Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով

Sun, 03 May 2026 20:15:37 +0400


Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը վերակոչվեց Տեր Անանիա քահանա, Կարո սարկավագ Ղարիբյանը՝ Տեր Մկրտիչ քահանա, Հարություն սարկավագ Զաքարյանը՝ Տեր Վահան քահանա, Գևորգ սարկավագ Կարապետյանը՝ Տեր Թովմաս քահանա, Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ Տեր Աբրահամ քահանա, Արամայիս սարկավագ Ազիզյանը՝ Տեր Ներսեհ քահանա և Արսեն սարկավագ Ավագյանը՝ Տեր Մուշեղ քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է Հայ Եկեղեցու համար։ Տոնն է Սուրբ Խաչի երևման, և նույն օրը Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նաթան Սրբազանը ընդգծեց, որ խաչը մահվան ու տառապանքի գործիքից Քրիստոսով դարձավ կենաց ծառ, տառապանքից՝ փրկություն և պահապան Աստծուն հավատարմորեն երկրպագողներին։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Սիրելի՛ քահանա հայրեր, այսօր ուխտով և աղոթքով ծնվեցիք որպես նոր մարդ, ծնվեցիք նոր անուններով և նոր կյանքի համար։ Այսուհետև ձեր կյանքը մշտապես պիտի լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսինը։ Տիրոջ օրինակով մարդկանց բերեք ուրախություն և արդարություն՝ երբեմն նաև անցնելով չարչարանքի ու տառապանքի միջով։ Քահանայի կոչումը զոհաբերություն է հանուն իր հոտի փրկության։

․․․Մենք՝ հոգևորականներս, իբրև զինվորյալներ, պիտի կանգնենք Հայոց Եկեղեցու պաշտպանության առաջին շարքերում՝ խոսքով, գործով, աղոթքով, նվիրումով և, ինչու չէ, նաև սեփական անձի զոհաբերությամբ։ Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից»։

Սրբազան Հայրը վերջում աղոթք բարձրացրեց առ Աստված՝ նորաօծ քահանա հայրերին մաղթելով ուժ, կարողություն և անսասան հավատարմություն իրենց ուխտին։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան

Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան Sun, 30 Aug 2026 11:15:48 +0400 Եկեղեցու…

14 րոպե ago

Մտադիր է Լուսնի վրա իր անունով օբյեկտ անվանակոչել

Մտադիր է Լուսնի վրա իր անունով օբյեկտ անվանակոչել Sun, 30 Aug 2026 11:00:23 +0400 ԱՄՆ…

30 րոպե ago

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Sun, 30 Aug 2026 10:45:29 +0400…

45 րոպե ago

Բակո Սահակյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ

Բակո Սահակյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ Sun, 30 Aug…

56 րոպե ago

Կառաջադրվի՞ արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում

Կառաջադրվի՞ արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում Sun, 30 Aug 2026 10:30:28 +0400 Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը…

60 րոպե ago

Ավտոճանապարհներն՝ այս պահին

Ավտոճանապարհներն՝ այս պահին Sun, 30 Aug 2026 10:15:27 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

1 ժամ ago