործողության միջոցով նեղուցը բացելը: Քանի որ դա անիրատեսական է, փորձում են ամբողջ Իրանը ենթարկել ծովային շրջափակման, որն այդքան էլ հաջող չի ընթանում:
– Իսկ ի՞նչ վտանգներ է պարունակում Թրիփփն իր մեջ: Կարելի՞ է ԱՄՆ-ին՝ Իրանի քթի տակ նման բան տեղակայել կամ մեր եւ Իրանի պետական սահմանն ամբողջովին վարձով տալ մեկ այլ պետության:
– Ընդհանրապես, չի կարելի ՀՀ որեւէ տարածք, անկախ տեղից ու չափերից, տրամադրել օտարերկրյա պետության: Ինքնիշխանության ցուցիչը հենց դա է, որ դու չես անում նման քայլեր: Ընդհանրապես, ամոթալի է ՀՀ որեւէ տարածք, լինի դա ուղի կամ աշխարհագրական այլ միավոր, կոչել որեւէ երրորդ պետության նախագահի անունով: Հետեւաբար, նույնիսկ անվանումն ինձ համար առնվազն ամոթալի է: Ինչո՞ւ պետք է Սյունիքի մարզում լինի մի տարածք, որը կոչվի ԱՄՆ կամ որեւէ այլ երկրի նախագահի անունով: Հետեւաբար, այս հանգամանքը, գուցե զգացական մակարդակում, բայց մենք պետք է քննարկենք: Մյուս կարեւոր խնդիրը, եթե գանք աշխարհաքաղաքական ելակետին, ապա կարող ենք 2 սցենար ունենալ, խոշոր հաշվով: Սցենար համար 1. դիցուք, ԱՄՆ-ն կարողանում է իշխանափոխության հասնել Իրանում, որի հետեւանքով իշխանության է գալիս մեկը, որն Ամերիկայի խամաճիկն է: Այդ դեպքում Թրիփփ կոչված նախագիծը վտանգվում է, որովհետեւ ամբողջ Իրանի տարածքը փաստացիորեն դառնում է Թրիփփ: Այսինքն, այդ ուղին Ամերիկայի համար կորցնում է իր արդիականությունը, եւ ստեղծվում է լրացուցիչ վտանգ, որովհետեւ դա սկսում է արդիական դիտվել բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Սցենար համար 2. ԱՄՆ-ն չի կարողանում իշխանափոխության հասնել Իրանում, որն առավել իրատեսական է: Եթե Իրանում մնում է այն իշխանությունը, որն այսօր է, ապա այդ իշխանությունն իրականության մեջ շատ ավելի արմատական դիրքորոշումներ ունի ԱՄՆ-ի հանդեպ` հատկապես այս պատերազմի հետեւանքները նկատի առնելով, քան հանգուցյալ այաթոլա Խամենեիի ժամանակ էր: Հետեւաբար, այս համատեքստում իրանական դիրքորոշումները կոշտանալու են: Այսինքն, ամերիկյան յուրաքանչյուր ներկայություն, անկախ ձեւից` լինի ռազմական, թե տնտեսական, իրանական կողմից դիտարկվելու է վտանգ Իրանի անվտանգությանը: Եթե ուշադիր լինենք մինչեւ պատերազմը իրանական կողմի հայտարարություններին, ապա դրանք պետք է բանաձեւենք շատ կարճ ձեւակերպմամբ. մենք վստահում ենք Հայաստանին, բայց չենք վստահում Միացյալ Նահանգներին: Եվ դա Իրանի բնական իրավունքն է, որովհետեւ 2 անգամ` անցյալ եւ այս տարի, բանակցությունների ընթացքում Իրանը ենթարկվել է հարձակման:
– Եթե Թրիփփն անիրագործելի նախագիծ է, այդ դեպքում ի՞նչ է սպասվում՝ պատերա՞զմ, թե՞ մեկ այլ լուծում:
