«Հրապարակ». Անհետ կորած 4 հազար քաղաքացիների ճակատագիրը հրատապ հարց է ադրբեջանցիների համար

«Հրապարակ». Անհետ կորած 4 հազար քաղաքացիների ճակատագիրը հրատապ հարց է ադրբեջանցիների համար

Tue, 28 Apr 2026 12:15:16 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովն է, որը պարբերաբար Հայաստան այցելող Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներից է։

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար արձանագրում են, որ մեր երկրների միջեւ խաղաղությունն արդեն փաստ է։ Սկսել են առեւտրային կապեր հաստատվել, քաղհասարակության ներկայացուցիչներն են փոխայցելություններ անում Հայաստան եւ Ադրբեջան։ Ադրբեջանական հասարակությունը կիսո՞ւմ է այդ տեսակետը, ինչպիսի՞ն է նրա արձագանքը։

– Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից փաստացի խաղաղության հաստատման մասին հայտարարություններն էական ազդեցություն ունեն խաղաղության գործընթացի հանրային ընկալումների վրա: Նշվում են նաեւ կառուցողական քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական համագործակցությունը: Այս ոլորտները լիովին կախված են երկու կառավարությունների քաղաքական կամքից: Այնուամենայնիվ, հանրային մակարդակում խաղաղության համապարփակ ընկալում ձեւավորելու համար զգալի ժամանակ է պահանջվում: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներն իրենց երկրներում հանդիպումներ են անցկացնում քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ, մասնակցում են լրատվամիջոցների քննարկումներին եւ սոցցանցերի մշտադիտարկում են անում: Այս հանդիպումների ընթացքում մենք կիսվում ենք մեր դիտարկումների արդյունքներով, եւ կարելի է վստահորեն ասել, որ ռազմական բախումների, զոհերի բացակայությունը եւ քաղաքական ու տնտեսական փոխազդեցության սկիզբը ընդունվում են ադրբեջանական եւ հայկական հասարակությունների մեծամասնության կողմից: Իհարկե, ադրբեջանական եւ հայկական հասարակությունները խաղաղության ընկալման, ապագա խաղաղության տեսլականի, խաղաղության օրակարգի վերաբերյալ իրենց առաջնահերթությունների եւ սպասումների հարցում տարբերություններ ունեն: Մեր ապագա գործունեության համար մենք հավաքագրում եւ համակարգում ենք կարծիքներն ու դիրքորոշումները: Պետք է նաեւ նշել, որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում խաղաղության օրակարգի տարբեր տարրերի նկատմամբ տարբեր սոցիալական շերտեր տարբեր պատրաստվածություն ունեն:

– Հայաստանում նախընտրական շրջան է, իսկ գործող իշխանությունների կարգախոսն այս փուլում՝ «տեր կանգնիր խաղաղությանը»։ Բաքվից էլ է երբեմն հնչում, թե Փաշինյանի պարտության դեպքում խաղաղությունը կվտանգվի։ Մի՞թե խաղաղությունն անձերով է պայմանավորված։ Եթե այդպես է, ո՞րն է քաղհասարակության ներկայացուցիչների շփումների իմաստը։

– Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնեցված խաղաղության օրակարգը երկկողմանի է եւ բաղկացած է երկու ստորագրված փաստաթղթերից՝ համատեղ հռչակագրից եւ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստից: Ստեղծվել է սահմանի սահմանազատման միջկառավարական հանձնաժողով: Բացի այդ, կան բանավոր համաձայնություններ, որոնք հիմք են հանդիսանում դիվանագիտական փոխգործակցության, տնտեսական համագործակցության եւ քաղաքացիական հասարակության երկխոսության պայմանների ստեղծման համար: Այս ամենը ձեռք է բերվել նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Եվ, իհարկե, այս գործընթացում անհատների դերը կարեւոր է: Ներկայում Հայաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն իրենց ծրագրային հայտարարություններում քննադատում են ստորագրված փաստաթղթերը, որոնք կազմում են խաղաղության օրակարգի հիմքը: Սա նշանակում է, որ եթե նրանք գան իշխանության, կարող են վերանայել ընդունված փաստաթղթերի տեքստերը, ինչը կհանգեցնի խաղաղության գործընթացի դադարեցման եւ հետագա վատթարացման: Այս համատեքստում դուք, որպես հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կարող եք հարցնել հայ ընդդիմության առաջնորդներին՝ ստորագրված փաստաթղթերի եւ խաղաղության օրակարգի շրջանակներում ընդունված բանավոր համաձայնությունների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին: Այս պատասխանները կորոշեն՝ արդյոք խաղաղության գործընթացը կախվա՞ծ է Փաշինյանի անձից, թե՞ ոչ:

– ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը պնդում է, որ Թրամփի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը լավ ընկերներ են դարձել, Ալիեւն ու Փաշինյանը՝ նույնպես։

– Դա ԱՄՆ նախագահ Թրամփի եւ նրա անձնական ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի դիրքորոշումն է։ Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ հարաբերություններն աշխատանքային, կառուցողական եւ պրագմատիկ են։ Կա մշտական շփում եւ կարծիքների բաց փոխանակում։ Ինչպես երեւում է առաջնորդների հայտարարություններից, կա համաձայնեցված խաղաղության օրակարգ։ Սա իրականացվում է իրավիճակի համատեղ ըմբռնման եւ երկրների ազգային շահերի հետապնդման միջոցով։

