«Հրապարակ». ԿԳՄՍՆ ներկայացուցիչը բոյկոտում է Դիլիջանի քոլեջի տնօրենի մրցույթը

«Հրապարակ». ԿԳՄՍՆ ներկայացուցիչը բոյկոտում է Դիլիջանի քոլեջի տնօրենի մրցույթը

Thu, 30 Apr 2026 11:45:15 +0400


Հայաստանում հարյուրավոր պետական հանրակրթական դպրոցներ եւ տասնյակ քոլեջներ տնօրեն չունեն, ինչը բացասաբար է ազդում այդ կրթական հաստատությունների գործունեության վրա։ 2025-ին հարցումներ կատարելով ԿԳՄՍ նախարարություն՝ տեղեկացել եմ, որ 2025թ․ նոյեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում թափուր են 12 նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոններ, 2025թ․ սեպտեմբերի 23-ի դրությամբ հանրակրթական 303 դպրոցում տնօրենի հաստիքը թափուր էր, այդ դպրոցներում նշանակվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ կամ պարտականությունը կատարողներ: Տավուշի մարզում ներկայում թափուր են Իջեւանում գործող Պատրիկ Դեւեջյանի անվան բազմագործառնութային քոլեջի եւ Դիլիջանի պետական բազմագործառնութային քոլեջների տնօրենների պաշ­տոնները։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզի հանրակրթական 8 դպրոցներում (Բերդի թիվ 1 հիմնական դպրոց, Թեղուտի միջնակարգ դպրոց, Իջեւանի թիվ 3 հիմնական դպրոց, Ոսկեվանի միջնակարգ դպրոց, Նավուրի միջնակարգ դպրոց, Չինչինի միջնակարգ դպրոց, Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց, Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) առկա է տնօրենի թափուր հաստիք:

Պետական կրթօջախներ կան, որոնք տարիներով տնօրեն չունեն։ 2024 թ․ մարտի 28-ի որոշմամբ, նույն տարվա հուլիսին կայացել է Դիլիջան քաղաքի Ուսանողական 70 հասցեում գործող «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի եւ Դիլիջան քաղաքի Ուսանողական 74 հասցեում գործող «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի միավորումը։ Միավորված քոլեջը կոչվում է Դիլիջանի պետական բազմագործառնութային քոլեջ: Կառավարության որոշման մեջ որպես միավորման հիմնավորում նշվել է՝ ելնելով Դիլիջան քաղաքում սովորողների քանակի նվազեցման միտումից եւ ուսումնական հաստատություններին ամրացված տարածքների օպտիմալ օգտագործման պահանջից: Դիլիջանի բազմագործառնութային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկինում Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Վահագն Հովհաննիսյանը։ Անցած 2 տարում Դիլիջանի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար բազմիցս մրցույթ է հայտարարվել, որին, որպես քոլեջի տնօրենի պաշտոնի հավակնորդ, մասնակցել է Վահագն Հովհաննիսյանը։ Այդ մրցույթները չեն կայացել, քանի որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել։

Ապրիլի 17-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Վահագն Հովհաննիսյանն ավելի քան 2 տարի Դիլիջանի պետական բազմագործառնութային քոլեջի տնօրենի պաշտոնակատարն է։ 2024 թվականից մինչ այժմ քանի՞ անգամ է այդ քոլեջի տնօրենի մրցույթ հայտարարվել, քանի՞ անգամ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի մասնակցել այդ մրցույթներին, ինչո՞ւ չի մասնակցել»։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի պատասխանում նշված է․ «Վահագն Հովհաննիսյանը 2024 թվականի մայիսի 21-ին նշանակվել է որպես «Դիլիջանի պետական բազմագործառնութային քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2025 եւ 2026 թվականների ընթացքում տնօրենի թափուր տեղի համալրման համար պարբերաբար հայտարարվել են մրցույթներ, որոնք չեն կայացել տարբեր պատճառներով: Ինչ վերաբերում է լիազոր մարմնի մասնակցությանը, ապա հարկ եմ համարում նշել, որ ներկայությունը հնարավոր չի եղել ապահովել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։ Նկատենք, որ մրցույթները չներկայանալով տապալելու պրակտիկան նոր չէ, եւ ԿԳՄՍՆ-ն դա հաճախ է կիրառում:

ԿԳՄՍ նախարարությունից չեն պատասխանել այն հարցիս, թե 2024-2026 թվականների ընթացքում քանի անգամ է Դիլիջանի պետական բազմագործառնութային քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվել, ինչ պատճառներով դրանք չեն կայացել։ Եթե լիազոր մարմնի՝ ԿԳՄՍՆ-ի ներկայացուցչի մասնակցությունն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի եղել ապահովել, ապա նախարարությունը կարող էր այլ ներկայացուցիչ ուղարկել այդ մրցույթին, եւ ինչ է նշանակում` «աշխատանքային ծանրաբեռնվածություն», երբ կրթօջախի կառավարման խորհրդի անդամությունն էլ է մտնում այդ աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ։ Մինչդեռ շուրջ 2 տարի մրցույթը չի կայացել, եւ տնօրեն չի ընտրվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այ-այ-այ, մեծահասակ մարդիկ եք, բայց այդքան անամոթաբար ստում եք

Այ-այ-այ, մեծահասակ մարդիկ եք, բայց այդքան անամոթաբար ստում եք Thu, 30 Apr 2026 16:45:11 +0400…

20 րոպե ago

Ինչպես խնդիրը վերածել առավելության․ Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն

Ինչպես խնդիրը վերածել առավելության․ Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն Thu, 30 Apr…

22 րոպե ago

Անբարոյականության հասնող կեղծավորություն է

Անբարոյականության հասնող կեղծավորություն է Thu, 30 Apr 2026 16:40:56 +0400 Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն…

24 րոպե ago

ԱԺԲ-ն կոչ է անում քաղաքացիներին՝ հիշել, որ ընտրությունները նաև արժեքային ընտրություն են

ԱԺԲ-ն կոչ է անում քաղաքացիներին՝ հիշել, որ ընտրությունները նաև արժեքային ընտրություն են Thu, 30 Apr…

29 րոպե ago

ԿԸՀ-ում նիստը լարվեց. թեժ լեզվակռիվ` «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկի եւ Հովակիմյանի միջև

ԿԸՀ-ում նիստը լարվեց. թեժ լեզվակռիվ` «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկի եւ Հովակիմյանի միջև Thu, 30 Apr…

30 րոպե ago

Կրկին սպառնացել է Գերմանիային

Կրկին սպառնացել է Գերմանիային Thu, 30 Apr 2026 16:30:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial…

35 րոպե ago