«Քաղաքացիներ», մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին

«Քաղաքացիներ», մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին

Tue, 28 Apr 2026 17:15:35 +0400


Եվ եկան ժամանակներ, երբ տեսանք, որ ապրիլի 24-ի օրը պետական մակարդակով պատրաստություն են տեսնում՝ հաջորդ օրը փողոցային խրախճանք կազմակերպելու համար։ Եվ Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդող օրը իրոք փողոցում երգում են, պարում ու տոնում քաղաքացու օրը։ Ասում են՝ այս տարի այդպես ստացվեց, տոնը համընկավ ցեղասպանության տարելիցին հաջորդող օրվա հետ։ Հիմա համընկավ՝ ի՞նչ անես, այս տարի էլ այդպես պատահեց՝ բացատրում են ՔՊ-ականները, որոնք այդ օրը հռչակելիս, թերեւս, գիտեին, որ ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում կա մի հիշատակի օր, որն աշխարհասփյուռ բոլոր հայերը սրբորեն նշում են։
Օրացույցն ասում է, որ 2027-ին ապրիլի վերջին շաբաթ օրը, որը քաղաքացու օրն է, ապրիլի 24-ն է՝ համընկել է մեկին մեկ։ Փաստորեն, ավելի վատ համընկնում եւս հնարավոր է։ Բայց՝ հանգիստ։ Օրենքը նախատեսել է, որ այն տարիներին, երբ քաղաքացու օրը համընկնում է ապրիլի 24-ի հետ, քաղաքացու օրը նշվում է դրա հաջորդ օրը, այսինքն՝ ապրիլի վերջին կիրակին։ Դա նշանակում է, որ մյուս տարի եւս մեզ սպասվում է նույն սցենարը․ մի օր՝ սուգ, մյուս օրը՝ խրախճանք։

Մենք, իհարկե, կարող ենք դադարեցնել այս արատավոր շրջանը, վերջ տալ անտեղի ու անպատեհ խրախճանքներին, վերջ տալ ինքներս մեզ դավաճանած այս հոգեվիճակին ու մոռանալ, որ կար հորինված մի տոն՝ «ՔՊ-ին ամեն դեպքում աջակցող քաղաքացու օրը»։ Հանրությունն ունի ռեալ հնարավորություն՝ հաջորդ տարի ապրիլի 24-ին չհիշատակել քաղաքացու օրը եւ դրա հաջորդ օրը փողոցում չանել խորոված-փարթի։ Սա չափազանց է մեր չարչարված քաղաքացիների համար․ մի օր հրավառված հոգիները ջահերով գնում են ոգեկոչման դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, հաջորդ օրը ծաղիկները խոնարհած լուռ թափորը նորից գնում է զոհերի հուշահամալիր, իսկ երրորդ օրը հանկարծ շատ կտրուկ մարդիկ փողոցում պարում են այն տհաս լոզունգի ներքո, թե «սգալու օրը սգանք, իսկ տոնի օրը տժժանք»։ Բայց մի խառնեք մեզ ձեր խորովածասեր ընտրազանգվածի (վայրի արջի) ցեղերին․ սգացողներն ու տոնողներն այս օրերին երկու տարբեր մարդիկ էին, նույն մարդիկ չէին, երկու տարբեր հասարակություն էր։

Ես ուշադիր հետեւել եմ ապրիլի 24-ի սգո թափորի ուղիղ եթերին, Ծիծեռնակաբերդի ճանապարհին նայել եմ մարդկանց դեմքերին եւ տեսել, որ այնտեղ գրեթե չկար մարդ, որը հաջորդ օրը պատրաստվում էր գնալ եւ տոնել «ամեն դեպքում ՔՊ-ին աջակցող» քաղաքացու տոնը։ Փորձն ապացուցողական աստիճանի հասցնելու համար՝ ապրիլի 25-ին էլ հետեւել եմ «քաղաքացու օր նշող եւ խորովածի հոտ քաշող» քաղաքացիների դեմքերին։ Այո, նույն մարդիկ չէին, ես կասեի՝ անգամ նույն ազգից չէին, նույն հոգսն ու մտքերը չունեին, տարբեր էին այնքան, որ գուցե ոչ էլ նույն մոլորակից էին։ Ուրեմն կան տարբեր տեսակի քաղաքացիներ, եւ պետք է հասկանալ, որ նրանցից միայն մի մասի տոնն է նշվում։

Այսպես. քաղաքացիների մի մասը, 24-ի նախորդ օրվանից սկսած եւ դրան հաջորդող օրով շարունակվող՝ սրբադասված անմեղ նահատակների հիշատակն է հարգում․ արժանապատիվ, պահանջատեր, լուռ։ Իսկ հանրության այլ հատվածը փողոցում ուտում է ու պարում՝ խորովածից բացի այլ պահանջ չունեցող քաղաքացիներ եւ շատ աղմկոտ։ Դժգոհ էին մի բանից՝ խորովածի գնից, ոչ թե նրանից, որ դեռ սգո հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է, եւ պարելը տգեղ է․ ո՛չ, դժգոհություն կար խորովածի եւ նրբերշիկի (սասինսկու) գներից։

