Խաղաղության էությունը․ Բագրատ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել

Խաղաղության էությունը․ Բագրատ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել

Fri, 08 May 2026 17:59:44 +0400


Բագրատ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել, որտեղ ասվում է․

Բ. ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`

Խաղաղության էությունը

Խաղաղության մասին քրիստոնեական ընկալման առանցքը, որը նոր տարածություններ է բացում մարդկության պատմության մեջ, Քրիստոսի Ծննդյան հայտարարությունն է. «Փառք Աստծուն բարձունքներում, երկրում խաղաղություն, մարդկանց մեջ հաշտություն» (Ղուկ. 2:14):
Սա համընդհանուր, տիեզերական մի կոչ է մարդկությանը` նոր սկզբնավորության ձգտումով` վերականգնել մարդուն, վերադարձնել իր նախակոչումին` լինելու արարչագործության տերը, տիրելու դրան և ապրելու Աստծու հովանու ներկայության մեջ (Ծննդ. 1:25):
Այն ձևավորում է նոր, անընդհատ վերափոխող և վերափոխվող համայնքի գոյությունը, որի հիմնական առաքելությունը Երկնքի Արքայությունը երկրում իրականություն դարձնելն է, որը ոչ թե կրավորական գոյավիճակ է կամ փախուստ աշխարհից, այլ աշխարհի վերափոխությունը, ոչ թե տեղի, այլ գոյություն ունեցող վարքագծի փոփոխությունը. «Եկեսցէ Արքայութիւն Քո» (Մատթ. 6:10), որտեղ արդարությունը, ճշմարտությունը, ազատությունը, զոհաբերությունը, հավատարմությունը, սերը, հույսը, հավատքը, հաշտությունը և հաղթանակը իրականություն են և այս նոր մարդկության և խաղաղության հիմքը:

Քրիստոս մարդուն ամենամեծ պարգևը և կոչումն է ընծայում խաղաղարար լինելու համար. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9): Սակայն ինչպիսի՞ խաղաղություն և խաղաղարար լինելու մասին է խոսքը:
Մի պահ անդրադառնանք ընդհանուր մարդկության կյանքին` հասկանալու, թե ի՞նչ է այդքան ցանկալի երևույթը, որին ձգտում է մարդկությունը: Արդյո՞ք դա սոսկ ժամանցային «կեր, արբ եւ ուրախ լեր» զվարճանքի, թվացյալ անհոգության կյանքն է, որի մասին դիպուկ անդրադարձ է կատարում սաղմոսերգուն. «Մարդու օրերը խոտի են նման: Ծաղկում է վայրի ծաղկի պես. երբ հողմը փչի նրա վրա, նա էլ չի լինի, և նրա տեղը նույնիսկ չի երևա» (Սաղմ. 102:15-16):

Ազգերն ու պետությունները պատերազմներ են մղում, արդարություն և ազատություն են պահանջում` խաղաղ գոյակցելու ձգտումով ու պահանջով, և այս ամբողջ խելակորույս պայքարում ավելի շատ խառնակություն է ստեղծվում, քան խաղաղություն և ներդաշնակություն. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը» (Երեմ. 6:14):
Ճիշտ այս պատճառով է Հիսուս աշխարհից հրաժեշտի վերջին ժամերին հրավիրում և հիշեցնում մարդկությանը` ընդունել այն իրականությունը, որը չի ենթարկվում որևէ փոփոխության. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս: Ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք… որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք: Այստեղ` աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 14:27, 16:33):

Հիսուս խոսում է ոչ թե պարզապես անորոշ և անհասկանալի, նույնիսկ վտանգավոր և վնասաբեր խաղաղության մասին, որը թունավոր (toxic) խաղաղություն է, այլ շատ հստակ ու որոշակի Հաղթանակած խաղաղության մասին: Անձի հոգևոր կյանքում խաղաղությունը նվաճվում է միայն մեղքի նկատմամբ տարած Հաղթանակի դեպքում: Սա ուղղակի նույնն է սոցիալական-հասարակական տիրույթում` ընտանեկան, տնտեսական, քաղաքական, անվտանգային, առողջապահական և այլ ոլորտներում, «նեղություն կկրեք» և սակայն խաղաղության կհասնեք միայն և միայն առկա խնդիրների հաղթահարման կամ նրանց նկատմամբ տարած հաղթանակի դեպքում:

Հիսուս խաչելությամբ նախանշեց խաղաղության և հաշտության ճանապարհի սկիզբը, սակայն այն վերջնականապես կնքվեց Հարության Հաղթանակով: Եթե չլիներ Հարության Հաղթանակը, Ծննդյան հայտարարությունը կդառնար անիմաստ, և ըստ այդմ, Խաղաղության Իշխանը կմնար խաչված և պարտված: Հետևաբար, ամբողջական և լիակատար խաղաղությունը Հաղթանակած խաղաղությունն է. «Տերը իր ժողովրդին զորություն պիտի տա և օրհնի իր ժողովրդին խաղաղությամբ… Թող խաղաղություն լինի քո զորության մեջ» (Սաղմ. 28:11, 121:7):

Այս խոսքով, այսօրվա աշխարհի մտածողության համապատասխան, քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել և հաստատել է մարդու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այդ չարությունից կպայթեն մի օր

Այդ չարությունից կպայթեն մի օր Fri, 31 Jul 2026 22:30:24 +0400 «Մարդ արարածը նույնիսկ նոր…

21 րոպե ago

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ Fri, 31 Jul 2026…

36 րոպե ago

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել Fri, 31 Jul 2026 22:00:40 +0400 Հուլիսի…

51 րոպե ago

Արտակարգ իրավիճակ․ Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել․ (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ․ Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել․ (տեսանյութ) Fri, 31 Jul 2026 21:33:08…

1 ժամ ago

2-րդ անգամ եմ նամակներ ուղարկել Սաբինա Ալիևային և Նիկոլ Փաշինյանին

2-րդ անգամ եմ նամակներ ուղարկել Սաբինա Ալիևային և Նիկոլ Փաշինյանին Fri, 31 Jul 2026 21:31:39…

1 ժամ ago

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Fri, 31 Jul 2026 21:18:16 +0400…

2 ժամ ago