Սան Ստեֆանոն ոչ թե աշխարհաքաղաքական թակարդ, այլ ճիշտ ընտրություն էր
Tue, 28 Apr 2026 18:45:36 +0400
Չկա ավելի վտանգավոր սխալ, քան երկրի ղեկավարի սխալն է: Ու դա ոչ թե այն պատճառով, որ երկրի ղեկավարները հատուկ ձեւով են սխալվում, այլ՝ այն, որ, ի տարբերություն սովորական մահկանացուների, որոնց սխալն իրենց եւ իրենց ընտանիքին է վերաբերում, երկրի ղեկավարի սխալը ո՛չ իր եւ ո՛չ էլ իր ընտանիքի սխալը չէ: Երկրի ղեկավարի սխալը երկրի սխալն է, երկրի համար հետեւանքներ ունեցող սխալն է:
Այս իմաստով, հատկապես զարմացրին մեր երկրի վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձն ու նրա պատկերացրած «Սան Ստեֆանոն»: Դատելով վարչապետի ուղերձից ու նրա պատկերացրած Սան Ստեֆանոյի պայմանագրից՝ պետք է արձանագրենք, որ այս մարդն ու իր խորհրդականներն այդպես էլ չեն սովորել աշխարհաքաղաքական թակարդն ու աշխարհաքաղաքական ընտրությունն իրարից տարբերել:
Որովհետեւ եթե սովորած լինեին, ապա հասկացած կլինեին, որ Սան Ստեֆանոն իսկական աշխարհաքաղաքական ընտրություն էր, իսկ այն, ինչ իրենք արեցին 2018-ին ու դրանից հետո, այ, իսկական թակարդը եւ այն էլ՝ թուրք-ադրբեջանական, հենց դա էր:
Իհարկե, ոչ ոք չի կարող պնդել, առավել եւս չի կարող ապացուցել, որ եթե չլիներ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, միեւնույն է` ցեղասպանությունը լինելու էր, այնպես, ինչպես որ ոչ ոք չի կարող պնդել կամ ապացուցել, թե Սան Ստեֆանոն ցեղասպանության միակ պատճառն է: Բայց փոխարենը ոչ թե երկրի վարչապետը, այլ քիչ թե շատ բան հասկացող որեւէ մեկը պետք է հասկանա, ավելին` չի կարող չհասկանալ, որ եթե չլինեին Սան Ստեֆանոն ու Սան Ստեֆանոյում հայ ժողովրդի արած ընտրությունը, ապա չէր լինի նաեւ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը:
Այս իմաստով, Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը հայ ժողովրդի ոչ թե աշխարհաքաղաքական թակարդն էր, այլ նրա հաջողված աշխարհաքաղաքական ընտրությունը: Ու իզուր թող Նիկոլը Փաշինյանը Հայաստանի Հարապետության` այսօր գոյություն ունենալու եւ Սան Ստեֆանոյում արված նրա ընտրության միջեւ կապը տեսնելու փոխարեն Սան Ստեֆանոյի ու ցեղասպանության միջեւ չեղած կապը չփնտրի:
Ի վերջո, Նիկոլը պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը, որի վարչապետն այսօր ինքն է, այդ պետությունը՝ հայ ժողովուրդը, ո՛չ լոտոյով եւ ո՛չ էլ թղթախաղով չի շահել: Հայ ժողովուրդն այդ պետությունն ունենալու իր ճանապարհը հենց Սան Ստեֆանոյից է սկսել: Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը Սան Ստեֆանոյում անկախ պետություն ունենալու իր ճանապարհն էր սկսում, ճիշտ այդ ժամանակ տարածաշրջանի շատ ազդեցիկ ազգեր, ժամանակավոր բարեկեցություն ունենալու համար, իրենց «Սան Ստեֆանոյից» էին հրաժարվում: Արդյունքում, հայ ժողովրդի՝ Սան Ստեֆանոյում ընտրած ճանապարհը նրան Հայաստանի Հանրապետություն ունենալուն հասցրեց, իսկ նրանք, ովքեր այն ժամանակ իրենց «Սան Ստեֆանոյից» էին հրաժարվում, այ, նրանք մինչ այսօր էլ անկախ պետություն ունենալու համար տոնաններով իրենց արյունն են հեղել եւ հեղում են, բայց, միեւնույն է, չեն հաջողում:
Այնպես որ, որքան էլ Նիկոլն ուզենա Սան Ստեֆանոյի պատմությունը որպես թակարդի ու թակարդն ընկնելու պատմություն ներկայացնել, միեւնույն է` Սան Ստեֆանոն ո՛չ թակարդի եւ ո՛չ էլ թակարդ ընկնելու պատմություն չէ: Սան Ստեֆանոյով սկսված ու մինչեւ 2018 թվականը տեւած Սան Ստեֆանոյի պատմությունը ոչ թե աշխարհաքաղաքական թակարդի ու աշխարհաքաղաքական թակարդն ընկնելու, այլ Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետություն ունենալու մասին պատմություն է:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