Ո՞վ էր հովանավորը
Fri, 08 May 2026 17:45:07 +0400
Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից անընդհատ շրջանառվում էր այն թեզը, թե լրագրողների տեղեկատվությունը գալիս է իրավապահների շրջանակից: Ու դա իրենց աշխատանքի շնորհիվ է, որ լրագրողներն արձանագրում են այս կամ այն իրողությունը: Ինքն, իհարկե, չէր խոստովանելու, որ Վեդիի մանկապղծության դեպքը տեղի է ունեցել փետրվարին, ու մինչև լրագրողի բացահայտումը ոչինչ չի արվել իրավապահների կողմից: Ու սա խոստովանելու փոխարեն կրկին պետք է դիմեր վերը նշված թեզին: Բայց դրա հետ միաժամանակ այդ կերպ ինֆորմացիա ստանալը համարեց անթույլատրելի ու նույնիսկ սպառնաց, որ կգտնեն արտահոսքերի աղբյուր հանդիսացողներին և կհեռացնեն համակարգից:
Նախկինում տարիներ շարունակ լրագրող և այնուհետև գլխավոր խմբագիր աշխատած Փաշինյանը երևի տեղյակ չէ «լրագրողական հետաքննություն» կոչված հասկացությունից: Այլապես կիմանար, որ լրագրողների համար տեղեկատվության աղբյուր կարող են լինել բազմաթիվ անձինք ու այդ թվում՝ նաև իրավապահներ: Եվ հարցերին ըստ էության պատասխանելու փոխարեն լոլոներ էր կարդում իշխանության կատարած գործերի և իր զբաղվածության մասին: Ասենք նաև այսպիսի՝ «Ես ժամանակ չունեմ այսինչի կամ այնինչի ասածներին հետևելու համար» կամ «Անձամբ չեմ լսել, որպեսզի մեկնաբանեմ, իսկ եթե անձամբ չեմ լսում՝ չեմ մեկնաբանում» և այլն, և այլն:
Նրա կողմից հարցերին ուղղակի չպատասխանելուն նպաստում են նաև ընդդիմադիր լրագրողները: Երբ մեկ կամ առավելագույնը երկու կոնկրետ հարց տալու փոխարեն սովորաբար առաջադրում են, երկար ելույթով համեմված հարցեր եւ երբ մեկից ավելի հարցեր են տալիս այդ ելույթով: Արդյունքում ստացվում է «ելույթ-հարց» կաշա, ինչից էլ օգտվելով՝ ինքը խոսում է ընդհանուր՝ առանց կոնկրետ պատասխաներ տալու: Ու նրան հարցախեղդ անելով խեղճացնելու փոխարեն լրագրողներն, անկախ իրենց կամքից, նպաստում են վերջինիս քարոզչական խաղերին: Ինչը հատկապես կարևոր հանգամանք է ԱԺ ընտրությունների շեմին:
Վերադառնանք լրագրող Սյուզի Բադոյանի կողմից վերջերս բացահայտված մանկապղծության դեպքին: Եթե դա չարվեր, ապա դեպքը ծածկադմփոց կարվեր և վերջ: Այնինչ, լրագրողի շնորհիվ այն ստացավ հանրային հնչեղություն: Քննչական կոմիտեն էլ ստիպված եղավ քրեական գործ հարուցել: Մանկապղծության գործով հակահերոսներ Դավիթ Այնազյանին և Արթուր Երեմյանին էլ տանել կալանավորման: Միաժամանակ, ստիպված եղան հրաժարական ներկայացնել Արարատի մարզի դատախազը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետը և Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետը: Պարզ է, որ այդ կալանավորումն ու հրաժարականները տեղի չէին ունենա, եթե լրագրող Սյուզի Բադոյանը չհրապարակայնացներ երկու տարիքով անձանց արգահատելի այդ արարքը:
Մնում է այդ իրադարձության գլխավոր հարցը: Ով էր հովանավորում այդ մանկապիղծներին: Որովհետև այդ անձն այնքան հզոր էր, որ Արարատի մարզի դատախազը ևս ոչինչ չի արել: Իհարկե, կարող էր տեղյակ չլինել, բայց Երևանից դուրս մարդիկ իրար ճանաչում են, ու այդ բնույթի դեպքը չէր կարող աչքաթող արվեր: Բայց եթե իսկապես տեղյակ չի եղել, ապա ինքն իր տեղում չի եղել: Ու եթե նույնիսկ դա ընդունենք, ապա վստահ եմ, որ ոստիկանության պաշտոնյաները չէին կարող տեղյակ չլինել: Ուրեմն կարող ենք ենթադրել, որ նրանք, կա՛մ, փորձել են գործը ծածկադմփոց անել, ռուսի ասած, «на свой страх и риск» և կա՛մ վերևներում ունեցել են մեկին, ով նման հանձնարարություն է իջեցրել իրենց:
Անկեղծ ասած, առաջին տարբերակի առումով հավատս չի գալիս: Ոստիկանության գնդապետը (կամ թեկուզ փոխգնդապետը) դժվար թե նման քայլի գնար՝ հարցականի տակ դնելով իր հետագա կարիերան: Էլ չասած թոշակի մասին, որ կարող էր կտրվել, ու իրենք ստանային այնքան, որքան հասարակ քաղաքացին: Ուրեմն մնում է երկրորդ տարբերակը: Իսկ դա, ենթադրաբար, կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո, քանի որ հայկական «ժողբաստիոնի» հիմնադրին բացարձակ պետք չեն նման բնույթի բացահայտումներ: Նույնիսկ եթե հունիսի 7-ին նրան հաջողվի պահպանել իշխանությունը, ինչին խիստ կասկածում եմ: Իսկ եթե չհաջողվի, ապա նոր իշխանության համար բարդ չի լինելու բացահայտել այն «հզոր» անձին, որ կարող էր նման գործի առումով ծածկադմփոց անելու հանձնարարական իջեցնել փոխգնդապետ-գնդապետ մարդկանց: