«Հրապարակ»․ Համատարած գաղտնալսումներ են իրականացնում, հատկապես` ընդդիմության նկատմամբ

«Հրապարակ»․ Համատարած գաղտնալսումներ են իրականացնում, հատկապես` ընդդիմության նկատմամբ

Fri, 01 May 2026 09:45:11 +0400


Հատկապես 2018-ից հետո մեզանում օրենքներն ու Սահմանադրությունը սկսեցին չգործել։ Սահմանադրական կարգի տապալումը` հենց Սահմանադրության պահպանման երաշխավորի՝ երկրի վարչապետի կողմից, դարձավ սովորական երեւույթ, եւ մենք անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են խախտվում մարդու իրավունքները, շրջանցվում եւ արհամարհվում օրենքները: Բացի այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը դարձել է գործադիր իշխանության ձեռքի խամաճիկը եւ շարունակաբար ապօրինի որոշումներ է կայացնում, անմեղ մարդկանց կալանքի տանում` խոսքի համար, բազմաթիվ նախադեպեր են ձեւավորվել։ Դրանցից մեկը մարդու անձնական կյանքի գաղտնիության, անձնական տվյալների պահպանության համատարած խախտումներն են։ Այս իշխանությունը շարքային եւ ոչ շարքային մարդկանց գաղտնալսելու հարցում ռեկորդներ է սահմանել․ ում եւ ինչպես ցանկանում՝ լսում են, հետո այդ ձայնագրություններն իրենց պատկանող լրատվականներով եւ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրում, հրապարակայնացնում են։ Անգամ եթե այդ զրույցները խիստ անձնական են, եւ, ըստ օրենքի, նման գործողություններն ուղղակիորեն խախտում են մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակներն էին հրապարակել եւ տարեց պատգամավորին դարձրել ծաղրի առարկա: Նիկոլ Փաշինյանն անգամ իր հավատարիմ թիմակիցներին չի խնայում այս հարցում, նա բազմիցս այլ տեղեկություններ է հրապարակել մարդկանց անձնական կյանքի մասին, որոնք ստացել է ի պաշտոնե: Պարզ է, որ հատուկ ծառայությունները գաղտնալսում եւ հետեւում են բոլորին եւ դա զեկուցում են վարչապետին, իսկ վերջինս էլ, առանց հասկանալու, որ դա պաշտոնի չարաշահում է, օրենքի խախտում է, հրապարակում է դրանք, ըստ անհրաժեշտության:

Բայց դա կարող են կանխել նույն իրավապահները։ Անգամ արդարադատության նախարարությունում գործում է հատուկ կառույց, որը կոչվում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, եւ որը պարտավոր է կանխել նման երեւույթները: Ինչո՞վ է այդ կառույցը զբաղված` լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելու փորձերից բացի: Այս կառույցը պարբերաբար արձանագրություններ է կազմում, որ ինչ-որ մի լրատվամիջոց հրապարակել է, օրինակ, ինչ-որ մեկի լուսանկարը, ինչն անձնական տվյալների մասին օրենքով արգելված է, չնայած այդ լուսանկարը սոցցանցերից է վերցվել:

Հետաքրքիր է` այս գործակալությունում ի՞նչ կարծիքի են վերջին շրջանում պարբերաբար հրապարակվող գաղտնալսումների, մարդկանց ձայնագրելու եւ այդ ձայնագրությունները հրապարակելու, քաղաքացիների անձնական զրույցները հանրային քննարկման առարկա դարձնելու գործողությունների մասին։ Գործակալության պետ Միհրան Բուլղադարյանը, որը երկու շաբաթ առաջ է նշանակվել որպես ԺՊ, հարցին` չկա՞ արդյոք օրենքի խախտում, երբ անձանց անձնական հեռախոսազրույցները գաղտնալսվում եւ հրապարակվում են, օրինակ՝ եթե վաղն էլ որոշեն լրագրողներին գաղտնալսել, այս կառույցն ինչո՞վ կարող է աջակցել նրանց, որոնց գաղտնալսել են, պատասխանեց. «Գաղտնալսմանը, եթե օրենքով սահմանված կարգով է իրականացվում, ոչ մի բանով էլ մենք չենք կարող աջակցել` մեծ հաշվով, քանի որ գաղտնալսումն իրականացվում է դատական ակտի հիման վրա: Դատական ակտի հիման վրա իրականացված գաղնալսումների վերաբերյալ գնահատականներ կարող են տալ ավելի բարձր դատական ատյանները: Ես՝ որպես գործակալության ղեկավար, չեմ կարող նման դիրքորոշում հայտնել»։ Մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել, թե, ի վերջո, իր ղեկավարած գործակալությունն ինչ հարցերով է զբաղվում եւ ինչ խնդիրներ է լուծում:

Նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց. «Այստեղ միանշանակ օրենքի տեսանկյունից խնդիրներ կան: Հայաստանի վարչապետը քրեական դատավարության ոլորտը եւս վերածել է նախընտրական շոուի: Այն, ինչ հրապարակում են, համարվում է նախաքննական գաղտնիք, հետեւաբար՝ ենթակա չէ հրապարակման, սակայն ինչո՞ւ են հրապարակում՝ հրապարակում են, որպեսզի վարկաբեկեն հակառակորդ քաղաքական ուժերին, որպեսզի շահեն քաղաքական դիվիդենտներ՝ ահաբեկելով մյուսներին: Պատկերացրեք` փաստաբանները սկսեն նման ձայնագրություններ հրապարակել, անմիջապես կենթարկեն քրեական պատասխանատվության: Բայց վարույթ իրականացնող մարմինն անում է դա, ինչն անթույլատրելի է: Ինչ վերաբերում է անձին գաղտնալսելուն, ապա ՀՀ-ում այդ խնդիրը կա՝ համատարած գաղտնալսումներ են իրականացնում, հատկապես` ընդդիմության շրջանում: Որտեղ իրենց ձեռնտու է, ինֆորմացիան օգտագործում են, որտեղ ոչ, ուրեմն` ոչ: Գաղտնալսումները հանցավորության դեմ պայքարի համար են նախատեսված, ինչին ես դեմ եմ եղել պետական ծառայության ժամանակներից: Անգամ ամենածանր հանցագործությունները չի կարելի այս եղանակով բացահայտել: Սակայն մենք այսօր տեսնում ենք, որ այն ոչ թե ծանր հանցագործությունների համար է կիրառվում, այլ` ընդդիմադիրների դեմ պայքարում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների համար անհուսալի գործընկեր է․ Washington Times

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների համար անհուսալի գործընկեր է․ Washington Times Fri, 01 May 2026 16:15:57…

11 րոպե ago

Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել «Միասնության թեւեր»-ի թիմի անդամները

Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել…

17 րոպե ago

Ուղիղ. Քրիստոնյա գործարարները միություն են ստեղծել

Ուղիղ. Քրիստոնյա գործարարները միություն են ստեղծել Fri, 01 May 2026 16:06:32 +0400 Latest news from…

20 րոպե ago

ԵՄ-ում ընդունում են Թուրքիայի հզորությունը

ԵՄ-ում ընդունում են Թուրքիայի հզորությունը Fri, 01 May 2026 16:00:05 +0400 Եվրամիությունը նորովի է նայում…

26 րոպե ago

Աշխատողների իրավունքները խախտվում են, շատերը վախենում են բարձրաձայնել

Աշխատողների իրավունքները խախտվում են, շատերը վախենում են բարձրաձայնել Fri, 01 May 2026 15:45:16 +0400 «Հրապարակի»…

41 րոպե ago

Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, բայց նա արդարացնում է

Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, բայց նա արդարացնում է Fri, 01 May 2026 15:35:06 +0400…

51 րոպե ago