«Հրապարակ»․ Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը

«Հրապարակ»․ Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը

Thu, 30 Apr 2026 08:45:18 +0400


Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ներկայում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող, բայց վարչապետի օգնականի կարգավիճակից այդպես էլ դուրս չեկած Աննա Վարդապետյանը երեկ ժանդարմի կեցվածքով եկավ խորհրդարան, չպատասխանեց լրագրողների եւ ոչ մի հարցի ու բերանը խուփ՝ փախուստի դիմեց։ Նրան ուղեկցող հինգ «ախրաննիկները», Վարդապետյանին օղակի մեջ վերցրած, բերեցին մինչեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատասենյակ եւ նույնկերպ էլ հեռացրին խորհրդարանի շենքից։

Գլխավոր դատախազ տիկինը խորհրդարան էր եկել դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելու։ Նա շուրջ 20 րոպե, առանց դեմքի միմիկան փոխելու, միալար տոնով ներկայացնում էր իր ղեկավարած ոլորտի «հաջողությունները»: Հատկապես կենտրոնացավ ապօրինի գույքի բռնագանձման կամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, թալանը վերադարձնելու գործերին, խոսեց կալանքի դեպքերի եւ բանակում մահերի դեպքերի նվազման վիճակագրության մասին, ապա նույն՝ մոմե դեմքով պատասխանեց պատգամավորների հարցերին։ Այդ՝ սֆինքսի, թե գեստապոյականի կեցվածքից նրան կարողացավ փոքր-ինչ դուրս բերել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երբ մեղադրեց Բագրատ սրբազանի գործով ԱԺ ամբիոնից սուտ ու կեղծիք տարածելու մեջ։ «Տիկին Վարդապետյան, Ձեր զեկույցում հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը․ մենակ Դավիթ Մինասյանի կալանավորման ու խոշտանգման դեպքը բավարար է»,- ասաց նա եւ շարունակեց․ «Մի բան է ինձ հետաքրքրում՝ ի՞նչ խղճով եք եկել Ազգային ժողով, անցած տարի Դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին եւ կալանքի եք տարել մեր գործընկեր Սարգսյան Արթուրին, սուտ փաստեր եք հրապարակել։ Ասել եք, որ ինչ-որ աստղիկներ կան, որոնք անիվներն են ծակել, հիմա դատն է գնում` չկա այդ փաստը։ Խոսում էիք գյուլլելու մասին, պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացրել եք»։

Եվ Մանուկյանը Վարդապետյանին փոխանցեց կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի հարցերը․ «Ինչի՞ն է վերաբերում հանրահայտ՝ երկու հոգու գյուլլելու եւ 15 հոգու բանտ դնելու այդքան չարչրկված արտահայտությունը, արդյոք այն առնչություն ունի՞ Ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով ու ջանասիրությամբ դարձրիք այս գործի առանցքը»։

