«Հրապարակ». Փաշինյանն իր կյանքը Նաիրի Հունանյանի կողքի կամերում է անցկացնելու

«Հրապարակ». Փաշինյանն իր կյանքը Նաիրի Հունանյանի կողքի կամերում է անցկացնելու

Thu, 14 May 2026 10:45:38 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրդատ Մադաթյանն է։

– Փաշինյանը նորից մտել է իր երբեմնի՝ «ժողովրդի» զավակի կերպարի մեջ, ելույթ ունենալուց ձայնն է խզվում, մարդկանց բուկլետներ ու իր Հայաստանի քարտեզի կրծքանշանն է բաժանում։ Ինքնավստահություն կա՞, թե…

– Տագնապի մեջ է Փաշինյանը, ինքնավստահության նշույլ անգամ չկա։ Եթե ուշադիր լինեք նրա ռեակցիաներին, իր այդ հիստերիկ պահվածքին, հատկապես տագնապի մեջ է ընկնում այն իրավիճակներում, երբ տեսնում է, որ փողոցում իրեն չեն ընդունում, բուկլետները չեն վերցնում, մոտիկ չեն գալիս: Որոշ մարդիկ վերցնում են, բայց հասկանում է, որ վերցնում են, որովհետեւ կա՛մ տարիքով փոքր են, կա՛մ կոնֆլիկտի չեն ուզում գնալ: Այս Փաշինյանը, որին մենք տեսնում ենք, վերջնական հիստերիայի մեջ գտնվող Փաշինյանն է, որ փորձում է իրացնել իր վերջին շանսը, ամեն գնով, գոնե ինչ-որ ձեւի ընտրություններում մաքսիմալ ինչ-որ բան ստանալու։ Ես կարծում եմ, որ ինքը նույնիսկ անգիտակցաբար համոզված է, որ իր ուզած քվեները չի ստանա։

– Իսկ թիմակիցների, ՔՊ-­ականների հայտարարություն­ները խոսո՞ւմ են այն մասին, որ Փաշինյանին հաջողվել է համոզել նրանց, որ անվերապահ դեպի հաղթանակ են գնում։

– Եկեք դասակարգենք այդ թիմակիցներին։ Եթե թիմակից ասելով նկատի ունենք ալենսիմոնյանական, արարատմիրզոյանական, արսենթորոսյանական մասսան, որոնք չունեն կարմիր գծեր, արժեքներ, բացառապես շարժվում են սեփական էգոիզմով, ապա ես կարծում եմ, որ նրանք շատ լավ հասկանում են, որ իրենք հոգեվարքի մեջ են։ Եթե խոսքը գնում է մյուս թիմակիցների մասին, որոնք կյանքում իրենցից ոչ մի բան չեն ներկայացրել, ոչ էլ ներկայացնելու են, իրենց համար Ղարաբաղ հանձնելը, Թուրքիայի հետ առեւտուր անելը խաղ է, լայվեր են մտնում ու այսպես անցնում են առաջ։ Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, որ եթե 51 տոկոս չի հավաքում, ապա ընդդիմադիր դաշտը, որը 51 տոկոս հավաքելու է, մի քանի օրվա մեջ սահմանադրական մեծամասնություն է ունենալու։

– Այսի՞նքն։

– Այսինքն, ինքը չունի այն թիմը, որը գաղափարական կլինի ու կմնա, թիմն առաջին պատեհ առիթի դեպքում թողնելու է` գնա ավելի հարմար պայմաններով ավելի լավ միջավայր։

– Վախի՞ց դրդված։

– Վախից, կոմֆորմիզմից, շահադիտական դիրքորոշումներից, որովհետեւ ամբողջ ՔՊ-ն հիմնված է վախի, կոմֆորմիզմի եւ շահադիտական դիրքորոշումների վրա։

– Տագնապի մեջ գտնվող մարդուն նույն վախը կարող է մղել անհավանական արարքների։ Հնարավո՞ր է ընտրություններից առաջ կամ հետո Փաշինյանը գնա այնպիսի քայլերի, որոնք շատ լուրջ հետեւանքներ թողնեն։

