Կապիտուլյանտի սպասարկուն` ռեւանշիստ. անհամատեղելին համատեղված է
Tue, 12 May 2026 18:15:10 +0400
Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի սպասարկու Արամ Սարգսյանը ռեւանշիստ է, նրա սիրտը եւ հոգին չեն համակերպվել պարտության հետ, եւ նա ուզում է, որ Հայաստանը նորից ուժերը չափի Ադրբեջանի հետ, միայն թե՝ ուժեղի դիրքերից, որ հետ բերի Արցախը, բայց՝ 10 տարի հետո: Իբրեւ թե 10 տարի հետո Հայաստանն այնքան ուժեղ կլինի, իսկ Ադրբեջանը՝ այնքան խեղճացած ու թուլացած, որ նույնիսկ խոսելու բան էլ չի լինի, Արամ Սարգսյանը կփչի, ու Ադրբեջանը փուլ կգա: Պատկերացնո՞ւմ եք, մարդ լինի կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի սպասարկու ու համատեղության կարգով՝ նաեւ ռեւանշիստ։ Սրանք անհամատեղելի են, բայց ինչ հրաշքներ ասես, որ չեն լինում բնության մեջ, եւ Արամ Սարգսյանն այդ հրաշքներից մեկն է:
Նա մի հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում նախ գովերգում է Փաշինյանի արտաքին քաղաքական հաջողությունները` Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, հիանում է Ֆրանսիայի եւ Բուլղարիայի հետ կնքված դատարկ եւ ոչինչ չասող փաստաթղթերով եւ դրանից հետո ասում է, որ պատերազմում պարտված Հայաստանի համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով ավելի բարձր է Ադրբեջանի ցուցանիշից: Իբրեւ թե դրա պատճառն էլ Հայաստանի ժողովրդավարական լինելն է, որ Հայաստանը խորացնում է իր ժողովրդավարությունը, իսկ Ադրբեջանը՝ ընդհակառակը՝ ավելի բռնապետական է դառնում: Հետո ներկայացնում է Ադրբեջանի տնտեսության ցուցանիշները, այդ թվում՝ արտահանման անկումը 21,7 տոկոսով, եւ այլ ցուցանիշներ ու եզրակացնում, որ այնպես, ինչպես Հայաստանի տնտեսությունը Ռոբերտ Քոչարյանի կառավարման պատճառով թուլացավ, եւ մենք կորցրինք Արցախը, «նույնը լինելու է նաեւ Ադրբեջանում, քանի որ այդ մոդելն այլ արդյունք ապահովել չի կարող»: Դրանից հետո էլ մի հեքիաթային կանխատեսում է անում. «10 տարի հետո ՀՀ-ն ունենալու է 80 մլրդ բյուջե, որը բացարձակ արժեքով մի քանի անգամ մեծ է լինելու Ադրբեջանի բյուջեից։ Այս նշաձողին հասնելուց հետո է, որ Ադրբեջանի հետ խոսելու ենք լրիվ այլ դիրքերից, եթե, իհարկե, այդ ժամանակ Ադրբեջան պետություն լինի ու մասերի բաժանված չլինի»: Փաստորեն, Արամ Սարգսյանը խոստանում է 10 տարի հետո ոչ միայն Արցախը վերամիավորել Հայաստանին, հնարավոր է՝ մասնատված Ադրբեջանից էլ ինչ-որ կտորներ եւս: Իրականում, նա հասարակությանը կերակրում է կեղծ հեքիաթներով, որ իրեն ձայն տան Փաշինյանի կապիտուլյանտական քաղաքականությունից հիասթափված եւ ռեւանշիստական հեքիաթներով սնվող ու կշտացող ընտրողները: Դատելով ստացած 2,6 հազար հավանումներից՝ այդպիսիք, այնուամենայնիվ, կան:
Ադրբեջանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն իսկապես փոքր է Հայաստանի նույն ցուցանիշից, բայց այդ տարբերությունը շատ չնչին է, Հայաստանում այն դոլարային արտահայտությամբ մոտ 9,474 է, իսկ Ադրբեջանում՝ 7,365։ Տարբերությունն ընդամենը 2 հազար 110 դոլար է: Պետք է նկատի ունենալ, որ սա անվանական ՀՆԱ-ն է, կա նաեւ իրական ՀՆԱ կամ գնողունակության համարժեքության ՀՆԱ, երբ ապրանքների եւ ծառայությունների գները հաշվարկվում են ոչ թե անվանական արժեքով, այլ՝ թե տվյալ երկրում նույն գումարով ինչքան ապրանք եւ ծառայություն կարելի է գնել: Պարզ ասած, հնարավոր է, որ Հայաստանում 100 դոլարով կարելի է գնել 10 միավոր ապրանք, իսկ Ադրբեջանում՝ 13 կամ 15, եւ քանի որ Ադրբեջանում շատ ապրանքներ, այդ թվում՝ էներգակիրները, անհամեմատ էժան են, քան Հայաստանում, հնարավոր է, որ Ադրբեջանի մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ն ավելի մեծ լինի, քան՝ Հայաստանինը: Բայց էականը սա էլ չէ:
Արամ Սարգսյանը, լինելով մեծ տնտեսագետ եւ խոշոր գեոպոլիտիկ, մտածում է, որ այդ 2 հազար 110 դոլարանոց տարբերության պատճառը Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարությունն է, Հայաստանի եւ ԵՄ-ի հետ ջերմ հարաբերությունները, դե՝ նաեւ ինքն այդ հաջողության մեջ փայ ունի, որովհետեւ սպասարկում է Փաշինյանի քաղաքականությունը: Ուզում ենք հիասթափեցնել Արամ Սարգսյանին․ այդ տարբերության միակ պատճառը եւ հեղինակը հայ մարդն է, այն էլ՝ դրսում աշխատող եւ Հայաստան փող ուղարկող հայ մարդը, հիմնականում՝ Ռուսաստանում աշխատող հայ մարդը: Համեմատեք, թե տարեկան որքան դրամական փոխանցում է եղել Հայաստան ու Ադրբեջան, եւ ամեն ինչ պարզ կլինի:
Այսպես. 2025 թվականին Ադրբեջան կատարված փոխանցումները կազմել են 1 միլիարդ 177 միլիոն դոլար, ինչը 8.7%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Տրանսֆերտների ամենամեծ ծավալը՝ 479.3 միլիոն դոլար, ստացվել է Ռուսաստանից։ 2025 թվականին Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը եւս աճել է եւ տարվա կտրվածքով կազմել է 5.98 միլիարդ դոլար, որի մոտ 65%-ը ստացվել է Ռուսաստանից, 2025 թվականին Հայաստանը Ռուսաստանից ստացել է 3.9 միլիարդ դոլար: Մի հետաքրքիր փաստ եւս․ դրամական միջոցների արտահոսքը կազմել է 4.3 միլիարդ դոլար, որից միայն 749.9 միլիոն դոլարը՝ Ռուսաստան: Ստացվում է, որ Ռուսաստանից ստացված դրամական միջոցների ահռելի մասը մեր երկրից տեղափոխվում է այլ երկրներ: Բայց սա այլ հարց է:
Եթե նկատի ունենանք, որ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է, ստացվում է, որ դրսից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները մեկ շնչի հաշվով կազմում են 2 հազար դոլար, իսկ Ադրբեջանի բնակչությունն անցել է 10 միլիոնը, եւ այդ ցուցանիշով Ադրբեջանում մեկ շնչին ընկնող դրամական փոխանցումը կազմում է 117 դոլար, տարբերությունը` գրեթե 20 անգամ: Հայաստան մեկ շնչի հաշվով 20 անգամ ավելի շատ փող է դրսից գալիս, քան՝ Ադրբեջան: Եվ այդ գումարի մոտ 70 տոկոսը գալիս է ոչ թե իբրեւ թե ժողովրդավարական, ազատական Եվրոպայից, այլ՝ Ռուսաստանից:
Կարող է Հայաստանը 10 տարի հետո ունենալ 80 միլիարդանոց բյուջե, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի բռնությամբ եւ կեղծիքով պահել իշխանություն, այլ տարբերակ ուղղակի հնարավոր չէ, իսկ Արամ Սարգսյանը շարունակի նրա մոտ սպասարկու աշխատել, իհարկե, ոչ: Ընդհակառակը՝ Հայաստանի բյուջեն կրկնակի, եթե ոչ ավելի, պակասելու է, որովհետեւ Ռուսաստանի իշխանություններն այլեւս մտադիր չեն հանդուրժել նման անարդարությունը, երբ Հայաստանը փող է աշխատում Ռուսաստանում եւ Ռուսաստանի հաշվին՝ այդ փողն ուղարկելով ԵՄ եւ այլ երկրներ, իսկ երկրի իշխանությունը Ռուսաստանը հռչակում է թշնամի եւ միանում Ռուսաստանի թշնամիների ճամբարին:
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ 10 տարի հետո, եթե, աստված չանի` Փաշինյանը մնա իշխանության ղեկին, իսկ Արամ Սարգսյանը նրա մոտ սպասարկու աշխատի, համեմատեք 8 տարվա եւ այսօրվա Հայաստանը, եւ ամեն ինչ պարզ կլինի, առանց թվերի ու տոկոսների: Ադրբեջանի բնակչությունը վերջին 25 տարում ավելացել է 2,5 միլիոնով, Հայաստանինը տարեցտարի նվազում է՝ ե՛ւ իրական աճը, ե՛ւ արդյունքը: