Չվախենաք Պուտինի սպառնալիքներից, Ադրբեջանը ձեր կողքին է
Sat, 02 May 2026 18:45:33 +0400
Ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի՝ Հայաստան այցի հիմնական նպատակը հայ գործարարների հետ հանդիպելն էր, նրանց մտավախությունները փարատելը, այսպես կոչված, պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի մասին հաղորդագրությունն ընդամենը ծխածածկույթ էր դրա համար: Դրանից մեկ օր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման` Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարեւորությունը: Այս երկու միջոցառումները փոխշաղկապված են եւ լրացում են իրար: Դրանց նպատակը Հայաստանի շուրջ թակարդ լարելն է, Հայաստանին համոզելով, խոստումներով այդ թակարդը գցելն ու ի վերջո ոչնչացնելը: Ի՞նչ թակարդ են լարում Հայաստանի շուրջ Թուրքիան եւ Ադրբեջանը, որին մեծ ջանասիրությամբ մասնակցում են նաեւ Հայաստանի իշխանություն կոչվողները:
Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի եւ հիմնականում հայ գործարարների վրա՝ նրանց հասկացնելու, որ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի ոչնչացմանը, ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության եւ տնտեսվարողների համար: Երբ ասում են, որ Ռուսաստանը շանտաժ է անում հայ բիզնեսին, ե՛ւ ճիշտ է, ե՛ւ սխալ. սխալ է այնքանով, որ Ռուսաստանի իշխանություններն ուզում են մի քանի օրինակի վրա ցույց տալ, թե ինչ կլինի հայկական բիզնեսի հետ, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ տնտեսական տարածքից, ինչ ազդեցություն դա կթողնի գործարարների վրա, հետեւաբար՝ իմաստ չունի աջակցել մի իշխանության, որի քաղաքականությունը չի համապատասխանում երկրի եւ մարդկանց շահերին: Շանտաժ է այնքանով, որ Ռուսաստանը հայ գործարարներին ասում է, որ դուք պետք է ընտրություն կատարեք ձեր իշխանության շանտաժի միջեւ, որը ձեզ ստիպում է աշխատել հօգուտ իր վերարտադրության, եւ ձեր ու ձեր երկրի տնտեսական շահերի միջեւ:
Հայ գործարարներն իսկապես մտահոգություն ունեն, որ Փաշինյանի վերընտրությունը կարող է լուրջ տնտեսական հարված լինել Հայաստանի համար, ավանդաբար ձեւավորված տնտեսական կապերը, ներմուծման եւ արտահանման շուկաները կարող են փակվել, տրանսպորային ենթակառուցվածքները կարող են չաշխատել, ինչը կբերի հսկայական վնասների, ֆինանսական կորուստների: Իսկ այդ մարդկանց համար կարեւորն իրենց ֆինանսներն են, եկամտի աղբյուրը, եւ նրանք առաջին հերթին առաջնորդվում են այդ չափորոշիչով:
Այստեղ է, որ ի հայտ են գալիս Թուրքիան եւ Ադրբեջանը ու փորձում են Հայաստանի գործարարներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին հանգստացնել. մի վախեցեք Ռուսաստանի զգուշացումներից եւ շանտաժից, մի վախեցեք նրանից, որ Ռուսաստանը կփակի իր հումքի եւ սպառման շուկաները, դրա փոխարեն մենք կանգնած ենք ձեր կողքին: Ռուսաստանի փոխարեն մենք կբացենք Գյումրի-Կարս երկաթգիծը, եւ դուք տրանսպորտային հասանելիություն կստանաք թուրքական նավահանգիստներին, եվրոպական շուկաներին, Ադրբեջանն արդեն օգնում է ձեզ`ադրբեջանական ապրանքներ եք ներմուծում եւ իր տարածքն օգտագործում եք այլ երկրներից ապրանքներ ներմուծելու համար: Եթե անհրաժեշտություն լինի, կկարողանաք ավելի մեծ թվով ապրանքներ ներմուծել ու արտահանել Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքով: Մի վախեցեք փոփոխություններից, որովհետեւ դրանք իրենց հետ բերում են նոր հնարավորություններ եւ առավելություններ, նոր շուկաներ եւ ավելի շատ ու արագ հարստանալու պայմաններ են ստեղծում: Ահա թե ինչի մասին էր Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման աշխատանքային խմբի նիստը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հայաստանյան այցը:
Արդյոք թուրքերն ու ադրբեջանցիները կարո՞ղ են փարատել հայ գործարարների մտահոգությունները, հանգստացնել եւ ստիպել՝ աշխատել հօգուտ Փաշինյանի իշխանության, օգնել Փաշինյանին՝ վերարտադրվել: Իհարկե, դրանք որեւէ կերպ չեն փարատում մտահոգությունները, որովհետեւ յուրաքանչյուր գործարար գիտի, որ այն, ինչ իրեն տալիս է Ռուսաստանը, չի կարող տալ ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ Ադրբեջանը: Թուրքիայում կամ Ադրբեջանում հնարավոր չէ կոնյակ, գարեջուր, հանքային ջուր, ծաղիկ կամ լոլիկ վաճառել, ընդհակառակը՝ նրանք են փորձելու գրավել հայկական շուկան: Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մեծ մասը եւս թուրքական կամ ադրբեջանական այլընտրանք չունեն կամ եթե ունեն, ապա շատ թանկ են: Ուղղակի հարցն այն է, որ ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ գործարար հանրույթի մեջ կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են ոչ թե երկրի եւ նրա տնտեսության, այլ սեփական, նեղ անձնական շահերով: Նրանք կարողացել են, կամ նրանց հատուկ օգնել են՝ իրենց տնտեսական շահը փոխկապակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որ իրենք այդ երկրների հետ տնտեսական հարաբերություններից շահ ունեն եւ ուզում են իրենց շահը փաթաթել մյուսների վզին՝ «տեսեք՝ եթե մեզ մոտ ստացվել է, ձեզ մոտ էլ կստացվի» սկզբունքով:
Թուրքիան եւ Ադրբեջանն ամեն կերպ փորձում են օգնել Փաշինյանին՝ պահելու իշխանությունը, իրականում ոչ մի բան չանելով, միայն խոստումներ տալով եւ լավ ապագայի հեռանկարի պատրանք ստեղծելով: Բայց մի՞թե դիմացիններն այդքան հիմար են, որ խաբվեն լոկ գովազդով, միայն գեղեցիկ տեսարանով: