«Հրապարակ». Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միասնական փողոցային հարթակ ստեղծեն
Tue, 12 May 2026 12:45:59 +0400
Զրուցակիցս ճարտարապետ, ՈՄԱ գումարտակի կազմում 44-օրյա պատերազմի մասնակից (Քարվաճառի, Կարմիր Շուկայի, Թաղավարդի առաջնագծերում), փաստավավերագրական երեք ֆիլմի հեղինակ Դավիթ Ստեփանյանն է: Ֆիլմերից երկուսը Զորավար Անդրանիկի մասին են։
– Մեր օրերում ֆիլմ՝ Զորավար Անդրանիկի մասի՞ն, ինչպե՞ս «համարձակվեցիք», իշխանությունները չխանգարեցի՞ն:
– Երբ նոյեմբերի 9-ից հետո ՈՄԱ-ականներս գլխահակ, անզոր ու ամոթահար հետ էինք դառնում Արցախից եւ Մոնթեի, Լեոնիդի ու մյուս հերոսների պաստառներին նայելով՝ Վարդենիսի զորանոցում զենքերն էինք հանձնում, մի պահ զգացի կամքի ու հզորության այն ահռելի անդունդը, որը բաժանում էր մեզ առաջին պատերազմի հերոսներից, առավել եւս՝ 100 տարի առաջվա այն հսկաներից, որոնք առանց պետական օժանդակության հանդգնել ու հաջողել են պահել հայրենի տարածքները։ Անդրանիկի ու Նժդեհի ժամանակները շատ ավելի ծանր էին, բայց խարսխված էին իրապես հզոր անհատականությունների ուսերին։ Եվ եթե Նժդեհի պատմությունը քիչ թե շատ հանրայնացվեց հանրապետականների օրոք, Անդրանիկի պատմությունը, որը շատ ավելի բեկումնային ու մասշտաբային էր, այդպես էլ մնաց միտումնավոր ստվերված: Քարոզչամեքենան աշխատում է նաեւ պետական կամ կուսակցական ալիքներով հանրայնացվող փաստագրական ֆիլմերում, որոնցում համատեքստից կտրած նյութերով ու կեղծ մեկնաբանություններով, միեւնույն ժամանակ արտաքուստ անկողմնակալ երեւալու արհեստավարժ բոլոր ջանքերը ներդնելով, մոլորեցնում են դիտողին՝ առիթը բաց չթողնելով հերթական անգամ «իջեցնելու» հերոսին: Շահան Նաթալին ասում էր․ «Անդրանիկ մը երբեք նուազ հերոս մը չէ, քան Քեմալ մը, բայց մեկը, երբ դարձավ ղազի, մյուսին մենք՝ հայերս, զարկինք քարէքար: Անդրանիկը չմեռավ, մենք սպանեցինք զայն»։ Ոչ վաղ անցյալից հիշենք, որ հանրապետականները տեղադրեցին Արամի արձանը՝ բացման արարողությունը փոխանցելով արդեն վարչապետ կարգված Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարեց, որ շարունակելու է Արամի գործը։ Հիշենք նաեւ, որ արձանի բացումից երկու տարի անց Փաշինյանը տեր կանգնեց հայոց զորքի դավադիր, թե իրական, բայց, ամեն դեպքում, պարտությունից հետո կնքած կապիտուլյացիային: Դրանից 102 տարի առաջ հենց Արամն էր, որ չնայած Սարդարապատում կռվող զորքի ըմբոստությանն ու Բաթումի պայմանագիրը մերժելու ժողովրդական բազմահազարանոց ցույցերին, տեր կանգնեց հաղթանակից հետո կնքված կապիտուլյացիային, ինչն այն տարիներից մինչ օրս կրկին հորջորջվում է իբրեւ ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերելու հաջողություն։
Եթե Անդրանիկը չստանձներ Բաթումի պայմանագրով թշնամուն հանձնված տարածքների ինքնապաշտպանությունը, իսկ Սյունիքի եւ Արցախի բնակչությունն անսար հանրապետության վարիչների հորդորներին՝ զինաթափ լինելով անցներ Ադրբեջանի կազմի մեջ, ապա Մուդրոսի զինադադարից հետո այդ տարածքները ետ վերադարձնելու համար Դրոն ու Նժդեհը տասնապատիկ անգամ ավելի միջոցների ու զինուժի կարիք կունենային, որի հնարավորությունն ուղղակի չկար։ Ավելին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ սովետականանալը Ադրբեջանը սկսեց վայելել նաեւ անգլիացիների հովանավորությունը, Հայաստանի Հանրապետության կողմից վերոհիշյալ գործիչներին Սյունիքն ու Արցախը գրավելու առաջադրանք տալու համար քաղաքական որոշում կայացնելու մասին միտքն անգամ ծիծաղելի է թվում։