– Եթե մենք դիտարկում ենք Փաշինյանին` ոչ թե հնարավոր է, այլ հավանականությունը մեծ է, բայց պիտի հասկանանք, որ Փաշինյանն անձամբ ոչ մի բան անել չի կարող, ամենաշատը՝ կարող է հրահանգել, եւ այդ հրահանգը պիտի կատարվի։ Ես հույս ունեմ, որ այդ հրահանգ ստացողներն այնքան ադեկվատություն կունենան, այնքան մարդասիրություն կունենան, որ չեն գնա այդ քայլին։ Ես համոզված եմ, Փաշինյանը հրահանգելու է, չգիտեմ` բանակին, ոստիկանությանը, Պողոսին, Կիրակոսին, ընթացքը դա ցույց կտա, եւ շատ մոտ ապագայում։ Մինչեւ արյունահեղության Փաշինյանը գնալու է՝ իր աթոռը պահելու համար։

– Հասարակ քաղաքացիները չեն վախենում իրենց անհամաձայնությունը հայտնել Փաշինյանին, ոմանք՝ վիճել նրա հետ։ Նույնիսկ իր կողմնակիցներից են ասում` մենք Ձեզ շատ ենք սիրում, բայց խնդրում ենք, մի փոքրացրեք Հայաստանը։ Մատրիցա՞ն է կոտրվել, ինչի՞ մասին է սա խոսում։

– Դուք նայում եք այն օբյեկտիվին, որը տալիս է այդ քաղաքացու եւ Փաշինյանի զրույցը, եթե մի 15 մետր էլ լայնացնեք, կտեսնեք հարյուրավոր ոստիկանների, որոնք շրջափակում են Փաշինյանին այդ տարածքում եւ մոտ չեն թողնում կամայական մարդու։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ այդ բողոքող մարդը տարբեր ֆիլտրերի միջով անցած մարդ է։ Եթե չլինեին այդ ֆիլտրերը, բողոքողները հազարավորներ ու հարյուրավորներ կլինեին: Չկա այդպիսի մարդ, որ չտեսնի, թե Փաշինյանին ինչ քանակի մարդ է շրջապատում թե՛ ոստիկանությունից, թե՛ գվարդիայից, թե՛ ՊՊԾ-ից, թե՛ սնայպերներ։

– Այսինքն՝ վախերի իրական պատճա՞ռ ունի, թե՞ դրանք իր մեջ ձեւավորված անհիմն վախեր են։

– Տեսեք, ինքը վախեր ունեցել է, ինքը ծնվել է վախերով, ինքը վախեր ունենալու է, ամբողջ կյանքը ապրելու է վախերով, իսկ ես, անկեղծ ասեմ, չէի ուզի 5 օր ապրել Փաշինյանի կյանքով, չէի ուզի։ Ինքը գերադասում է այդ վախերով, այդ ախրանայով, պաշտպանված տարածքից լայվ մտնի ու ասի՝ ուժեղ տղերք, ու ասի մի տեղից, որտեղ օձն իր պորտով չի կարող մտնել ու այդտեղից հաթաթա տալ։ Սա Փաշինյանի էությունն է։ Ուժեղ տղերք ասողը պիտի սպորտային շորերը հագած՝ հրապարակ գար կամ սպորտդահլիճ գնար՝ առանց ախրանայի, մարդիկ կգնային ու ցույց կտային, թե ուժեղ տղան ով է։ Կամ էլ ինքը չպիտի մտներ այդ դաշտ, սա նման է գողական ոստիկանի։ Սա նույնիսկ աբսուրդ է, չէ՞։ Եթե դու ոստիկան ես, պիտի պայքարես գողականի դեմ։ Փաշինյանի մասին խոսելիս մենք պետք է բացառապես վախերի մասին խոսենք։ 90-ականներից Փաշինյանը եղել է իմ ճանաչած ամենավախկոտ մարդկանցից մեկը, ես իրենից վախկոտ մարդ չեմ հանդիպել իմ կյանքում, իր վախերից շատ վախեր ունեցող մարդ չեմ հանդիպել իմ կյանքում, հասկանո՞ւմ եք։ Մի րոպե պատկերացրեք հունիսի 8-ը, երբ ինքը պարտվել է, երբ ընդդիմությունը եկել է իշխանության, ի՞նչ է անելու Փաշինյանը։ Ինքը վախեր ունի, որովհետեւ իր մնացյալ կյանքն անցկացնելու է Նաիրի Հունանյանի կողքի կամերում։ Իրավաբանները երբ սկսեն զբաղվել այս հարցերով, պատկերացնո՞ւմ եք, թե վաղը ինչեր են պարզվելու։ Առայսօր որեւէ մեկը գիտի՞, թե ինչ գործ ուներ Աննա Հակոբյանը Ստեփանակերտի բունկերում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ու, ընդհանրապես, ինչի համար էր ինքն այնտեղ պետք։ Իսկ հետաքրքիր չէ՞ իմանալ` ինչ էր անում ինքը, օրինակ, վերջը՝ պե՞տք է այս ժողովուրդն իմանա, թե ինչու էր Աննա Հակոբյանը 24-ժամյա ռեժիմով գտնվում Ստեփանակերտի բունկերում։ Ինչի՞ թույլ չի տրվել, որ մասնակից լինեն ժամանակին ռազմական հաջողություններ գրանցած գեներալներն ու հրամանատարները, ինչո՞ւ կանոնավոր բանակը Նիկոլ Փաշինյանը վերածեց կամավորական շարժման, ո՞վ էր իրեն թույլ տվել պատերազմի առաջին օրերին ԱԺ ամբիոնից ասել՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Բնական է, որ Փաշինյանը վախեր կունենա։ Տեղից էլ վախկոտ մարդ է, այսքան վախեր էլ գումարվել են, այո, սարսափած է Փաշինյանը ու սխալը սխալի հետեւից է անում։

– Որոշ քաղտեխնոլոգներ, այնուամենայնիվ, կարծում են, որ Փաշինյանի պահվածքը որոշակի արդյունավետություն ունի։

– Այլեւս ազդեցություն չի թողնում նրա ուտելու պրոցեսը, այն, որ ինքն աղում է տարբեր ուտելիքներ։ Այն օրը մեկն ասաց՝ լավ եք անում, որ պեռաշկի եք ուտում, բայց հայրենիքը մի հանձնեք։ Այլեւս չեն աշխատում իր այդ քայլերը։ Կամ՝ 41 անգամ կրկնել՝ դու ես այդ մարդը, չի նշանակում, թե 41 ձայն ավելացավ։ Դա դարձավ մեմ, ծիծաղի առարկա, բայց չաշխատեց, առաջին անգամն աշխատեց` հիմա չի աշխատում։ Մեր ժողովուրդը հիմար չէ, ապուշ չէ։ Տպավորություն է, որ այս իշխանությունը ժողովրդին դրել է խոր մտավոր հետամնացի տեղ, որ կարելի է էլի խաբել, հետո՝ էլի, էլի, որը երբեք չի հասկանալու, որ իրեն խաբում են։ Ես համոզված եմ, որ ժողովուրդն այդպիսին չէ, վախի մթնոլորտ, այո, սերմանել է, համոզվածություն ընտրություններում՝ զրոյական։ Դրա վկայությունն այն է, որ փոխանակ ինքն իրեն գովազդի, փորձում է ընդդիմադիր հակառակորդներին պախարակել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վաղուց պիտի հեռանայիք». քաղաքացին՝ Փաշինյանին

«Վաղուց պիտի հեռանայիք». քաղաքացին՝ Փաշինյանին Thu, 14 May 2026 16:28:12 +0400 Աջափնյակում անցկացվող նախընտրական քարոզարշավի…

4 րոպե ago

Դերասան Անդոն` ՔՊ-ի քարոզարշավին

Դերասան Անդոն` ՔՊ-ի քարոզարշավին Thu, 14 May 2026 16:14:31 +0400 Latest news from Secure News…

18 րոպե ago

Ի՞նչ արեցին ծեծված ջուրը «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները

Ի՞նչ արեցին ծեծված ջուրը «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները Thu, 14 May 2026 15:55:42 +0400…

37 րոպե ago

Եթե ունես վարչական ռեսուրս ու լիքը փող, հեշտ է համերգներով ու տաշտմբլներով քարոզարշավ կազմակերպել

Եթե ունես վարչական ռեսուրս ու լիքը փող, հեշտ է համերգներով ու տաշտմբլներով քարոզարշավ կազմակերպել Thu,…

46 րոպե ago

Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում»

Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Thu, 14…

47 րոպե ago

Թող մեզ էշի տեղ չդնեն ու 19 հատ թերթիկ տան

Թող մեզ էշի տեղ չդնեն ու 19 հատ թերթիկ տան Thu, 14 May 2026 15:44:55…

48 րոպե ago