Ովքե՞ր են հանցավոր «սխալների» հեղինակները. Նուբարաշենի աղբավայր, «Նաիրիտ» գործարան
Thu, 30 Apr 2026 19:45:53 +0400
Հայաստանում նույնիսկ Քրօրով նախատեսված հանցագործություն կատարողների նկատմամբ է պատիժը միշտ եղել ընտրողաբար:
Եթե այդ անձը հասարակ մարդ է, դատապարտվում է, եթե ոչ՝ ձեւականորեն է պատասխանատվության ենթարկվում: Ինչ վերաբերում է հանցավոր որոշումներ կայացնելու հետեւանքով երկրին եւ քաղաքացիներին ահռելի, անդառնալի վնաս պատճառած պաշտոնյաներին, ապա նրանք մնում են անպատիժ:
Հեռու չգնամ: Պատմեմ այն, ինչին 45 տարի առաջ անձամբ եմ վկա եղել: Իմ ազգականներից մեկը պարտքով մեծ գումար էր տվել մեկ այլ ուսանողի` պայմանով, որ այդ պարտքն ամեն ամիս արագ աճելու է: Պարտապանը չէր կարողացել վերադարձնել պարտքը, եւ ազգականս պարտքը վերադարձնելու օրիգինալ ձեւ էր առաջարկել: Նրանք Կոմպոզիտորների միության շենքի բնակելի հատվածի ձեղնահարկով մտել էին Միություն, այնտեղից դուրս բերել շուրջ 10 հազար ֆունտ ստերլինգ արժողության ապրանք, բայց… բռնվել էին հանցագործության վայր ձեղնահարկում: Հայրս` Գեւորգ Էմինը, այդ ժամանակ Մոսկվայում էր: Շտապ վերադառնալով տուն՝ նա դիմել էր Երեւանի քաղկոմի ղեկավար Լեոնիդ Ներսիսյանին, որն իր հերթին դիմել էր գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովին: Այդ գողությունը ձեւակերպել էին որպես երկու ուսանողների կողմից կատարված անհաջող կատակ ու մեղավորներին, որոնք արդեն իսկ խոստովանական ցուցմունքներ էին տվել, բաց էին թողել Սովետաշենի բանտից: Դրան նպաստել էր այն, որ հորս խնդրանքով երկու հայտնիներ, որոնք ոչ միայն Կոմկուսի անդամի, այլ նաեւ պատգամավորի կարգավիճակ ունեին, հանդես էին եկել որպես երաշխավոր: Մեկը Վարդգես Պետրոսյանն էր: Ի դեպ, ՀԳՄ նախագահը ոչ միայն երաշխավորագիր էր գրել, այլ նաեւ անձամբ էր ներկայացել Սովետաշենի բանտ, չնայած պետք է մեկներ Միացյալ Նահանգներ՝ կազմակերպելու Վիլյամ Սարոյանի աճյունը Հայաստան տեղափոխելու առաքելությունը:
Մինչդեռ Էդվարդ Միրզոյանը, որը նույնպես բնակվում էր ԿՄ շենքի բնակելի հատվածում, մերժել էր հորս խնդրանքը. այն է՝ վկայություն տալ, թե, իբր, գողացվածը ոչ թե ԿՄ ապրանքն է եղել, այլ՝ իր սեփականը: Կոմպոզիտորների միության նախագահն ասել էր. «Էմին ջան, այդ դեպքում կստացվի, որ ես եմ գողը»: Բացատրեմ, որ Սովետմիությունում պետությունից գողություն անողը շատ ավելի խիստ պատիժ էր ստանում, քան մասնավոր անձից գողացողը:
Եթե Հայաստանում հանցագործություն կատարելու պահին բռնված «թիկունք ունեցողները» չեն պատժվում, ապա պետք չէ զարմանալ, որ չեն պատժվում նաեւ բարձր պաշտոններ զբաղեցնողները, որոնց հանցագործությունն «ընդամենը» այն է եղել, որ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ ընդունել են այնպիսի հանցավոր որոշումներ, որոնց հետեւանքով ահռելի ու անդառնալի վնասներ են կրել պետությունն ու քաղաքացիները:
ՀՀ պատմության ընթացքում այդպիսի փաստերը բազմաթիվ են: Դրանցից մեկը Նուբարաշենի աղբավայրում աղբի վերամշակման գործարան կառուցելու ճապոնական ընկերություններից մեկի առաջարկի մերժումն էր, ինչի մասին շատ էին գրում այն օրերի լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ այդ ընկերությունն առաջարկել էր անվճար կառուցել այդ գործարանը` պայմանով, որ աղբի վերամշակումից առաջացած բիոգազը պատկանի իրեն: Այսինքն, Երեւանը կստանար անվճար գործարան, որը կփրկեր նրա բնակիչներին Նուբարաշենի գարշահոտ աղբանոցից, որում տեղի ունեցող հաճախակի հրդեհումների ծուխը խաթարում է երեւանցիների կյանքը: Ճապոնացիները ստացել էին մերժում, եւ այդ գազը՝ գարշահոտության եւ ծխի հետ մեկտեղ, տասնամյակներ շարունակ ապականում է Երեւանի օդային տարածքը: Օրերս այդ վնասին ավելացավ եւս մեկը. բիոգազի պայթյունի հետեւանքով ծանր այրվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու նրա աշխատակիցներից մեկը:
Այն օրերի լրատվամիջոցները ճապոնացիներին տրված մերժումը բացատրում էին նրանով, որ գոյություն ունի թաքնված բիզնես, երբ բազմաթիվ ներգրավված անձինք զբաղված են աղբի տարանջատման աշխատանքով: 1970-ին այդպիսի` այն օրերին չափազանց տարօրինակ թվացող բիզնեսի մասին հիշատակել էր հայրս՝ Գեւորգ Էմինը, որը վերադարձել էր Միացյալ Նահանգներ կատարած իր երկարատեւ ուղեւորությունից եւ պատմել էր, որ զբաղվելով այդ բիզնեսով, Ամերիկայում բնակվող հայազգի երեք եղբայրներ … դարձել են միլիոնատերեր: Նշենք, որ աղբն այն օրերին անվանում էին «զիբիլ», դրա հավաքողներին՝ «զիբիլչի», եւ անհավատալի էր թվում, թե հնարավոր է մեծ եկամուտներ ստանալ այդ գործունեությունից:
Վերադառնալով Երեւանի պրոբլեմին նշեմ, որ ճապոնացիներին մերժողը չէր պատժվել իր ընդունած, մեղմ ասած, տարօրինակ որոշման համար:
Մինչ օրս հանրությունը չգիտի նույնիսկ այդ մերժման հեղինակին: Չգիտենք նաեւ, թե ով է մերժել արհեստական կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանն ամերիկյան աշխարհահռչակ «Դյուպոն» կորպորացիային վաճառելու առաջարկը:
Հիշեցնենք, որ ամերիկյան այդ ընկերությունն անկախացած Հայաստանին առաջարկել էր գործարանը վաճառել իրեն, բայց ստացել էր մերժում: Հանրությանը բացատրել էին, թե, իբր, «Դյուպոնը», լինելով «Նաիրիտի» մրցակիցը, իսկույն եւեթ կփակի այն: Մինչդեռ մասնագետները դա բացառում էին` ասելով, թե մեր ցածրորակ կաուչուկը չի կարող մրցակից դառնալ ամերիկացիների արտադրանքին: Արդյունքում «Նաիրիտ» գործարանը փակեց ոչ թե «Դյուպոնը», այլ … մերոնք: Փակեցին՝ թալանելուց, «Նաիրիտի» անունով տասնյակ միլիոնավոր դոլարների վարկեր վերցնելուց եւ դրանք մսխելով գործարանը պարտքերի մեջ թաղելուց ու սնանկացնելուց հետո: Մինչդեռ, եթե «Դյուպոնի» առաջարկն ընդունեինք, կստանայինք այն տարիների Հայաստանին օդի եւ ջրի պես անհրաժեշտ հարյուրավոր միլիոն դոլարներ, «Նաիրիտը» մինչ օրս կաշխատեր ու եկամուտ կբերեր, չէին փակվի՝ կշարունակեին աշխատել բազմաթիվ այլ գործարաններ, որոնց գործունեությունը փոխկապակցված էր «Նաիրիտի» հետ, քիմիական շատ ապրանքներ Հայաստանը ոչ թե ստիպված կլիներ ներմուծել՝ ծախսելով արտարժույթ, այլ հակառակը, կարտահաներ՝ ստանալով վալյուտա, հազարավոր մարդիկ չէին դառնա գործազուրկ: Հայաստանն էլ չէր դառնա արդյունաբերությունից զուրկ պետություն, որի հույսն այն է, թե քանի զբոսաշրջիկ կցանկանա այցելել ՀՀ:
Գրիգոր Էմին-Տերյան