Մանուկյանի ելույթը Աննա Վարդապետյանի սփրթնած դեմքին փոքր-ինչ վարդագույն ավելացրեց, տիկինն անհարմար շարժումներ անելով` արձագանքեց․ «Հուսով եմ՝ ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որոնք ձեր հարցի անվան տակ թաքցրել եք։ Ինձ համար պարզ է նպատակը՝ դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, ես իջնեմ այդ մակարդակի, սկսեմ վիրավորել ձեզ, եւ դառնա այն, ինչի մեջ դուք շատ հմուտ եք, բայց ես նման բան չեմ արել ու չեմ անելու։ Ո՛չ վիրավորելու եմ, ո՛չ էլ համբերությունից դուրս եմ գալու, ուրիշ մեթոդ գտեք։ Մեղադրյալ Գալստանյանը, եթե այդքան ուզում է, որ ապացույցները հետազոտվեն, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել, եւ իրենք իրենց բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Եվ ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեղադրյալի հարցաքննություն Ազգային ժողովում պետք է քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ մեղադրյալները չեն ուզում, որ գործը հասնի դատաքննության, որովհետեւ չեն ուզում, որ ապացույցները դատարանում հետազոտվեն, դրա օրինակները կան»։
Եվ ոչ մի հակափաստարկ չհնչեց` ի պատասխան պատգամավորի հնչեցրած ծանրագույն մեղադրանքներին, ի լուր աշխարհի ստած տիկինը, պարզվեց` խոցվել է Մանուկյանի բնութագրումներից: «Տիկին Վարդապետյան, Դուք եք մեզ վիրավորել՝ սուտ տեղեկություններ տալով, Դուք Սարգսյան Արթուրին խայտառակ եք արել, Բագրատ սրբազանի հեղինակության հետ եք խաղացել։ Դատաքննության հետ կապված՝ մի հատ եկեք դատարան, տեսեք: Այնտեղ ժամանակ շահելու հարց չկա, 18 արդարի տարել նստեցրել եք դատարանի դահլիճում ու ասում եք՝ շատ արագ։ Իրենք են ամենաշահագրգիռը, որ դատաքննության ժամանակ այդ փաստերը մեջտեղ գան, որովհետեւ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, գաղտնալսել են, մոնտաժել են։ Դուք էլ ԱԺ ամբիոնից ՔՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արթուրին պետք է կալանավորել»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանն էլ հետաքրքրվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված հակասահմանադրական գործընթացից եւ Եկեղեցու դեմ արշավից: «Ինչո՞ւ չեք տեսնում այստեղ հանցագործություններ, որոնք ավելի քան ակնհայտ են»,- դիմեց նա դատախազին՝ հիշեցնելով ՔՊ նախընտրական ծրագիրը, որտեղ կա դրույթ՝ Վեհափառ հայրապետին հեռացնելու մասին։ Բացի այդ, Գալստյանը նկատեց, որ Եկեղեցու դեմ քաղաքական արշավին միացել է նաեւ իրավապահ համակարգը, եւ հարցրեց՝ երբ Մայր Աթոռի դռները բարբարոսաբար ջարդում էին, ինչո՞ւ վարույթ չհարուցեցիք։ Վարդապետյանը նույն սառնասրտությամբ անհոդաբաշխ մտքեր արտանետեց, թե դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս։ «Դրանից հետո գործը գնում է հրապարակային դատաքննության, եւ մեր բոլոր փաստարկները հրապարակային դատաքննությամբ ներկայացվում են, քննարկվում են, դատարանի կողմից որոշումներ են կայացվում»։

«Ձեզ չի՞ հետաքրքրում, որ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է դառնալ պատճառ, որ մարդիկ հայտնվեն ԱԱԾ պադվալում»,- նրան հարց ուղղեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հիշեցնելով Փաշինյանի՝ խորհրդարանում ընդդիմադիրներին սպառնալու դեպքերը։ Սակայն տիկինն անվրդով նկատեց, թե քաղաքական հայտարարությունները չի մեկնաբանում։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՔՊ-ում էլ առանձնապես գոհ չեն տիկնոջ գործունեությունից: Երեւի կարծում են, որ կարող էր ավելի շատ մարդ նստեցնել եւ ավելի շատ մեղադրանք առաջադրել իրենց ընդդիմախոսներին: Բայց ակնհայտ է, որ ԱԺ լիագումար նիստի ընթացքում չի բացառվում, որ ոչ հաճելի ելույթներ կհնչեն: Արփի Դավոյանն անգամ փոքրիկ անոնս արեց՝ դժգոհելով, թե Մոնումենտի տների մասով գործը տեղից չի շարժվում, թալանը պետությանը չի վերադարձվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում աննախադեպ քայլ

Թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում աննախադեպ քայլ Thu, 30 Apr 2026 18:15:19 +0400 Ապրիլի 28-29 Երևանում…

13 րոպե ago

«Արթուր Բրադերզի»-ից Արտակ Սարգսյանը` Բագրատ սրբազանի, փողերի լվացման և Փաշինյանի մասին

«Արթուր Բրադերզի»-ից Արտակ Սարգսյանը` Բագրատ սրբազանի, փողերի լվացման և Փաշինյանի մասին Thu, 30 Apr 2026…

22 րոպե ago

Ինչ կլինի էներգակիրների շուկայում, եթե Իրանական ճգնաժամը ձգձգվի

Ինչ կլինի էներգակիրների շուկայում, եթե Իրանական ճգնաժամը ձգձգվի Thu, 30 Apr 2026 18:00:59 +0400 Էներգետիկայի…

27 րոպե ago

Մայիսի 1-ին միջոցառումներով պայմանավերված՝ Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն

Մայիսի 1-ին միջոցառումներով պայմանավերված՝ Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն Thu, 30 Apr 2026…

34 րոպե ago

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց Thu, 30 Apr 2026…

42 րոպե ago

Ձեզ կոռեկտ պահեք. Գոռգոռոցներ եւ լարված իրավիճակ

Ձեզ կոռեկտ պահեք. Գոռգոռոցներ եւ լարված իրավիճակ Thu, 30 Apr 2026 17:34:32 +0400 Latest news…

54 րոպե ago