Ռեժիմից ռեժիմ իրական պատմությունը կոծկելը, կեղծիքի շղթան անընդհատ իրար փոխանցելը հանգեցրին նրան, որ այսօրվա պարտվողական իշխանավորը վստահ է, որ եթե անգամ մի գյուղի սահմաններով ՀՀ նոր տարածքների անկախություն հռչակի, մի սերնդի հայհոյանք ուտելուց հետո կունենա բոլոր հնարավորությունները՝ հաջորդիվ սեփական արձանի «խոյացմանը» տվյալ գյուղի կենտրոնական հրապարակում՝ համարվելով գյուղի հիմնադիր։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանն այսօր հպարտանում է պարտությամբ։ Թեպետ կինոարտադրությանը չէի առնչվել, եւ մտքովս էլ չէր անցնում՝ երբեւէ անդրադառնալ, բայց հայոց պատմության այդ մեծագույն հերոսի՝ Անդրանիկի նկատմամբ հետեւողականորեն շարունակվող անարդար վերաբերմունքը, ինչը նաեւ մերօրյա բարոյական անկման եւ դրանից բխող ծանր, գոյաբանական վիճակի պատճառներից է, մղեց՝ բարձրաձայնելու ճշմարտության մասին։ Ամբողջ գործն արվել է առանց որեւէ դրամական աջակցության, բացառապես մեր (Դավիթ Ստեփանյան, Հարություն Աստվածատրյան, Կարեն Մանջիկյան, Սիրարփի Ենգիբարյան) չարչարանքի եւ ոգեշնչման հաշվին։ 5 տարի շարունակ Հայաստանի ազգային արխիվում մանրամասն անցել եմ պատմաբանների հղումներով, բաց թողնված համատեքստերն եմ գտել եւ կտրտված շղթաները միացրել եմ իրար։ «Անդրանիկը եւ Հայաստանի Հանրապետության ծնունդը» ֆիլմը 2022-2024թթ․ ցուցադրվեց 50-ից ավելի անգամ, տարբեր մարզերում, Երեւանի գլխավոր կինոթատրոններում, ԱՄՆ-ում։ 2025-ից արդեն շրջանառության մեջ է շարունակությունը՝ «Հրէ Օղակի Կենտրոնում» ֆիլմը։
– Առջեւում համապետական ընտրություններն են: Մեր ժողովուրդն ինչպե՞ս կողմնորոշվի հայտ ներկայացրած 19 միավորի միջեւ, ըստ Ձեզ:
– Օրվա իշխանություններին լուրջ մրցակից է Սամվել Կարապետյանի թիմը, որը, իբրեւ նոր ուժ, դեռ խմորումների մեջ է, բայց ունի լուրջ ռեսուրս եւ թեզերով բավականին մարտունակ է, հաշվի է առնում լայն զանգվածների սպառողական կարիքները՝ առաջ քաշելով նաեւ «հեշտ ու կուշտ» ապրելու գայթակղությունը։ Բայց նաեւ մի շատ կարեւոր շեշտադրում է անում` որ կանխելու է ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Պատերազմից հետո Ալիեւը ՄԱԿ-ին ուղղված իր պաշտոնական նամակում մանրամասն ներկայացրել է իր այդ ծրագիրը ու նաեւ վերջերս ասաց, որ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու, լցվելու Հայաստան։ Բոլոր այն ուժերը, որոնք խուսափում են տվյալ թեման շոշափելուց, վստահելի չեն, քանի որ հենց սրանով է պայմանավորված Հայաստանն ամբողջապես վերացնելու նիկոլաալիեւյան ծրագիրը։ Իբրեւ ուղերձ ու գնահատական 35 տարվա նեխած քաղաքական համակարգի՝ լավ կլինի նաեւ, որ մեր ընկերների ստեղծած «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվելիք կուսակցությունն անցողիկ շեմը հաղթահարի։ Առհասարակ, ընտրություններով փոփոխությունը լավ տարբերակ չեմ համարում։ Նիկոլի բերած աղետը չվավերացնելու եւ երկիրը ճգնաժամից հանելու միակ արժանապատիվ ձեւը համաժողովրդական համախմբումն ու հեղափոխությունն է։ Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միասնական փողոցային համատեղ հարթակ ստեղծեն՝ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական զարգացումներին պատրաստվելով։