Գազի բացակայությունը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ցուցիչ
Wed, 29 Apr 2026 18:15:13 +0400
Հեղուկ գազի դեֆիցիտը եւ դրա անընդմեջ բարձրացող գինն այս օրերին դարձել են Հայաստանում ամենաշատ քննարկվող հարցերը: Ընդդիմադիրները եւ իշխանության հետ չկապված քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ հարց են բարձրացնում, թե ինչու իշխանությունը` էկոնոմիկայի նախարարը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կամ որեւէ այլ պատասխանատու մեկը չի անդրադառնում մի հարցի, որը հուզում է տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդկանց, այդ թանկացումն ամեն օր մտնում է մարդկանց գրպանները եւ տանում հավելյալ գումար, մի՞թե պետությունը չի մտածում իր քաղաքացիների, նրանց աղքատացման մասին: Իշխանությունը շարունակում է լռություն պահպանել, որովհետեւ առանձնապես ասելու բան էլ չունի:
Հեղուկ գազը սկսեց թանկանալ ապրիլի սկզբից, այդ ժամանակ դրա գինը միջինում 170 դրամ էր՝ մեկ լիտրի համար, 15-20 օրվա ընթացքում դարձել է 270-300 դրամ, եթե, իհարկե, կա: Թանկացումը շոշափելի է այն աստիճան, որ գազն այլեւս չի ընկալվում որպես բենզինի էժան այլընտրանք: Հայաստանը գազ ներմուծում է Իրանից եւ Ռուսաստանից, ավելի շատ՝ Ռուսաստանից, քանի որ ռուսական գազը համարվում է ավելի որակյալ, եւ մեքենաների սեփականատերերը նախապատվությունը տալիս են ռուսական գազին: Երբ գազը սկսեց թանկանալ, սկզբում պատճառաբանեցին, թե Վերին Լարսի անցակետը ձնահյուսքի պատճառով փակ է, գազատարները խնդիր ունեն անցնելու: Վերին Լարսի անցակետը բացվեց, իսկ գազը շարունակեց պակասել ու թանկանալ, մարդիկ հասկացան, որ հարցը Վերին Լարսը չէ: Ռուսաստանում էլ հեղուկ գազն առանձնապես չի թանկացել․ բորսայական գինը մեկ տոննայի համար 16-20 հազար ռուբլու սահմաններում է, որը համարժեք է 80-100 հազար դրամի: Մեկ տոննա գազը մոտավորապես 2400 լիտր է, այսինքն, մեկ լիտրի մեծածախ գինը 30-40 դրամի սահմաններում է, որը, հասնելով Հայաստան, նախկինում վաճառվում էր 150-170 դրամով, իսկ հիմա՝ արդեն գրեթե 10 անգամ թանկ: Ռուսաստանում հեղուկ գազի պակաս էլ չկա, ավելին՝ ապրիլի 25-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ի սահմանած նոր կարգավորումները, որոնք արգելում են ռուսական հեղուկ գազի ներմուծումը ԵՄ տարածք, նշանակում է՝ Ռուսաստանն ինքը պետք է շահագրգռված լիներ, որ իր ապրանքը գնորդ ունենա:
Քանի որ ներմուծման երկրում գազի պակաս եւ գնի աննախադեպ թանկացում չկա, նշանակում է՝ Հայաստանում դրա դեֆիցիտը տնտեսական պատճառ չունի, պատճառը, ամենայն հավանականությամբ, քաղաքական է: Ամենայն հավանականությամբ, քանի որ ռուսական իշխանության որեւէ ներկայացուցիչ պաշտոնապես չի հայտարարել, որ իրենք քաղաքական պատճառներով են խոչընդոտ ստեղծում Հայաստան հեղուկ գազի արտահանման համար: Ինչո՞ւ չի ասի, որովհետեւ պաշտոնապես Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակից երկրներ են, գոնե՝ առայժմ: Ռուսներն ուզում են, որ հայերն ինքնուրույն հասկանան, որ այդ հարաբերություններն այլեւս դաշնակցային չեն, իսկ ոչ դաշնակցային հարաբերությունները կարող են նաեւ այսպիսի հետեւանքներ ունենալ: Ինչպես ծանոթներիցս մեկն է ասում` ինչո՞ւ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնել, Ռուսաստանը չի՞ կարող հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները սառեցնել, ասել` դե, եթե որոշել եք ԵՄ գնալ, ուրեմն միացեք ԵՄ պատժամիջոցներին եւ Ռուսաստանից հեղուկ գազ մի գնեք: Հնարավոր է, փորձում են հասկացնել, թե ինչ կլինի, եթե ընդհանրապես հարաբերություններն ամբողջ ծավալով սառեցվեն:
Գազի դեֆիցիտի եւ գնի աճի իրական պատճառի մասին չի հայտարարի նաեւ Հայաստանի իշխանությունը, օրինակ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը չի ասի, որ հեղուկ գազ Հայաստան ներմուծելու համար տնտեսական կամ տրանսպորտային ոչ մի խոչընդոտ չկա, Ռուսաստանի իշխանությունն արհեստական խոչընդոտ է ստեղծում, Հայաստանի եւ նրա սպառողների դեմ թշնամական քայլ է անում: Չի ասի, որովհետեւ Պապոյանի անմիջական վերադասը` Նիկոլ Փաշինյանը, հայ հասարակությանը համոզում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փայլուն են, իրենք ոչ միայն խնդիր չունեն, որ Ռուսաստանի դեմ ոչ մի թշնամական քայլ չեն արել, չեն անում եւ ապագայում էլ չեն պատրաստվում անել: Հիմա եթե Պապոյանը հայտարարի, որ Ռուսաստանը հատուկ է փակել գազի արտահանումը Հայաստան, կստացվի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե փայլուն են, այլ՝ թշնամական, կստացվի, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ նման թշնամական քայլ է անում՝ ի պատասխան Հայաստանի կողմից իրականացվող թշնամական քաղաքականության, որ Փաշինյանը, ինչպես միշտ, ստում է, իսկ դրանից տուժում են հարյուր հազարավոր մարդիկ:
Նույն տրամաբանությամբ, վաղը Ռուսաստանը կարող է փակել նաեւ խողովակաշարային գազի փականը, ցորենի, անասնակերի ու մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանման փականները, ու արդյունքում Հայաստանում տնտեսական կոլապս կսկսվի: Դրա համար գոնե մինչեւ ընտրություններ պետք է ձեւեր թափեն, ցույց տան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փայլուն են, ոչ մի խնդիր չկա: Ընտրություններից հետո, եթե հաջողացնեն կեղծիքով ու բռնությամբ պահել իշխանությունը, արդեն կասեն` այո, մեր անկախությունը պահանջում է, որ դուք աղքատ լինեք, հանուն անկախության դուք պետք է քիչ ուտեք` սոված մնաք, մեքենա էլ քիչ վարեք կամ չվարեք, տներն էլ չտաքացնեք, ցրտահարվեք: Ինչպես սոված, ցրտահարված եւ աղքատ մարդը չի կարող անկախ լինել, այնպես էլ երկիրը, դա հասկանում է նաեւ Փաշինյանը, բայց նրան հենց այդպիսի երկիր է պետք, որովհետեւ հարուստ եւ բարեկեցիկ հասարակությունը չի կարող հանդուրժել իր նման մեկին:
Երբ մարդիկ սովի ու ցրտի կմատնվեն եւ կհայտնվեն անելանելի վիճակում, օգնության կգա հարեւան եւ բարեկամ Ադրբեջանը, Հայաստանին օգնության կարգով գազ ու նավթ մատակարարելով, Թուրքիան էլ կբացի սահմանը եւ կսկսի հացահատիկ վաճառել: Բայց, ինչպես ամեն մի բարի գործ, նրանք էլ դրա դիմաց ինչ-որ բան կպահանջեն Հայաստանից, սկզբում՝ Սյունիքը, հետո՝ Գեղարքունիքը, հետո էլ՝ Երեւանը: Մի անգամ դա Փաշինյանի օգնությամբ արել են Արցախում, ինչո՞ւ նույնը չկրկնել Հայաստանի մնացած հատվածում: