Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան
Wed, 25 Nov 2026 14:41:19 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ուշադրություն է հրավիրել սահմանադրական նոր նախագծի շուրջ իշխանության և խորհրդարանական ընդդիմության միջև ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը նախագծի հրապարակումից հետո քաղաքական առաջարկ է ներկայացրել ընդդիմադիր երկու խմբակցություններին։
Նրա փոխանցմամբ՝ վարչապետի ակնկալիքն է եղել ստանալ վեց պատգամավորի աջակցությունը, ինչը հնարավորություն կտար սահմանադրական նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացը առաջ մղել։
Խամոյանը, սակայն, ընդգծել է, որ նման առաջարկը հնչել է մի իրավիճակում, երբ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի ղեկավարները, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդը, գտնվում են կալանքի տակ։
Պատգամավորի խոսքով՝ ստեղծված պայմաններում իշխանությունը քաղաքական համագործակցության առաջարկ է ներկայացնում ընդդիմության ներկայացուցիչներին, մինչդեռ այդ ուժերի առաջնորդները զրկված են լիարժեք քաղաքական մասնակցության հնարավորությունից։
Խամոյանը նաև նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու սահմանադրական նոր նախագծի բովանդակությանը։ Նրա գնահատմամբ՝ սա ևս ընդգծում է ստեղծված իրավիճակի խնդրահարույց կողմը. իշխանությունը փորձում է ընդդիմության ձայները ստանալ կարևոր քաղաքական գործընթացի համար, մինչդեռ ընդդիմադիր ուժերի ղեկավարները չեն կարողանում լիարժեք մասնակցել դրա քննարկմանը։