Մակրոնը, հավանաբար, մտածում է, թե Հայաստանում ինտերնետ չկա, կամ էլ հայերը տառաճանաչ չեն
Wed, 06 May 2026 17:15:42 +0400
Երեւանում կայացած ԵՄ 8-րդ գագաթնաժողովի հիմնական արդյունքը Նիկոլ Փաշինյանի կողմից իբրեւ թե վարվող հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության ոչնչացումն էր, փաստացի զրոյացումը: Այդ քաղաքականությունը համարվում էր նաեւ ՔՊ-ի 2026 թ. նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության հիմնական դոկտրինը: Գրում ենք անցյալ ժամանակով, քանի որ ոչ թե ընտրություններից հետո, այլ արդեն նախընտրական շրջանում այդ կարգախոսը կորցրեց իր արդիականությունը, դարձավ առոչինչ, անիրականանալի: Այդ քաղաքականությունը փաստացի նախկին իշխանությունների վարած կոմպլեմենտարիզմի կամ «եւ-եւ»-ի նոր փաթեթավորումն էր, որի իմաստը բոլոր հարեւան եւ ոչ հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելն է, կարճ ասած՝ մենք ոչ մեկին թշնամի չենք համարում, ոչ մեկի հետ թշնամանալու ցանկություն չունենք, ուզում ենք ապրել խաղաղ եւ անվտանգ: Առաջին հայացքից հրաշալի է հնչում, բայց գործնականում հնարավոր չէ իրականացնել: Երբ երկրներն իրար հետ բացահայտ պատերազմում են, դու չես կարող դիտորդի դերում մնալ, չես կարող քեզ չեզոք հռչակել, կողմերից մեկն անպայման քեզ իր կողմը կքաշի, եթե նույնիսկ չես էլ ուզում: ԵՔՀ համաժողովի արդյունքում Հայաստանը փաստացի անցավ Ռուսաստանի հակառակորդների ճամբարը եւ պատերազմի մեջ մտավ Ռուսաստանի դեմ: Այս համաժողովը Հայաստանին թրաֆիքինգի ենթարկելու վերջին արարն էր:
Հայաստանի՝ Ռուսաստանի թշնամիների ճամբարն անցնելու մեկնարկը տրվեց ԵՔՀ համաժողովից 1 օր առաջ, երբ Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնում աշխատող Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնել, որի նպատակը Հայաստանը ռուսական գուբերնիա դարձնելն է, որ այն, ինչ Ռուսաստանն անում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության միջոցով, այստեղ ուզում է անել ընտրությունների անվան տակ՝ օգտվելով նրանից, որ Հայաստանում կան քաղաքացիական ազատություններ` ազատ մամուլ եւ սոցցանցեր: Սիմոնյանը խոստացավ՝ իրենք թույլ չեն տա, որ Ռուսաստանը հասնի իր նպատակին: Հայաստանում պետական հեղաշրջման փորձի մեղադրանքն առաջին անգամ ուղղված էր ոչ թե Ռուսաստանում գործող ինչ-որ անհասցե եւ անանուն մարդկանց կամ խմբերի, այլ հենց Ռուսաստան պետությանը եւ իշխանությանը: Սրանով Ալեն Սիմոնյանը պաշտոնապես` Հայաստանի անունից հայտարարեց, որ Հայաստանն իրեն համարում է պատերազմի մեջ Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանի նպատակը Հայաստանը զավթելն ու իրեն միացնելն է։ Չէ՞ որ գուբերնիա կամ նահանգ այլ կերպ հնարավոր չէ դարձնել, իսկ Հայաստանի իշխանությունն իբրեւ թե պայքարում է դրա դեմ:
Եվրոպացիներն էլ, գալով Հայաստան, խփեցին Ռուսաստանին հայտարարված պատերազմի կնիքը՝ Հայաստանի անունից հայտարարելով, որ ընտրությունը կատարված է, որ Արեւմուտքը գրավել է Հայաստանը Ռուսաստանից: Այդ իմաստով հատկանշական է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի համեմատությունը․ նա Հայաստանը համեմատեց Վենեսուելայի եւ Սիրիայի հետ, որոնք, լինելով Ռուսաստանին դաշնակից երկրներ, ՌԴ դաշնակից իշխանությունների հեռացման արդյունքում հայտնվեցին արեւմտյան ազդեցության գոտում: Մակրոնը ելույթ ունենալով Հայաստանում՝ Ռուսաստանին հռչակեց թույլ եւ անվստահելի դաշնակից, դրանով բացատրելով Հայաստանի ընտրությունը. «Հայաստանն իսկապես կատարել է իր աշխարհաքաղաքական մեծամասնության ընտրությունը՝ հաղթահարելու այդ սահմանափակումը եւ դեմքով շրջվելու դեպի Եվրոպա: Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ 2020 թ. պատերազմը սարսափելի էր շատ ընտանիքների համար, գուցե ձեզնից ոմանց համար… Բայց եկեք սթափ նայենք դրան։ Ո՞վ էր այնտեղ՝ Հայաստանի կողքին։ Ֆրանսիան՝ որքանով որ հնարավոր էր։ Բայց, վստահեցնում եմ ձեզ, Ռուսաստանն այնտեղ չէր։ Ավելին չէր, քան այն ժամանակ, երբ Վենեսուելան խնդիրներ ուներ կամ Սիրիայի՝ իր պատմական դաշնակիցների դեպքում։ Մենք դրանում նորից համոզվեցինք Իրանի օրինակով կամ Մալիի վարչակարգի օրինակով, երբ նրան դիմակայում են ահաբեկիչները։ Ինչպես տեսնում եք աշխարհաքաղաքական համատեքստից, ավելի լավ է Ռուսաստանի կարիքը շատ չունենալ»:
Սա ասում է մի երկրի ղեկավար, որը տասնամյակներ շարունակ «քցել» է իր հույսին մնացած երկրների իշխանություններին՝ Հարավ-արեւելյան Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում, որտեղ ֆրանսիացիներին վերաբերվում են որպես գաղութարարների, իսկ նրանցից ազատագրումը՝ համարում ազգային տոն: Սա ասում է մի երկրի ղեկավար, որին Լիբանանի ժողովուրդը մինչեւ վերջերս համարում էր բարեկամ եւ դաշնակից, բայց Ֆրանսիան մատը մատին չտվեց Լիբանանում արյունահեղությունը կանխելու, տնտեսական եւ սոցիալական քաոսից ազատելու ուղղությամբ, բավարարվեց ընդամենը ինչ-որ հայտարարություններով: Մակրոնը, հավանաբար, մտածում է, որ Հայաստանում ինտերնետ չկա, կամ էլ հայերը տառաճանաչ չեն, որ կարողանան կարդալ եւ տեղեկացված լինել:
Ինչպես ասում են, ամեն ծառայություն ունի իր գինը: Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ստիպված էր դիմել եվրոպական քաղաքական համայնքին, խնդրել, որ նրանք ընտրություններից մեկ ամիս առաջ գան Հայաստան եւ իրենց աջակցությունը հայտնեն իրեն, եվրոպացիները եկան եւ ասացին, որ աջակցում են, Ֆրանսիայի նախագահը մի քանի հոգու նույնիսկ Պատվո լեգեոնի շքանշան տվեց: Բայց այդ աջակցության եւ շքանշանների գինը Ռուսաստանին թշնամի հայտարարելն էր, Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ մղվող պատերազմին միանալը, ինչը եւ Փաշինյանն արեց: Արդյո՞ք սա Հայաստանի եւ հայ հասարակության ընտրությունն է` կերեւա խորհրդարանական ընտրությունների արդյունքում: