«Հրապարակ»․ ԿԸՀ-ից ասում են՝ մեզ վրա հույս չդնեք
Thu, 30 Apr 2026 09:45:42 +0400
Ընտրությունները՝ խորհրդարանական թե տեղական ինքնակառավարման, արտահերթ թե հերթական, երբ մոտենում են, բոլորի ուշադրությունը հառնում է ԿԸՀ-ին, քանի որ ԿԸՀ-ն է ընտրությանը մասնակցող ուժերին, թեկնածուներին գրանցում, ԿԸՀ-ն է մանդատներ բաշխում, հանձնում։
Հետեւաբար, ծագում է հարց․ եթե ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած որեւէ ուժի (թեկնածուի) նախընտրական ծրագրում ներառված են ՀՀ ինքնիշխանության դեմ կամ ՀՀ սահմանադրությունը ոտնահարող դրույթներ, ԿԸՀ-ն իրավասություն ունի՞ նման ուժին կամ անհատին չգրանցել։ ՀՀ Ընտրական օրենսգրքում այդ հարցը բաց է մնում, օրենսգրքում չկա դրույթ, որ ԿԸՀ-ին լիազորի՝ չգրանցել կամ ընտրապայքարից հեռացնել որեւէ ուժի՝ նախընտրական ծրագրի պատճառով։ Մյուս կողմից, չկա տրամաբանություն այն բանում, որ որեւէ քաղաքական ուժ գրանցվի, եւ նրան թույլ տրվի ընտրության մասնակցել, եթե այդ ուժի նախընտրական ծրագիրը բռնություններ է ծրագրում ու ազդարարում եւ ուղիղ ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը։
Սա այն է, ինչ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անում է ՔՊ-ն։ Գուցե ոչ ուղիղ տեքստով, բայց ըստ էության ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում արձանագրել է, թե ծրագրում է աշխարհասփյուռ հայությանը ուծացնել, հայության տարբեր հատվածների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարել, հայապահպանությանը նպաստելու փոխարեն հայերի ազգային ինքնապահպանման կռվանները ոչնչացնել, Եկեղեցու դեմ ասպատակությունը շարունակել։ Մնում է եւս մի քանի օր սպասել եւ տեսնել, թե արդյոք ՔՊ-ն կհեռացնի՞ հակաօրինական եւ հակահայ հատվածներն իր ծրագրից՝ այն ԿԸՀ կայքում հրապարակելուց առաջ, թե՞ կթողնի։ Դրանից հետո կողմնորոշվել, թե ինչ կարելի է անել:
Առայժմ, առանց որեւէ ուժ նշելու եւ որոշակիացման, զուտ տեսական հարց ուղարկեցինք ՀՀ ԿԸՀ, նախագահ Վահագն Հովակիմյանին՝ խնդրելով պաշտոնական պատասխան հետեւյալ հարցին․
«1. Եթե ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական ծրագրում ներառված են բռնության կոչեր կամ ատելության խոսք, կամ ՀՀ ինքնիշխանության դեմ դրույթներ, կամ ՀՀ սահմանադրությունը ոտնահարող դրույթներ, արդյո՞ք ԿԸՀ-ն ունի մեխանիզմ՝ դրանց հակազդելու, եւ ի՞նչ հասանելի միջոցներ կան հակազդելու»։
Հարցն ուղարկել էինք ապրիլի 23-ին, հաջորդ աշխատանքային օրը պատասխանը ստացվեց՝ ԿԸՀ նախագահի ստորագրությամբ, որն ամբողջությամբ ստորեւ մեջբերում ենք․
«Հարգելի՛ Լուսինե Պետրոսյան,
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերը կարող են հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ (…)»։
Ընտրական օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները եւ նախընտրական ծրագրերը»։
Վերը նշված իրավակարգավորումների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է իր համացանցային կայքում հրապարակել կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը, եթե ներկայացվել են։ Հարկ ենք համարում նշել, որ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից։ Նշված ցանկում նախընտրական ծրագիրը նշված չէ, եւ այն չներկայացնելը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում։
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը հրապարակվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այն տեսքով, ինչ տեսքով ներկայացվել են։ Որեւէ պահանջ՝ բովանդակային կամ ձեւական, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերին ներկայացված չէ։ Ընտրական մարմիններին էլ վերապահված չէ լիազորություն՝ քննարկման առարկա դարձնել կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը։
Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերում կամ այլ նյութերում հնարավոր քրեական պատասխանատվության հանգեցնող կոչերն ու դրույթները ենթակա են գնահատման իրավապահ մարմինների կողմից եւ կարող են հանդիսանալ վերջիններիս կողմից իրականացվող վարույթների առարկա»։
ԿԸՀ պարզաբանումից հետեւում է, որ (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերում հակասահմանադրական դրույթներ ներառելը կարող է քննության առարկա դառնալ, բայց ոչ ԿԸՀ հարթությունում, այլ՝ իրավապահ համակարգի։ Իսկ այն, որ այսօր իրավապահ համակարգը Փաշինյանի կրնկի տակ է, կարող է ՔՊ-ին չփրկել, քանի որ ընտրություններում տապալվելուց հետո ՔՊ-ի դեմ ցանկացած նախընթաց հաղորդման կամ գործի էլ կարող է ընթացք տրվել եւ ՔՊ իշխանազրկված անդամների համար հետեւանքներ ունենալ։ Հետեւաբար, ՔՊ-ում ճիշտ կվարվեն, եթե իրենց նախընտրական ծրագրից Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ ուղղված հակահայ եւ սահմանադրություն ոտնահարող դրույթները հեռացնեն, նոր ծրագիրը ԿԸՀ կայքում հրապարակեն՝ իրավական գործընթացներում չհայտնվելու համար։