«Հրապարակ». Նույն խոսույթն է, նույն պահվածքը, ինչ Արցախի դեպքում էր, հիմա՝ արդեն Սյունիքի շուրջ
Thu, 14 May 2026 11:45:54 +0400
«Հրապարակի» զրուցակիցն Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։
– ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին Փաշինյանը կրկին հակաարցախյան պոռթկումներ ունեցավ։ Նախ, մետրոյում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ասաց, թե «արցախցիները փախել են Արցախից»։ Օրերս էլ հայտարարեց՝ «Արցախը երբեք մերը չի եղել, անգամ Հայաստանը մերը չի եղել»։ Չմտածված հայտարարություննե՞ր են՝ չի՞ վախենում իր թշնամական արտահայտություններով կորցնել առնվազն արցախահայ ընտրազանգվածին։
– Օրվա իշխանության ղեկավարը երբեք պատահական ոչինչ չի անում, եւ ժամանակի ընթացքում բոլոր այն տեխնոլոգիաները, որն օգտագործել է՝ շոշափելով, հասկանալով արցախահայության տրամադրվածությունը, արդյունքում շատ լավ հասկացել է, որ արցախահայության շրջանում ինքը չի կարող ունենալ ընտրազանգված՝ բացառությամբ 1-2 կամ մեկ տասնյակ արցախցիների, որոնց այս ամբողջ 2,5 տարիների ընթացքում ինքը լավագույնս օգտագործեց։ Համենայնդեպս, Հայաստանի մեր հայրենակիցներին ցույց տալու համար, որ արցախցիներն իբր հաշտ են ստեղծված իրավիճակի հետ եւ կիսում են իր բոլոր քաղաքական գործընթացները։ Իրականում, ինքն էլ լավ գիտի, որ այդպես չէ, եւ որ արցախցիները որեւէ կերպ չեն հրաժարվում իրենց նպատակներից, ու նրանք հաշտ չեն այս իրականության հետ։ Հակառակը՝ արցախցիներն ընկալում են, որ հայրենիքի այս հատվածում՝ մայր Հայաստանում ապրելը ժամանակավոր է, մինչ իրենց բնօրրանը վերադառնալը։ Քարոզարշավի ժամանակ այս պահվածքով, անընդհատ շոշափելով Արցախի ու արցախցիների հարցը՝ Փաշինյանը 2 խնդիր է լուծում։ Նախ, ցույց է տալիս Ադրբեջանին, որ, իբրեւ թե, Հայաստանում այլեւս չկա նման խնդիր, իսկ ներքին լսարանի համար փորձում է ցույց տալ, որ արցախցիները եւս հաշտ են այս իրողության հետ, Արցախի հարցն էլ փակ է։ Իսկ Արցախի հարցն իրականում փակ չէ՝ ո՛չ Հայաստանի մեր հայրենակիցների, արցախցիների եւ, ընդհանուր առմամբ, հայի համար, այդ թվում՝ սփյուռքում, եւ Նիկոլը, շատ լավ գիտակցելով դա, փորձում է այս փուլում այդ ցուցադրությունն անել, որովհետեւ իր համար կենաց-մահու հարց է առաջիկա ընտրություններում վերարտադրվելը։ Այն պահանջները, որոնք ամիսներ շարունակ հնչում են Բաքվից, զուտ դրա մասին են։ Նաեւ Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից այս ամիսների ընթացքում հնչող արտահայտությունները եւս դրա մասին են։ Ընդհանուր առմամբ, թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց նպատակների համար պետք է այս իշխանությունների վերարտադրումը՝ գոնե մեկ տարի ժամանակահատվածով։
– Եվ դա ասում է մեկը, որը ժամանակին Ստեփանակերտի հրապարակում հանրահավաքի ժամանակ խրոխտ հայտարարում էր՝ Արցախը Հայաստանն է, եւ վերջ։ Մարդ, որն այցելում էր Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց, Արցախի նախկին երեք նախագահների ուղեկցությամբ, նրանց, որոնք այժմ պատանդառված են Բաքվի բանտերում։
– Մեր հասարակությունը շատ լավ պատկերացնում է, որ մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ 2021 թվականին, այս անձը՝ ՀՀ ղեկավարն ու նրա շրջապատն անդադար խոսում էին Արցախի մասին, լուսանկարվում էին Արցախում, Ակնան կոչում էին իրենց հայրենիք, 2021 թ․ քարոզարշավի նախընտրական ծրագրում ունեին նաեւ դրույթներ, թե ինչպես պիտի հանձնված տարածքների դեօկուպացիա ապահովեն եւ այլն, հիմա գոնե հասկանալի է, որ այդ ամենն արվում էր, որպեսզի ժողովրդի ինքնապաշտպանական զգացմունքները թուլացնեին եւ կարողանային անել այն ամենը, ինչն արեցին, այն ամբողջ ծրագիրը, որն ունեին Ադրբեջանն ու Թուրքիան այն ժամանակ, մասնավորապես՝ Արցախի, մասամբ՝ Հայաստանի մասով։ Հիմա նույն խոսույթն է, նույն պահվածքն արդեն Սյունիքի շուրջ, քարոզարշավի ժամանակ անդադար հայտարարություններ են անում Սյունիքի մասին՝ ասելով, որ ինքնիշխան Հայաստանի անբաժանելի տարածքն է։ Զուգահեռաբար լսում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները, մասնավորապես՝ Սյունիքի մասով, իսկ ավելի հստակ՝ իրենց հռչակած «Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարը հայտարարում է, որ այդ ամենը տեղի է ունենալու իրենց հայտարարած խաղաղության օրակարգի շրջանակներում, երբ իրենք խաղաղության հաստատման ժամանակ, ինչպես ասել է Ալիեւը, «գալու են իրենց բնօրրան»։ Մենք լավ գիտենք, որ «Արեւմտյան Ադրբեջան» ասելիս, նկատի ունեն Սյունիքն ու հարակից տարածքները եւ պատրաստվում են 300 հազար ադրբեջանցիներով, ավտոերթով գալ եւ բնակվել։ Այս խոսույթը պետք է այնքանով անհանգստացնի, որ խոսքը ՀՀ սուվերեն տարածքներին է վերաբերում։
– 44-օրյայի օրերին էլ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում պնդում էր՝ Արցախը, այո, Հայաստան է, հայերի երկիրն է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր։ Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայերը։ Հիմա արցախցիների վերադարձը վտանգավոր համարելով՝ փաստորեն, ինքը եւս չի ուզում, որ այնտեղ հայեր ապրեն։
– Հիմա ավելի ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում Արցախի մասին խոսելիս՝ որպես հայերի երկրի, ինչու չէ՝ նաեւ Հայաստանի հատվածի, Փաշինյանը կատարել է իր եւ Ադրբեջանի անձնական պայմանավորվածությունները, որի արդյունքում կկարողանար շարունակել իշխանավարել, որպեսզի կարողանար կատարել այն բոլոր պահանջները, որոնք իր առջեւ դրել էին Ադրբեջանն ու Թուրքիան։ Բնականաբար, 2023 թ․ Ալիեւի եւ Փաշինյանի համատեղ կազմակերպած Արցախի հայաթափումից հետո իրենք ջանք ու եռանդ չխնայեցին (այդ առումով ավելի շատ աշխատանք տարավ Նիկոլ Փաշինյանը), որպեսզի Արցախի հարցը փակեն։ Փաշինյանը վերջին շրջանում, առանց թաքցնելու իր հեռահար նպատակները, խեղաթյուրում է այնպես, ինչպես երբեւէ խեղաթյուրել է պատմությունն Ադրբեջանը, կամ ներկայացնում է, թե Արցախն իբր հայկական չի եղել, երբեւէ մերը չի եղել: Սրանից ավելի ապացույցի կարիք չկա մեզ՝ հասկանալու, որ Փաշինյանն ուղիղ կատարում է Ադրբեջանի ծրագիրը, հրահանգները, որոնք այս փուլում ուղիղ վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։
– Արցախը հանձնած, Արցախի հարցը փակված համարող, մայր բնօրրան արցախցիների վերադարձը վտանգավոր համարող այս մարդու համար ի՞նչ քաղաքական «դատավճիռ» չեն նախատեսել մեր արցախցի եղբայրներն ու քույրերը․ հունիսի 7-ին միասնական դիրքորոշում ու գնահատական ունե՞ք՝ Փաշինյանի ռեժիմը հեռացնելու առումով։
– Արցախցիների միասնական որոշումն աներկբա է՝ կապված գալիք ընտրությունների հետ․ արցախցիները միաբերան խոսում են, չեն թաքցնում, որ մեջքով շրջված են այս իշխանություններին եւ միանշանակ սատարելու են ազգային ուժերին։ Այս փուլում շատ կարեւոր է արցախցիների չպառակտվելը նաեւ ընդդիմադիր դաշտում, եւ այդ առումով մենք փորձում ենք որեւէ աշխատանք այդ ուղղությամբ չանել՝ շատ լավ իմանալով արցախցիների դիրքորոշումը։ Մենք խնդրում ենք նաեւ մեր ընդդիմադիր ազգային ուժերի ներկայացուցիչներին, մեր գործընկերներին՝ զգույշ վերաբերվել արցախցիների հետ այս փուլում, չփորձել պառակտել, որովհետեւ բոլորը պետք է միանշանակ համոզված լինեն, որ արցախցին իր ձայնը տալու է միմիայն ազգային ուժերին։ Եվ ես խնդրում եմ 1, 2, 3 տասնյակ արցախցիներին, որոնք, ցավոք սրտի, նյութականը վեր են դասել հայրենիքից եւ այն պատգամից, որ մեզ թողել են նահատակված քաջորդիները, այդ գործոնը հիմք չընդունեն, չմտածեն, որ արցախցիները կարող են երբեւէ սատարել այս իշխանություններին։