– Հայաստանից էլ հակասական հայտարարություններ են հնչում, թե առայժմ դա Միացյալ Նահանգների համար արդիական չէ: Հետո հարցում ուղարկվեց ԱՄՆ Պետդեպարտամենտ, եւ ստացվեց գրավոր պատասխան: Ընդ որում, պատասխանը շատ «հետաքրքիր» է, առաջին նախադասությունը հետեւյալն է. «Թրիփփը, որն ապահովելու է կապն Ադրբեջանի եւ նրա էքսկլավ Նախիջեւանի միջեւ»: Այսինքն, այն գեղեցիկ, փայլփլուն փաթեթավորումը, որով փորձ էր արվում այս ծրագիրը մեզ ներկայացնել, ըստ էության, սահմանափակվել էր Ադրբեջանի երկու հատվածների միջեւ կապն ապահովելու նպատակով: Եթե այդ ծրագիրը չիրականացվի, կրկին վտանգը բավական մեծ է: Ուզում եմ խոսել ավելի խոշոր խնդրի մասին. հիշո՞ւմ եք հայտարարությունը, թե 99 տարով ապահովել ենք Հայաստանի գոյությունը եւ այլն: Այսինքն, Հայաստանի պետականության գոյությունը կապված է ԱՄՆ որեւէ նախագահի կամ որեւէ ճանապարհի լինել-չլինելու հետ: Սա, ըստ էության, ՀՀ անվտանգության քաղաքականության տապալման խոստովանություն է: Հետեւաբար, մենք պետք է լրջորեն մտածենք 2 կարեւոր հանգամանքի մասին: Յուրաքանչյուր պետություն կայանում է 2 շատ կարեւոր առանցքային խնդիրների լուծման շնորհիվ: Առաջինն անվտանգության խնդիրն է, երկրորդը տնտեսության խնդիրն է: Եթե երկիրը տնտեսապես առաջադեմ չէ, եթե չի կարողանում սեփական անվտանգությունն ապահովել տարբեր մեխանիզմների միջոցով, առաջին հերթին` սեփական ուժերով, ապա այդ պետության ապագան մշուշոտ է: Հետեւաբար, մեր պետության ապագան պետք է կապենք ոչ թե մեկ ճանապարհի կամ մեկ ենթակառուցվածքի հետ, այլ, խոշոր հաշվով, պետք է մտածենք մեր պետության անվտանգության ճարտարապետությունը կառուցելու մասին: Դրա մեջ ԱՄՆ-ն էլ կարող է դեր ունենալ, բայց սա չի նշանակում, որ մենք մեր պետության գոյությունը պետք է կապենք զուտ մեկ ճանապարհի հետ: Կոպտագույն սխալ է եւ պոպուլիզմի հերթական դրսեւորում:
– Ադրբեջանն ու Թուրքիան Թրիփփը համարում են «Զանգեզուրի միջանցք»` իրենց ինքնիշխան տարածքի մաս, Հայաստանը` «Արեւմտյան Ադրբեջան», որը մենք չլսելու ենք տալիս: «Միջանցքն» ուժով բացելու դեպքում ի՞նչ կարող ենք սպասել Իրանի կողմից:
– Ակնհայտ է, որ իրանական կողմը նախանշել է կարմիր գծեր, դրանցից մեկը ՀՀ տարածքային ամբողջականությունն է: Հաշվի առնելով, որ այժմ Իրանում շատ ավելի արմատական իշխանություն է, պետք է նկատի ունենանք, որ շատ ավելի ակտիվ եւ ռազմական ճանապարհով են հակազդելու, եթե Հայաստանի վրա, Աստված մի արասցե, տեղի ունենա ագրեսիա: Բայց մենք չենք կարող, ինչպես բացառապես մեկ ուղու եւ մեկ նախագահի, այնպես էլ մեր հույսը կապել միայն Իրանի հետ` առանց ապահովելու մեր անվտանգությունը, կոպտագույն սխալ կլինի դա մեր կողմից: Հետեւաբար, յուրաքանչյուր կայացած պետության առաջնահերթ գործառույթը տարածքային ամբողջականությունն է: Չի կարող լինել ինքնիշխան պետություն, երբ այդ պետության տարածքի թեկուզ մեկ թիզն օկուպացված է: Իսկ հիմա ՀՀ տարածքից օկուպացված հատվածներ կան:
– Այս ամենով հանդերձ, Հայաստանն ի՞նչ քաղաքականություն պետք է վարի տարածաշրջանում` ապահովելով իր անվտանգությունը, հարատեւությունը:
– Հայաստանում, առաջին հերթին, պետք է փոխվի խոսույթը: Պատկերավոր ասեմ, սառնարանում երշիկի առկայության խոսույթը պետք է փոխվի նույնիսկ սառնարան չունենալու գնով` անվտանգություն ունենալով: Անվտանգության մասին վստահեցնելն այս տարածաշրջանում սին խոսքեր են: Հայոց պատմությունը հազարամյակների պատմություն է եւ հիմնականում պատերազմների պատմություն է: Ուզենք թե չուզենք, մեր տարածաշրջանն այդպիսին է: Որեւէ մեկը չի կարող այնքան մանկամիտ, նաիվ լինել, որ հավատա, թե այս տարածաշրջանում հավերժական խաղաղություն է լինելու: Չի՛ լինելու, ցավալիորեն: Հետեւաբար, մենք՝ որպես ազգ եւ պետություն, պետք է սկսենք վերակառուցվել այդ տրամաբանության շրջանակում, որը պետք է սկսվի անհատական մակարդակից: Ինձ խորհրդային տարիներին հետեւյալ մտայնությամբ են դաստիարակել, որ կամուսնանաս, կունենաս 2 երեխա, ցանկալի է` մեկը՝ աղջիկ, մյուսը` տղա, որպեսզի իրենց ապահովես բարձրագույն կրթությամբ եւ այլն: Լավ է, որ մարդիկ բարձրագույն կրթություն են ստանում: Բայց ինձ պետք է դաստիարակեին այլ մեթոդաբանությամբ՝ կունենաս 10 երեխա, որոնցից 1-2-ը բարձրագույն կրթություն կստանան, 1-2-ը բանվոր կդառնան, 2-3-ը զինվոր կդառնան: Իսկ երբ դու ունենում ես 1 որդի, շատ ցավոտ բան եմ ասում, ապա դրա կորուստն անտանելի է: Ցանկացած զավակի կորուստն է մեծագույն դժբախտություն, բայց այս տարածաշրջանում, եթե մենք ուզում ենք շարունակվել, պետք է այդպես վարվենք: Չեմ ասում՝ գոյատեւել, քանի որ «Էրմենիստան» ցուցանակով էլ որպես ադրբեջանական պրոտեկտորատ կարող ենք գոյատեւել` տոլմա պատրաստելով, քոչարի պարելով իրենց համար, բայց դա մեր երազանքը չէ: Մեր երազանքն այս տարածաշրջանում գերակայության հասնելն է, զարգանալը, ոչ թե գոյատեւելը: Մենք պետք է վերակառուցենք մեր հասարակությունը. սոցիալական ինժեներիան` գաղափարախոսությունը, մտայնությունը, մեխանիզմները եւ այլն: Այսօրվա աշխարհում ամեն ինչ հնարավոր է եւ շատ արագ է հնարավոր: Հետեւաբար, առանցքում պետք է դրվի մի բան` անվտանգություն: Խաղաղությունն էլ պետք է միտված լինի անվտանգության ապահովմանը: Խաղաղությունը նպատակ չէ, խաղաղությունը գործիք է, անվտանգությունն է նպատակ: Հայաստանի ապագան ապահովելու համար մենք պետք է կարդինալ փոխվենք` գաղափարական իմաստով, մտայնությամբ, կենցաղով: Սպառողական հասարակությունը չի կարող անվտանգությամբ ապրող հասարակություն լինել: Մարդը բանականություն ունի, ի տարբերություն կենդանական աշխարհի, հետեւաբար միայն սնվելը, սպառելը եւ վայելքներին տրվելը չեն կարող լինել բանականության ցուցիչ: Դա բնազդի ցուցիչ է: Այսօրվա սպառողական աշխարհում շատ դժվար է դա անելը, բայց ես իդեալն եմ նշում, իսկ մենք դրան կկարողանանք հասնել, թե չենք կարողանա` ուրիշ խնդիր է: Բայց դու պետք է սահմանես բարձր նշաձողը եւ հասնես դրան: Գուցե չկարողանաս, բայց սահմանումը շատ կարեւոր է: Այս գաղափարախոսական բոլոր հանգամանքները պետք է վերնախավերը մշակեն: Մեզ արդեն խլացրել են ինչ-որ պատառիկներ այստեղից-այնտեղից պոկած ու իրար կպցրած «իրական Հայաստան» կոչեցյալ խոսույթով: Ո՞ւր է դրա հակառակ խոսույթը: Իսկ մենք, ընդհանուր առմամբ, անդրադառնում ենք, թե սա սխալ է: Ո՛չ: Դու ոչ թե պետք է գրախոսես այդ խոսույթը, դու պետք է քո խոսույթն առաջ բերես: