«Հրապարակ»․ Դուք ո՞վ եք, որ մեզ խաբեք, ստախոսնե՛ր, ինչո՞ւ եք երկիրը թշնամուն տալիս, ո՞վ է այդ մանդատը տվել ձեզ

«Հրապարակ»․ Դուք ո՞վ եք, որ մեզ խաբեք, ստախոսնե՛ր, ինչո՞ւ եք երկիրը թշնամուն տալիս, ո՞վ է այդ մանդատը տվել ձեզ

Fri, 01 May 2026 10:45:31 +0400


Հարցազրույց քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի հետ

– Վարպետ, Դուք Սիսական աշխարհից եք եւ փոքր տարիքից տեսել եք Ձեր հորեղբոր դարբնությունը, գուցե հենց դարբնոցի՞ց է տպավորվել Ձեր մեջ մետաղի հետ աշխատելու հմտությունը:

– Շատ կարեւոր է, որ ես դարբնոցում եմ մեծացել` հորեղբորս մոտ. լավ դարբին էր, բոյով, հզոր: Սերը դեպի արհեստը, մետաղն ուսումնասիրելը փոքրուց են եղել իմ մեջ: Այսօր գնալով հեռուն` մտածում եմ, որ այդ երեւույթներն են ազդել ինձ վրա, երբ նայում եմ մետաղից արված գործերիս: Հաճույքով եմ ստեղծում, որովհետեւ արվեստը միացնում եմ արհեստի հետ` դարբնության: Այն ժամանակ խոփ են սարքել, բահ, գերանդի. կապ է եղել մարդու եւ բնության միջեւ: Այսօր ես այդ երեւույթները կապում եմ արվեստի հետ, եւ շատ հետաքրքիր բաներ են ստացվում:

– Դուք ստեղծագործում եք ե՛ւ մետաղով, ե՛ւ քարով, ե՛ւ փայտով: Ստեղծել եք Ձեր ուրույն ոճը, եւ դա միայն Ձերն է: Կասե՞ք, թե որն է անձրեւի տեսքով մետաղե քանդակների գաղտնիքը:

– Այդպես Նարեկացու, Կոմիտասի, Սարյանի, Սեւակի, Սահյանի, Մաթեւոսյանի եւ ուրիշ մեր մեծերի պորտրեներն եմ արել: Պատերազմի թեմայով արված գործն էլ է մետաղից եւ էլի շատ գործեր: Արել եմ զոդման միջոցով եւ ներկել: Աշխատել եմ տարբեր էֆեկտներ ստանալ: Թվում է, ամբողջը ձուլված է անձրեւի տեսքով, բայց ձուլված չէ, ուղղակի կտորների արանքը զոդումով լցրել եմ, հետո աշխատել եմ դրանց վրա, եւ ստացվել է անձեւի էֆեկտ, որը շատ հետաքրքիր է: Որիշ որեւէ կերպ դժվար է այդպիսի ֆակտուրա ստանալ:

– Բազմաթիվ քանդակներ ունեք արվեստանոցում, դրանց զգալի մասը մեր մեծերի արձաններն են ու կիսանդրիները: Ի՞նչ պետք է լինի այդ քանդակների ճակատագիրը, այդպես մնալու են արվեստանոցում՝ փոշու տա՞կ:

– Ուզում եմ պետություն ունենանք, իսկական պետություն կառուցենք, որ պետությունն էլ մեզ վրա ուշադրություն դարձնի: Դասավանդում եմ, ուսանողներ ենք պատրաստում, որ քանդակագործ են դառնալու: Բայց այդ ուսանողը հետո ո՞նց պետք է ապրի, դա ինձ ցավ է պատճառում: Մենք ապրել ենք, բայց ուսանողը նոր է մտնում կյանք, ինչ-որ տեղից պետք է գումար ճարենք, տանք, որ չհիասթափվի, իր շնորհքը ցույց տա: Մի քիչ գումար տան, որ այդ մարդը կարողանա ապրել, ստեղծագործել եւ իր ասելիքը քանդակի միջոցով ասել: Այդ ժամանակ կունենանք շատ լավ քանդակագործություն, ասելիք, հետաքրքրություն, եւ պետությունն էլ կօգտվի այդ մարդկանց արածից:

– Ասում եք` պետություն կառուցենք, սրանք էլ ասում են` արդեն կառուցել ենք: Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում, ի՞նչ պետք է անենք իսկական պետություն կառուցելու համար:

– Իսկական պետությունը պետք է լինի այնպես, որ ինչ անեն, ժողովրդի համար անեն: Ժողովուրդն էլ պետք է պարտավորված լինի պետությանը պաշտպանելու: Այդ բանը մենք հիմա չենք տեսնում, եւ ցավալի է, որ չենք տեսնում: Ես կուզենայի ատամներով պաշտպանել մեր պետությունը, բայց, ցավոք սրտի, էդ չի ստացվում: Ինչո՞ւ չեմ անում, չե՞մ ուզում, թե՞ չկամ եմ: Չէ՛, էդ չի: Ես ուզում եմ ճիշտ լինի, աշխատանք ունենան, կարողանան ապրել, ստեղծագործել, եւ ամեն մարդ իր գործով զբաղվի: Էն, որ չի կարող, երբեք չանի, որովհետեւ վատ, շատ վատ է անելու եւ ահավոր է անելու: Այն ժամանակ պետություն կլինի, երբ ամեն մեկն իր գործն անի ու ճիշտ անի:

– Մենք դարեր շարունակ ստեղծել ենք, բայց երկրի սահմանները չենք պաշտպանել, եւ թշնամին եկել ու ավերել է: Այսօր էլ հույսներս «խաղաղության» վրա ենք դրել: Եվ ի՞նչ: Գետիկ Բաղդասարյանը ստեղծում է, իսկ թշնամին գալու է ավերի՞:

– Ես ինձ զինվոր եմ համարում: Պետություն ստեղծենք, ամեն ինչով օգնենք պետությանը, մինչեւ վերջ կառուցենք, ճիշտ կառուցենք, սխալ չանենք: Եթե ես զինվոր եմ, պետք է ամեն ինչ պաշտպանեմ, տուն եմ սարքել` տունս պաշտպանեմ, դպրոցս, մանկապարտեզս, ծնողներիս, հարազատներիս, մեր ժողովրդին: Զինվոր լինեմ, որ որեւէ մեկի մտքով չանցնի` հարձակվել ինձ վրա, հակառակ դեպքում` լավ դաս տրվի: Եվ եթե պետք լինի, ես իմ կյանքը տամ իմ երկրին: Մեր ամեն զինվոր մի-մի հերոս է, իրենց կյանքը տվել են, որպեսզի այսօր մենք կարողանանք ապրել: Բայց մենք էլ պետք է զինվոր լինենք, անպայման:

– Մենք այսօր տեսնո՞ւմ ենք պետություն կառուցելու հնարավորությունը, կարո՞ղ ենք:

– Իհարկե, կարող ենք: Այդպիսի մարդիկ կան, որոնց շատ եմ հավանում: Հայի ուղեղը լավ ուղեղ է, բայց լավ չենք օգտագործում: Իսկ եթե լավ օգտագործենք, ե՛ւ լավ զինվոր ենք լինելու, ե՛ւ լավ քանդակագործ, ե՛ւ լավ հողագործ, ամեն ինչ էլ կլինենք:

– Մեր մեծերին եք քանդակել, իսկ մենք ականջալո՞ւր ենք նրանց թողած պատգամներին, թե՞ շրջանցում ենք: Ունե՞ք նման տպավորություն:

– Ունեմ այդ տպավորությունը եւ ցավում եմ, որ այդպես է: Ես ուզում եմ, որ մեր մեծերի պատգամները մեր մեջ լինեն, մեր սրտերի մեջ լինեն, եւ օգտագործենք երկիր կառուցելու համար: Առաջին հերթին երկիր պետք է կառուցենք ճիշտ հենքի վրա: Եթե այդ չանենք, էլի մեկը սխալվելու է, մյուսը թալանելու է. չպիտի՛ թողնենք: Մենք՝ բոլորս, զինվոր պետք է լինենք ե՛ւ կառուցելու, ե՛ւ պաշտպանելու, ե՛ւ գիտությունը զարգացնելու մեջ: Ամենակարեւոր բանը սովորելն է, իսկ այսօր ես չեմ զգում, որ մեր գիտելիքներն ավելացնում են: Ամեն ինչ կարծես հակառակ ուղղությամբ է գնում: Պակասեցնում են գիտելիքը, իսկ այսպես պետություն կառուցել չես կարող:

– Մենք կարողացա՞նք այս 35 տարում անկախություն, պետականություն կերտել, ինչպես սպասում էինք:

– Ո՛չ, չկարողացանք: Մենք՝ բոլորս, պետք է լծվեինք պետություն կառուցելու գործին: Բայց չարեցինք, որովհետեւ խելացի չենք, որովհետեւ տգետ ենք, եւ այդպես շատ «որովհետեւ»-ներ կան: Չկառուցեցինք, բարձիթողի մատնեցինք, ամեն մեկս քաշվեցինք մեր տները եւ ուշադրություն չդարձրինք: Չգնահատեցինք մեր պետությունը, չխնամեցինք մեր հաղթանակը, չհասկացանք` ինչ ենք արել: Արեցինք ու կիսատ թողեցինք, իսկ կիսատությունը շատ վատ բան է, պետք է հասցնեինք մինչեւ վերջ:

– Այսօր էլ այդ տագնապալի վիճակն է, մեր թշնամին ոչ միայն Արցախը կուլ տվեց, նաեւ ասում է, որ Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» է: Զգո՞ւմ եք այդ տագնապալի վիճակը:

– Ես զգում եմ եւ ասում եմ` ես պատրաստ եմ զինվոր լինել, ճիշտ է՝ տարիքս մի քիչ մեծացել է, բայց զինվոր կդառնամ, կգնամ, եւ եթե պետք լինի, կյանք կտամ հայրենիքիս, իմ երկրին, որ մյուսները կարգին ապրեն եւ թույլ չտան` ոսոխը ոտք դնի այստեղ: Ես շատ դեմ եմ, որ ադրբեջանցիները գան: «Արեւմտյան Ադրբեջան» չի եղել, սարքած բան է: Իսկ ինչո՞ւ է համաձայնել, որ իր խոսելուց է զգացվում: Չե՞ք հասկանում, թե Սյունիքն ինչի համար են ուզում. նաեւ՝ հանքերի, հարստության համար: Սուսուփուս տալիս ես, ինչո՞ւ ես տալիս: Կարող ա՞ հակադրվես, մի բան չտաս, ասես` էս իմն է: Չի կարելի տենց: Շատ կներես, քո ժողովրդին ինչի՞ տեղ ես դրել, էդքան տգե՞տ են, չե՞ն հասկանում, որ տալիս ես ամեն ինչը: Եթե դու տալիս ես, ուրեմն մի կեղտոտ բան արել ես, հո հենց ընենց չե՞ս տալիս: Իսկ ինչո՞ւ ես տալիս, ի՞նչն է պատճառը: Մի բան եթե ուզում են առնեն, փող են տալիս, առնում են: Հիմա առել են քեզ. ի՞նչ են տվել քեզ, որ ըտենց առել են: Դուք չե՛ք ուզում, ես չե՛մ ուզում, իսկ ինքն ինչո՞ւ է տալիս: Ամբողջ ժողովուրդը պետք է որոշի` տալի՞ս ես, թե՞ չես տալիս: Ինչո՞ւ է մեզ կոտրում եւ հետո էս մասը տալիս է, էն մասը տալիս է, իսկ հետո սկսում է խաբել, ստել, արդարացնել տվածը: Դու այդքան խելո՞ք ես մեզնից, որ կարողանում ես մեզ խաբել: Մենք քեզ չենք խաբում, ուղղակի մենք չենք հավատում քեզ, ասում ենք` գնա, էլի, գնա: Դու ինչո՞ւ ես ինձ խաբում, քիչ-քիչ պակասեցնում ես քարտեզը, բայց ես չեմ հավատում դրան: Արարատից ո՞նց ես հրաժարվում. որտեղից նայում եմ` հրաշք է: Լացս գալիս է. դու ինչո՞ւ ես ասում` տեսեք: Սահմանից այն կողմ է, բայց մերն է, էն կողմից խռովել` հայացքով մեզ է նայում: Քո ասելով չի, էդ պետք է մեր` հայ ժողովրդի ասելով լինի: Ժողովրդավարությունն այն չէ, որ վերցնես եւ մի ստորագրությամբ Արցախը տաս Ադրբեջանին, ո՞նց կարելի է: Իսկ մենք՝ ես ընդունո՞ւմ եմ, ո՛չ: Ես ի՞նչ գործ ունեմ` քանդակագործ լինելով, քաղաքականությունից խոսեմ, որովհետեւ սխալ քաղաքականություն եք վարում, ընդհանուր առմամբ, բան չգիտեք եւ դուք ձեզ համարում եք մեծ քաղաքագետնե՞ր: Մեզ պիտի հարցնեիր, մենք պետք է որոշեինք` տա՞նք, թե չտա՞նք: Ըստ այդմ էլ դու կվարվեիր, եւ դա կլիներ ժողովրդավարություն:

– Դուք քանդակել եք նաեւ Նժդեհին, որ Սյունիքի հետ է նույնանում: Նժդեհը պահեց, մենք հանձնո՞ւմ ենք:

– Ամենամեծ հայերից մեկը Նժդեհն է, որ մտածում էր Հայաստանի մասին, տուն սարքելու, երկիր սարքելու մասին: Ցավոք, թողեց հեռացավ, բայց պահեց, մնաց Սյունիքը: Եվ այսօր Սյունիքը տալ` նշանակում է դավաճանել Նժդեհին: Ես ներողություն եմ խնդրում Նժդեհից, որ այդպիսի դավաճաններ ունենք: Մենք չպետք է թողնենք, ոչ թե սուսուփուս լսենք, թե ինչեր է ասում: Մենք պետք է ըմբոստանանք, եւ ըմբոստությունը նրա համար լինի, որ երկիր կառուցենք, մեկ-մեկ քարերը դնենք, շարենք, բարձրանանք: Ինչքա՞ն հզոր մարդիկ ունենք, նրանք մեր սյուներն են, այդ սյուների վրա պետք է ստեղծենք մեր երկիրը: Ինչո՞ւ չեն ուզում հասկանալ, որ Թրիփփի անվան տակ Սյունիքն են ուզում: Այդ մասին չեք խոսում, ամեն ինչ տալիս եք, որ Թուրքիան ճանապարհը բացի, էդ ձեւով մեզ պետք չի: Ո՞վ է դրան բուծել, ո՞վ է բերել, չես հասկանում: Ժողովուդը չի խոսում, ինքն էլ սուտ է ասում: Ինչո՞ւ են մեզ ստում, ինչո՞ւ են խաբում: Դուք ո՞վ եք, որ մեզ խաբեք, ստախոսներ, ինչո՞ւ եք երկիրն ավերում, ինչո՞ւ եք երկիրը թշնամուն տալիս, ինչո՞ւ եք Թրիփփն այդպես առաջ տալիս: Շատ բան չենք հասկանում, բայց զգում ենք, չէ՞, որ երկիրը կործանում եք: Դուք ի՞նչ իրավունք ունեք մեր երկիրը կործանելու, ո՞վ է ձեզ այդ մանդատը տվել, կամ ի՞նչ իրավունքով ես ստորագրել, որ Արցախն իրենցն է, քեզ ո՞վ է այդ իրավունքը տվել: Այդ 150 հազար հայերին ինչի՞ հանեցիր, դու ի՞նչ իրավունք ունեիր, ես քեզ այդպիսի մանդատ չեմ տվել, եւ շատ-շատերը չեն տվել: Ինչո՞ւ ես տվել մի ամբողջ ժողովրդի անունից եւ սուտ ես խոսում: Այնքան եք խաբել, որ չգիտենք արդեն` ինչն է ճիշտ:

– Ներսես Աշտարակեցու հսկայածավալ մետաղե արձանը պետք է տեղադրեիք Շուշիում, բայց չստացվեց:

– Չստացվեց, գիտեք, հասկանալի պատճառներով: Բայց ինչո՞ւ չպետք է տեղադրեի: Իր մի ստորագրությամբ ոչնչացրեց այս քանդակը: Ես քեզ մանդատ եմ տվել այստեղ կառավարելու համար, ի՞նչ գործ ունես Արցախի հետ: Ես հանգիստ մարդ եմ, բայց չեմ կարողանում այդ ամենը հանգիստ ընդունել, ներսս բորբոքված է, ըմբոստանում է, համաձայն չեմ այդ ամեն ինչի հետ, եւ ինձ նման մտածողներ շատ-շատ կան: Ես քաղաքագետ չեմ, բայց ըմբոստանում եմ ձեր վարած քաղաքականությունից, տեսնում եմ, որ վատ եք անում, շատ վատ եք անում, երկիր եք կործանում, թողեք գնացեք, էլի:

– Ի՞նչ պատգամ ունեք մեր ժողովրդին հղելու:

– Ուզում եմ, որ մեր ժողովուրդը պինդ լինի, հզոր լինի, եւ ամենքս մեզ զինվոր զգանք, մեր երկիրը պաշտպանենք, եւ ոչ մեկը չի կարող մեզ բան ասել: Մենք ռեւանշիստ չենք, լավ քանդակագործ ենք, լավ երաժիշտ ենք, լավ կաթողիկոս ենք եւ չպետք է թույլ տանք, որ մեր Եկեղեցուն, մեր հավատին վատ բան ասեն: Ես հիմա ավելի շատ մտածում եմ քաղաքական թեմաներով, քան քանդակի թեմայով, քանդակը 10-րդ պլան է մղվել: Ասում են՝ երբ թնդանոթները կրակում են, արվեստը լռում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ կլինի Համասյանը Գյումրիում

Երբ կլինի Համասյանը Գյումրիում Fri, 01 May 2026 12:15:05 +0400 Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի «Մանիֆեստ»…

15 րոպե ago

Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել

Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել Fri, 01 May 2026 12:00:12 +0400 ԱՄՆ…

29 րոպե ago

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան Fri, 01 May…

34 րոպե ago

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները Fri, 01 May 2026 11:48:07 +0400 Երևանի…

42 րոպե ago

Իմ սկզբունքային մոտեցումն է. պարգևավճարները չպետք է լինեն մեկ հոգու քմահաճույքից կախված

Իմ սկզբունքային մոտեցումն է. պարգևավճարները չպետք է լինեն մեկ հոգու քմահաճույքից կախված Fri, 01 May…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Եղեգիսի ավագանու ՔՊ-ականները կողմ քվեարկեցին հանքի որոնման աշխատանքներին

«Հրապարակ»․ Եղեգիսի ավագանու ՔՊ-ականները կողմ քվեարկեցին հանքի որոնման աշխատանքներին Fri, 01 May 2026 11:45:12 +0400…

44 րոպե ago