«Հրապարակ». Ակադեմիայում այլեւս չկան ինստիտուտներ, մնացել է միայն նախագահությունը
Wed, 29 Apr 2026 11:45:10 +0400
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը՝ համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն եւ գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
Ողջունելով ներկաներին՝ նա շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար, ընդգծել է նման քննարկումների կարեւորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ «Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը, դրանք իրականացնելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետեւ ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների եւ պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն»,- ասել է նա եւ նշել, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականին գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով, աշխատավարձերը բարձրացել են՝ ընդհուպ մինչեւ 300 տոկոս։ Զրուցել է Ակադեմիայի կազմում գործող Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի հետ։ Հիշեցնենք, որ մի շարք ինստիտուտներ, ինչպես նաեւ՝ Լեզվի ինստիտուտը, դուրս բերվեցին Ակադեմիայի կազմից եւ տեւական ժամանակ է՝ գործում են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ` Գիտության կոմիտեին են ենթարկվում։
Զրուցել ենք Վիկտոր Կատվալյանի հետ։
– Պարոն Կատվալյան, ներկա՞ էիք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ի՞նչ տպավորություններ ունեք։ Ինչի՞ մասին էր այդ հանդիպումը։
– Հանդիպումը գիտության զարգացման վերաբերյալ էր։ Գիտությունների ազգային ակադեմիան այդպիսի շարք է սկսում, պետք է քննարկումներ լինեն, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի դերի վերաբերյալ։ Ակադեմիա ասվածում այլեւս չկան ինստիտուտները, խոսքը նախագահության մասին է․․․․ նախագահության դերի մասին խոսվեց, հայագիտության զարգացման վերաբերյալ քննարկումների շարք պետք է լինի, դրա ուղիների եւ հեռանկարների մասին եւ այլն։
– Նիկոլ Փաշինյանի ժամանակ, նրա որոշմամբ, ինստիտուտները դուրս բերվեցին Ակադեմիայի կազմից։ Ի՞նչ զարգացման մասին նա կարող է այժմ խոսել։
– Ինստիտուտներն այլեւս չեն ենթարկվում Ակադեմիային, այլ ենթարկվում են ԿԳՄՍ նախարարությանը։ Ես եւս մասնակցում էի քննարկմանը։ Սաղյանն իր զեկույցով հանդես եկավ, ներկայացրեց Ակադեմիայի ֆինանսավորման փոփոխությունների մասին, նոր նախաձեռնությունների մասին խոսվեց, հետո ելույթ ունեցավ Ալիխանյանի անվան ինստիտուտի տնօրենը, խոսեցին նվաճումների մասին եւ այլն։ Վերջում էլ խոսեց Փաշինյանը։
– Ի՞նչ խոսեց։ Ի դեպ, նախարարության ենթակայությամբ ինչպե՞ս է ձեր աշխատանքն ընթանում։
– Մենք այժմ ինչ-որ առումով սպասողական վիճակի մեջ ենք։ Դեռեւս կանոնադրությունների փոփոխման շրջանն է, մենք մեր առաջարկություններն ենք ներկայացրել, կանոնադրական փոփոխություններից հետո նոր կհստակեցվի, թե ինչպես պետք է աշխատենք նախարարության հետ։ Ամեն դեպքում, նախարարության հետ աշխատանքներ կատարվում են, իհարկե, ոչ նույն ինտենսիվությամբ, ինչ Ակադեմիայի հետ, հիմա ինստիտուտների հետ կապը մի տեսակ խզված է։ Ակադեմիայի շրջանակներում հայագիտական, հասարակական գիտությունների ինստիտուտով համախումբ էինք աշխատում, միասին միջոցառումներ, քննարկումներ էինք կազմակերպում, բայց հիմա այդ կապն ինստիտուտների միջեւ խզվել է։
– Իսկ այս հարցերի մասին չբարձրաձայնեցի՞ք Նիկոլ Փաշինյանի մոտ։
– Չկար հնարավորություն։ Հստակ ծրագիր կար, կային սահմանված ելույթներ։