– Հայաստանում համոզված են՝ ՀՀ ներկայիս վարչապետի վերընտրությունը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ, անկախ ամերիկյան վարչակազմի հայտարարություններից, Փաշինյանը մշտապես կատարում է Բաքվի բոլոր պահանջները։ Բայց չէ՞ որ հայերն էլ արդարացի պահանջներ ունեն՝ Ադրբեջանի բանտերից հայ գերիների ազատում, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում եւ այլն։

– Ադրբեջանի համար կարեւոր է Հայաստանի դիրքորոշման պարզությունը եւ համաձայնեցված խաղաղության օրակարգի իրականացման կանխատեսելիությունը: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կպատասխանեն Ադրբեջանի այս սպասումներին։ Պաշտոնական բանակցային օրակարգը ներառում է մեծ թվով զգայուն թեմաներ եւ խնդիրներ: Մեր հասարակություններին հուզող տարբեր հարցեր քննարկվում են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ երկխոսություններում՝ ինչպես միմյանց միջեւ, այնպես էլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ: Ձեր նշած հարցերը բարձրացնում են Հայաստանի մասնակիցները։ Պետք է նաեւ հասկանալ, որ հակամարտության հետեւանքները չեն կարող շտկվել։ Անհետ կորած Ադրբեջանի մոտ 4 հազար քաղաքացիների ճակատագիրը հրատապ հարց է ադրբեջանական հասարակության համար: Հայաստանում քաղաքական գործիչները վերջերս պնդում էին, որ տեղեկություններ ունեն նրանց թաղման վայրերի մասին, բայց չեն տրամադրում այդ տեղեկատվությունը։ Այլ կերպ ասած, կան հարցեր, որոնք բացասաբար են անդրադառնում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում խաղաղության գործընթացի վրա: Այս հարցերից որոշների համար գոյություն ունեն մեխանիզմներ, օրինակ՝ միջկառավարական սահմանային հանձնաժողովը, որը շարունակում է իր աշխատանքը: Այնուամենայնիվ, կան հարցեր, որոնց համար մեխանիզմներ գոյություն չունեն: Սրանք այն օբյեկտիվ պայմաններն են, որոնց շրջանակներում ձեւավորվել եւ շարունակվում է խաղաղության օրակարգը:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել. Փաշինյանի շանսերն ավելի շատ են՝ հայտարարել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Նա քննադատել է նաեւ ընդդիմության մյուս առաջնորդներին։ Սա մեր երկրի ներքին գործերին միջամտություն չէ՞։ Արդյո՞ք հենց նման հայտարարությունները չեն խաթարում փոխվստահությունն ու խաղաղության գործընթացը։

– Էլմար Մամեդյարովը մասնավոր անձ է, Ադրբեջանի քաղաքացի, եւ սա ընդամենը մեկնաբանություն է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ այն քաղաքական գործիչների վերաբերյալ, որոնց հետ Էլմար Մամեդյարովն անձամբ ծանոթ է եղել: Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունները բազմաթիվ են, եւ դրանք արվում են Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Իրանում: Ավելին, այդ երկրների պաշտոնյաներն արտահայտում են իրենց դիրքորոշումները: Ես կարծում եմ, որ Էլմար Մամեդյարովի հայտարարություններն անհամեմատելի են Հայաստանի հասարակական կարծիքի վրա իրենց ազդեցությամբ Ռուսաստանի, ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունների հետ։ Ընտրական գործընթացի վրա արտաքին ազդեցության համատեքստում ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել արտաքին գործիչների գործողություններին, քան մասնավոր անձանց հայտարարություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գորիսի «պալմաները». Էկզոտիկ նորո՞ւյթ, թե՞ պատմական դիմագծի կորուստ

Գորիսի «պալմաները». Էկզոտիկ նորո՞ւյթ, թե՞ պատմական դիմագծի կորուստ Tue, 28 Apr 2026 14:15:14 +0400 ​Գորիսը՝…

17 րոպե ago

ԵՄ-ում հիշել են ընդլայնման մասին

ԵՄ-ում հիշել են ընդլայնման մասին Tue, 28 Apr 2026 14:00:11 +0400 Եվրամիությունը պատրաստ է սահմանափակ…

32 րոպե ago

Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի

Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի Tue, 28 Apr 2026 13:45:38 +0400 Քիչ առաջ ԿԸՀ-ն…

46 րոպե ago

18 տարեկան երեխաներին սահման տանել չի կարելի

18 տարեկան երեխաներին սահման տանել չի կարելի Tue, 28 Apr 2026 13:42:50 +0400 Կոտայքի մարզի…

49 րոպե ago

Ինձ ժողովուրդը խնդրել է մի քանի հարցի ուշադրություն դարձնել

Ինձ ժողովուրդը խնդրել է մի քանի հարցի ուշադրություն դարձնել Tue, 28 Apr 2026 13:40:29 +0400…

51 րոպե ago

Դավիթ Տոնոյանը՝ Կանդազի մասին

Դավիթ Տոնոյանը՝ Կանդազի մասին Tue, 28 Apr 2026 13:36:27 +0400 Դատարանի բակում լրագրողները հարց են…

55 րոպե ago