Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․
Wed, 25 Nov 2026 15:15:32 +0400
Փաշինյանը նշում է , որ եթե ընդդիմությունը դեմ գնա Նոր Սահմանադրությանը, նրանց նկատմամբ հանրային ճնշում կգեներացվի․
«Այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի»։
Անմիջապես մեր առաջ պատկերվում է Նիկոլ Փաշինյանը, որ նստում է Քուռկիկ Ջալալին ու Վահագն Ալեքսանյանին ասում՝ իմ հետևի՜ց, աթոռով բանով։ Եթե Փաշինյանը միջանկյալ մի նախադասություն ասած չլիներ՝ «կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը», կարող էր արդարանալ։
Կասեր՝ հանրային ճնշումը ժողովրդավարական դրսևորում է․ փաստարկներով կհակադարձեմ ընդդիմության դիրքորոշմանը, հանրահավաքներ կկազմակերպեմ, իրազեկման ակցիաներ կանցկացնեմ՝ նոր Սահմանադրությանն աջակցելու համար։ Բայց միջանկյալ այդ նախադասությունը «նրա տունը քանդում է»։ Խնդիրը «առաջնորդելու» բառն է։
Իշխանությունը և ընդդիմությունը հավասար հնարավորություններ չունեն։ Իշխանությունն ունի պետական ռեսուրսներ, վարչական լծակներ, պետական կառույցների հետ կապված ազդեցության հնարավորություններ։ Հետևաբար, երբ իշխանությունն է խոսում ընդդիմության նկատմամբ ճնշում առաջնորդելու մասին, հարցը շատ լուրջ է, Ժողովրդավարությունից դուրս։ Ընդդիմությունը պարտավոր չէ համաձայնվել իշխանության հետ։ Ընդդիմության գոյության իմաստն իշխանության բոլոր նախաձեռնություններին համաձայնելը չէ։ Ամենակարևորը՝ հանրության մեծամասնությունը Փաշինյանին մանդատ չի տվել՝ Սահմանադրություն փոխելու և իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։ Այդ դեպքում ո՞վ է նրան իրավունք տվել ճնշում գործադրել այդ որոշմանն ընդդիմացող քաղաքացիների ու քաղաքական ուժերի նկատմամբ։
Ժողովրդավարական երկրում վարչապետի գործը հանրությանը համոզելն է, ոչ թե իր քաղաքական կամքին չհամաձայնող հանրությանն ու ընդդիմությանը ճնշելը։ Եթե այդքան առաջնորդելու ցանկություն ունես, եթե քեզ վերապահում ես ընդդիմության նկատմամբ ճնշում կազմակերպելու և ուղղորդելու իրավունքը, ապա մի հարց՝ այդ առաջնորդելու կարողությունը ինչո՞ւ չդրսևորեցիր այն ժամանակ, երբ երկիրն իսկապես առաջնորդի կարիք ուներ։ Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․