70 տարեկանում եւս կարելի է ծառայել Փաշինյանին

70 տարեկանում եւս կարելի է ծառայել Փաշինյանին

Tue, 28 Apr 2026 18:15:04 +0400


Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը կարելի է ծառայել նաեւ աշխատանքից հեռացվելու պարագայում: Կարելի է նրան ծառայել նաեւ քննադատելով, նույնիսկ՝ շատ սուր եւ օբյեկտիվ: Փաշինյանի իշխանությունում պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը եւ Արշակ Կարապետյանը որոշել են նրան պաշտպանել` ընտրություններին մասնակցելով: Այսօր նրանք Փաշինյանին ծառայում են, ծառայություն են մատուցում խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, ընդդիմադիր ընտրազանգվածից ձայն փախցնելով: Համենայնդեպս, փորձելու են, որքանով որ կստացվի:

Երկուսն էլ իբրեւ թե ռուսամետ են, նշանակում է՝ ձայն պետք է փախցնեն այն ընտրազանգվածից, որը Հայաստան- Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների պահպանման կողմնակից է: Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պահպանումը հիմա Հայաստանի թրքացման եւ թրքահպատակեցման հիմնական խոչընդոտն է, ուստի հենց դրա դեմ է Փաշինյանի եւ նրա իշխանության հիմնական պայքարը, Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի տնտեսական, պաշտպանական, արժեքային ընդհանրության տարածքից, որից հետո թրքացումը տեղի կունենա ինքաբերաբար: Այդ նպատակով Փաշինյանն իր նախկին նախարարներին որոշել է գործուղել հակառուսական պայքարի ճակատ՝ մասնատելու եւ փոշիացնելու այս ընտրազանգվածը:

1956 թվականին ծնված Վաղարշակ Հարությունյանը, որի 70 տարին լրանում է այսօր` ապրիլի 28-ին, ռազմական կրթություն է ստացել Ռուսաստանում, զինվորական կարիերան սկսել է այդ երկրում․ սկզբում եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թթ. ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ: 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Հարությունյանին իր կառավարությունում պաշտպանության նախարար նշանակեց, բայց նրա դերը նոմինալ էր, քանի որ իրականում ՊՆ-ն շարունակում էր ղեկավարել Վազգեն Սարգսյանը:

Հարությունյանը Վազգեն Սարգսյանի ստվերից դուրս եկավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ պահպանեց պաշտոնը` շարունակելով պաշտոնավարել Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի կառավարությունում, սակայն մի քանի ամիս անց պաշտոնանկ արվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ դարձավ ընդդիմություն: Հարությունյանի աստղը կրկին սկսեց փայլել Փաշինյանի` իշխանության գալուց հետո, ավելի կոնկրետ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից եւ կապիտուլյացիայի ստորագրումից հետո: Ընդամենը 10 օր հետո՝ նոյեմբերի 20-ին, նա կապիտուլյանտից ստացավ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ մեկ ամիս անց Ադրբեջանին հանձնեց Գորիս-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհը՝ ցույց տալով, որ Փաշինյանի իսկական գաղափարակիցն է ու կարող է նրա թիմակիցը լինել: Շատ չանցած` 2021 թ. հուլիսի 20-ին, Փաշինյանը նրան ազատեց Պնախարարի պաշտոնից, բայց անգործ չթողեց` 2022թ․ հունվարի 5-ին նա նշանակվեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ այդ պաշտոնում մնաց 2 տարուց մի փոքր ավելի: Սակայն դեսպանի պաշտոնում այդպես էլ որեւէ նշանակալի գործունեություն չծավալեց, հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեց: Ընդհակառակը․ նրա՝ դեսպան աշխատելու օրոք այդ հարաբերությունները վատթարացան, Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եւ Հարությունյանը ողջունեց այդ որոշումը: Հիմա նրան այլ գործ են հանձնարարել` մասնակցել ընտրություններին եւ ձայն գողանալ:

Վաղարշակ Հարությունյանին փոխարինեց Արշակ Կարապետյանը, որը Պնախարար նշանակվեց 2021 թ. օգոստոսի 2-ին, իսկ 2021 թ. նոյեմբերի 15-ին պաշտոնանկ արվելուց որոշ ժամանակ հետո հայտնվեց Մոսկվայում, բայց ոչ թե դեսպանի, այլ՝ Փաշինյանի անխնա քննադատի, ընդդիմադրի կարգավիճակով: Հայաստանում ստեղծեց Համահայկական ճակատ շարժումը, հետո դրա հիմքի վրա կուսակցություն գրանցեց եւ հայտարարեց, որ մտադիր է Հայաստանը փրկել Փաշինյանից` մի մարդուց, որին երեքուկես տարի անմնացորդ ծառայել էր․ սկզբում՝ խորհրդականի, ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի, հետո՝ արդեն Պնախարարի պաշտոնում: Կարապետյանը 44-օրյա պատերազմի, կապիտուլյացիայի, Ադրբեջանին ճանապարհ ու այլ տարածքներ հանձնելու ողջ ժամանակահատվածում եղել է Փաշինյանի թիմի անդամ: Արշակ Կարապետյանի քաղաքական գործունեությունը նույնքան փայլուն էր, ինչպեսեւ՝ ռազմականը. 2025-ին նրա ղեկավարած «Համահայկական ճակատ» կուսակցությունը մասնակցեց Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններին եւ 8 մասնակիցների մեջ գրավեց վերջին տեղը՝ 69 հազար 924 ընտրողից ստանալով 295 ձայն: Այդ ընտրություններում Կարապետյանն ընդդիմությունից կարողացավ գողանալ այդքան ձայն` քիչ է, բայց էլի վատ չէ: Սա է այս մարդու եւ նրա կուսակցության հանրային աջակցության աստիճանը:

Վաղարշակ Հարությունյանը գլխավորում է Ռեֆորմիստների կուսակցության ցուցակը, իսկ Արշակ Կարապետյանի անունը թեեւ որեւէ ընտրական ցուցակում չկա, բայց նրա ստեղծած «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահը, փոխնախագահը եւ կուսակցության մյուս երեք անդամները ներկայացված են ԴՕԿ կուսակցության ցուցակում: Ծանոթներիցս մեկը պատմում է, որ երբ սրճարանում փորձել է Վաղարշակ Հարությունյանին համոզել, որ ինքը գնում է քաղաքական ինքնասպանության, նա վստահ պատասխանել է, որ երկրի մտավորականությունը եւ զինվորականությունն իրեն ձայն են տալու: Արշակ Կարապետյանին եւս փորձել են բացատրել, որ իր մասնակցությունն ընտրություններին իրեն միայն ամոթ եւ արժանապատվության կորուստ է բերելու, ինքը դրանով աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բայց՝ ապարդյուն:

Այս մարդիկ չեն շարժվում կամ առաջնորդվում բանականությամբ, շարժվում են հրամանով, եւ, ըստ ամենայնի, այդ հրամանն արձակվում է Փաշինյանի կամ նրա աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակից: Նրանց համար հատուկ ռուսամետ գործչի համբավ են ձեւավորել՝ մեկին Ռուսաստանում դեսպան նշանակելով, մյուսին Մոսկվա գործուղելով եւ Մոսկվա սիթիում աշխատասենյակ վարձելով: Հիմա եկել է նրանց վրա ծախսված փողի հետվերադարձի ժամանակը, իսկ փոխհատուցումը կարող է լինել միայն մի ձեւով` ընդդիմադիր ընտրողների ձայները գողանալով, փոշիացնելով:

ԿԸՀ դիմած 19 կուսակցություններից առնվազն 13-14-ը ընտրություններին մասնակցում է նույն շարժառիթով եւ նույն տրամաբանությամբ՝ ստեղծել նախընտրական աղմուկ, նախընտրական բազմակարծության տպավորություն՝ թույլ չտալով, որ ընտրողը հասկանա, թե ինչի շուրջ է պայքարը, չկարողանա առաջնայինը տարբերել երկրորդականից, երրորդականից: 2021 թ. ընտրությունների ժամանակ փոշիացվեց 200 հազարից ավելի ընտրողի ձայն, դա իշխանությանը հաղթանակ ապահովեց, հիմա փորձելու են կրկնել` մաշվածներին հեռացնելով եւ խաղի մեջ մտցնելով նոր անուններ եւ թարմ ուժեր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան…

16 րոպե ago

«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Mon, 06 Jul 2026 22:31:40 +0400 «Հայաստան» դաշինքը…

30 րոպե ago

Մելոնին հետապնդու՞մ է․ Թրամփն էլի ծաղրել է Իտալիայի վարչապետին (լուսանկար)

Մելոնին հետապնդու՞մ է․ Թրամփն էլի ծաղրել է Իտալիայի վարչապետին (լուսանկար) Mon, 06 Jul 2026 22:30:40…

31 րոպե ago

Վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ-ն մանրամասնում է

Վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ-ն մանրամասնում է Mon, 06 Jul 2026 22:21:34 +0400…

41 րոպե ago

Որքան կենդանի է առգրավվել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից

Որքան կենդանի է առգրավվել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Mon, 06 Jul 2026 22:18:20 +0400 Գագիկ Ծառուկյանին…

44 րոպե ago

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Mon, 06 Jul 2026 22:15:45 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի…

46 րոպե ago