Այդ տոնող մարդիկ, վստահաբար, դժգոհ չեն այն բանից, որ ուղիղ այս օրը վարչապետական ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց ու սպանեց երիտասարդ հղի կնոջն ու նրա չծնված երեխային։ Չէ, դրա մասին նրանք չեն էլ հիշում․ նրանք այսօր նշում են այն քաղաքացու օրը, որը դեռեւս չի ընկել մեքենայի տակ, դեռեւս չի կորցրել իր որդիներին, տունը, ունեցվածքը, հարազատների գերեզմանները։ Այն քաղաքացին, որը դեռեւս վայելում է 2018-ի այս օրվա իրենց հաղթանակի հրճվանքն ու այն թշվառ երջանկությունը, որ նրանք դեռեւս չեն առնչվել այն աղետները, որոնք բերել են այս տոնը հռչակած քաղաքացիները։

Եթե կան մարդիկ, ովքեր մասնակցել են այդ երկու միջոցառումներին հավասարապես, եւ նրանք «ամեն դեպքում ՔՊ-ին աջակցող» քաղաքացու դասին չեն պատկանում, ես հայցում եմ նրանց ներողամտությունը, բայց գրեթե վստահ եմ, որ այդպիսի մարդիկ շատ քիչ են կամ գուցե նույնիսկ չկան։ Այնպես որ, ինչ էլ ասենք, դասականից լավ չի ստացվելու․ մի խառնեք մեզ ձեր վայրի արջի (հիշողություն չունեցող ու քաղցած) ցեղերին․․․

Եվ այսպես՝ ինչպես պետք է ավարտվի այս մղձավանջը։ Նրանք, որ երեկ փողոցում երջանիկ թռչկոտում էին ու ողջագուրվում յուրաքանչյուր ՔՊ-ական պաշտոնյայի հետ, ինչպես երեւում է, քիչ չեն։ Սա այն դեպքն է, երբ քանակը որակ չի դառնում, եւ նրանց բազմությունը որեւէ կերպ որեւէ լավ բանի վերածվել չի կարող։ Բայց ընտրությունների արդյունքում, եթե պատահի այնպես, որ հնարավոր լինի հաջորդ տարի այդ մարդկանց այս տոնից զրկել, գիտակից մարդիկ պետք է պայքարեն այդ որոշման դեմ։ Այդ տոնը պետք է մնա՝ միայն ավելի մասնավորեցնելով իր հիմնական շահառուներին․ օրը պետք է կոչվի, ասենք, «ցանկացած դեպքում ՔՊ-ին աջակցող քաղաքացու» օր։ Կարող է անգամ դրա շուրջ ձեւավորվել աղանդավորական շարժում կամ առանձին ցեղատեսակ՝ իր առանձին տոներով, հավատով, եկեղեցով ու կաթողիկոսով։ Մի քիչ երկար է, բայց հստակ է, որովհետեւ նրանց մյուսներից տարանջատելու հստակությունը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞րն է ձեր նպատակը. լրագրողը վրդովվեց

Ո՞րն է ձեր նպատակը. լրագրողը վրդովվեց Thu, 30 Apr 2026 12:49:12 +0400 Latest news from…

13 րոպե ago

Կարճ խոսքը՝ ավելի ազդեցիկ, քան շատախոսությունը

Կարճ խոսքը՝ ավելի ազդեցիկ, քան շատախոսությունը Thu, 30 Apr 2026 12:45:34 +0400 Երեկ Սամվել Կարապետյանի…

16 րոպե ago

Ըստ նոր սոցհարցման՝ ովքեր կլինեն ԱԺ-ում

Ըստ նոր սոցհարցման՝ ովքեր կլինեն ԱԺ-ում Thu, 30 Apr 2026 12:41:54 +0400 Եթե խորհրդարանական ընտրությունները…

20 րոպե ago

Փաստաբան Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է

Փաստաբան Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է Thu, 30 Apr 2026 12:39:22 +0400 Հայտարարություն ՀՀ…

22 րոպե ago

Էրդողանին հրավիրել են Երևան․ Անկարան դեռ չի մեկնաբանում

Էրդողանին հրավիրել են Երևան․ Անկարան դեռ չի մեկնաբանում Thu, 30 Apr 2026 12:38:20 +0400 Թուրքիայի…

23 րոպե ago

ՌԴ-ում հանքավայր է փլուզվել․ փլատակներում մարդիկ  կան

ՌԴ-ում հանքավայր է փլուզվել․ փլատակներում մարդիկ  կան Thu, 30 Apr 2026 12:30:54 +0400 ՌԴ Մագադանի…

31 րոպե ago