Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան

Դժվարությունը կարող է դառնալ հավատքի ճանապարհ. Ռուբեն Սրբազան

Sun, 30 Aug 2026 11:15:48 +0400


Եկեղեցու վերքը միայն նրա պատերի պատմությունը չէ։ Վերք է նաև այն ամենը, ինչ այսօր խոչընդոտում է նրա լիարժեք կյանքին՝ արտաքին կաշկանդվածությունը, ժամանակի դժվարությունները, երբեմն նաև մեր ներսում եղած չկամությունն ու հեռավորությունը, Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում խոսված իր քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

««Երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհ․ Ի 29)

Արժանապատիվ քահանա հայրեր, սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, և մանավանդ, սիրելի՛ բուրաստանցիներ,

Այսօր մենք հավաքվել ենք Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ մի սրբավայրում, որի քարերը ավելի քան երեք դար վկայում են այս ժողովրդի հավատքի մասին։ Եկեղեցին տեսել է սերունդների աղոթքը, ուրախությունն ու ցավը, տեսել է նաև անաստվածության տարիները, երբ իր սրբազան առաքելությունից զրկված՝ ծառայեցվել է որպես ամբար։ Այսօր այն կրկին աղոթքի տուն է․ վերանորոգված է և սպասում է իր վերաօծմանը։ Եվ այս սպասումն ինքնին հավատքի վկայություն է։ Մենք դեռ չենք տեսնում եկեղեցական համայնքի աշխուժացումը, բայց հավատում ենք նրա հավատքի նորոգված կյանքին և արդեն այսօր քայլում ենք այդ ուղղությամբ։ Այս է Թովմասին ուղղված Քրիստոսի խոսքի խորհուրդը․ «Երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։

Հարուցյալ Քրիստոս Թովմասին ներկայանում է մի կարևոր առանձնահատկությամբ՝ իր խոցված մարմնով։ Հարությունը չի ջնջել խաչի վերքերը։ Փառավորված մարմնի վերքերը դարձել են սիրո պատմությունը պատմող նշաններ։ Հարության ակունքում սերն է։ Հիսուսի հարուցյալ մարմինը «պատմող մարմին» է. նրան նայելով՝ տեսնում ենք Հոր սերը, տեսնում ենք այն սերը, որով Որդին ապրեց Հուդայի մատնությունը և Պետրոսի ուրացումը, զինվորների բռնությունները և իշխանությունների թշնամանքը։ Քրիստոսի վերքերը մեզ ասում են, որ այն չարիքը, որ նա կրեց, չվերածվեց վրեժի, այլ ներման, նվիրումի և սիրո։ Քրիստոսի վերքերը պարտության հետքեր չեն․ դրանք սիրո հաղթանակի վկայություններ են։ Եթե Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ապա նրա վերքերն էլ օտար չեն Քրիստոսի վերքերին։ Սուրբ Հակոբ եկեղեցու պատմության վերքերը նույնպես պետք է մեզ առաջնորդեն ոչ թե հուսահատության, այլ ապաքինման։

Եկեղեցու վերքը միայն նրա պատերի պատմությունը չէ։ Վերք է նաև այն ամենը, ինչ այսօր խոչընդոտում է նրա լիարժեք կյանքին՝ արտաքին կաշկանդվածությունը, ժամանակի դժվարությունները, երբեմն նաև մեր ներսում եղած չկամությունն ու հեռավորությունը։ Բայց այսօր մենք այստեղ ենք ոչ թե վերքերը մատնանշելու, այլ Քրիստոսի ներկայությամբ դրանք բուժելու։ Վախը թող փոխվի համարձակության, տրտմությունը՝ հարության ուրախության, հեռավորությունը՝ մերձեցման, իսկ բաժանումը՝ միասնության։ Ավետարանում Հարուցյալը հայտնվում է ոչ թե մեկուսացած աշակերտին, այլ նրանց, ովքեր դեռ միասին են։ Նրանք փակված էին վախից, բայց Քրիստոս կանգնում է նրանց մեջտեղում։ Սա Եկեղեցու մեծ խորհուրդն է․ Հարուցյալ Քրիստոս հայտնվում է համայնքի մեջտեղում։ Թովմասը նույնպես իր հավատքի լիակատար խոստովանությանը հասնում է ոչ թե մեկուսի, այլ եղբայրների ու քույրերի համայնքում։ Քրիստոնեական հավատքը միայնակ մարդու ճանապարհ չէ։ Այն «ես»-ից դեպի «մենք» անցնելու ուղին է։

Ահա թե ինչու այսօր այստեղ են նաև Մասյացոտնի թեմի քահանա հայրերը՝ ի նշան զորակցության Բուրաստանի հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանային՝ եկեղեցական համայնքը հավաքելու, Սուրբ Սեղանի շուրջ կյանքը աշխուժացնելու և այս եկեղեցուն նոր շունչ հաղորդելու նրա առաքելության մեջ։ Պարզ այցելությունից և ներկայությունից ավելին՝ սա եղբայրական սիրո և միասնական ոգու վկայություն է։ Այս իմաստով ուշագրավ է Սուրբ Պողոս առաքյալի հիշեցումը, որ Աստված իր Եկեղեցուն օժտում է բազմաթիվ շնորհներով։ Մեկը քարոզում է, մյուսը՝ ուսուցանում, մեկը՝ առաջնորդում, մյուսը՝ օգնում։ Բայց բոլոր շնորհներն ունեն մեկ նպատակ՝ ծառայել Քրիստոսի մարմնի՝ Եկեղեցու շինությանը։ Եվ այդ ամենից վեր առաքյալը ցույց է տալիս «ավելի լավ ճանապարհը»՝ սերը։ Շնորհները տարբեր են, ծառայությունները՝ բազմազան, բայց Եկեղեցու հոգին մեկն է՝ սերը։

Սիրելի՛ բուրաստանցիներ, Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծումը միայն քարերի օծում չէ․ այն պիտի դառնա նաև համայնքի հոգևոր նորոգության նշանը՝ ժողովրդի հավատքով, աղոթական ներկայությամբ, ծառայությամբ ու սիրով։ Ձեր համայնքի անունը՝ Բուրաստան, ինքնին գեղեցիկ պատգամ է, հիշեցում անուշահոտության, կյանքի, ծաղկման մասին։ Բայց այստեղ մի ցավոտ հակադրություն ենք տեսնում։ Այս իմաստալից անվամբ համայնքի սրբատեղին շրջապատված է այնպիսի միջավայրով, որն այնքան էլ անուշահոտության մասին չէ։ Այս պատկերը մեզ հոգևոր խորհրդածության առիթ է տալիս։ Աստված մեզ կանչում է այնպես ապրել, որ Բուրաստանն իր անվան պես բուրի՝ ոչ միայն իր դաշտերով, այլև իր մարդկանց հավատքով։ Թող այս եկեղեցուց դուրս եկող «բույրը» լինի աղոթքի, բարության, հաշտության և սիրո բույրը։ Թող մարդկանց խոսքերից Քրիստոս բուրի։ Թող ընտանիքներից խաղաղություն բուրի։ Թող երիտասարդների ներկայությունից կյանք բուրի։ Թող այս Սուրբ Սեղանի շուրջ հավաքված համայնքը դառնա այն «անուշահոտությունը», որի մասին Պողոս առաքյալն ասում է՝ Քրիստոսի ճանաչման բույրն աշխարհում (Բ Կորնթ․ Բ 14-15)։

Հետևաբար, եկեղեցու վերաօծման օրը մենք պետք է պատրաստենք ոչ միայն եկեղեցու պատերն ու շրջակայքը, այլև մեր սրտերը։ Թող վերաօծված Սուրբ Սեղանը գտնի վերանորոգված համայնք։ Թող այս հնագույն եկեղեցին այլևս չպատմի միայն անցյալի մասին, այլ դառնա ներկայի կենդանի հավատքի վկայությունը և ապագայի հույսը։ Եվ Թովմաս առաքյալի խոստովանությունը թող դառնա նաև մերը․ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ այս եկեղեցու վերքերի մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր դժվարությունների մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր սպասման մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր ապագայի մեջ։ Երբ գա այս եկեղեցու վերաօծման օրը, մենք ոչ միայն տեսնենք օծված պատերը, այլև ճանաչենք նորոգված համայնքը։ Բուրաստանը իսկապես դառնա իր անվանն արժանի՝ Քրիստոսի սիրո անուշահոտությունը տարածող համայնք։ Քրիստոսի փառավորված մարմինը մեզ այսօր պատգամ է փոխանցում. վերքը կարող է դառնալ վկայություն, դժվարությունը՝ հավատքի ճանապարհ, շնորհը՝ ծառայություն, ծառայությունը՝ սեր, իսկ սերը՝ համայնքի վերածնունդ։ Քրիստոս հարություն է առել, և նրա մարմինը փառավորված է։ Եվ մենք՝ որպես Եկեղեցի, կոչված ենք աշխարհում լինելու նրա սիրո տեսանելի և անուշահոտ վկայությունը։

Քրիստոս մեր մեջ է, և նրա սիրով մենք մեկ ենք։ Ամեն»,- նշել է Սրբազան Հայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բախվել են երկու տրամվայներ․ կան տուժածներ

Բախվել են երկու տրամվայներ․ կան տուժածներ Sun, 30 Aug 2026 12:00:17 +0400 Թուրքական Ստամբուլի Զեյթունբուրու…

15 րոպե ago

Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ

Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Sun, 30 Aug 2026 11:45:55 +0400 Օգոստոսի 30-ին՝…

29 րոպե ago

«Չելսիի» հարձակվողի համար վճարել են 70 միլիոն եվրո

«Չելսիի» հարձակվողի համար վճարել են 70 միլիոն եվրո Sun, 30 Aug 2026 11:30:36 +0400 «Ասթոն…

45 րոպե ago

Մտադիր է Լուսնի վրա իր անունով օբյեկտ անվանակոչել

Մտադիր է Լուսնի վրա իր անունով օբյեկտ անվանակոչել Sun, 30 Aug 2026 11:00:23 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Sun, 30 Aug 2026 10:45:29 +0400…

1 ժամ ago

Բակո Սահակյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ

Բակո Սահակյանն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ Sun, 30 Aug…

2 ժամ ago