Ընդդիմության ծանր հրետանին` Գյումրիում
Thu, 14 May 2026 14:15:01 +0400
Մի քանի օր է՝ քաղաքական դաշտում նկատվում է լարված մթնոլորտ։ Ընթանում են ակտիվ քարոզարշավներ` տարբեր քաղաքական ուժերի կողմից, իսկ առաջիկա մեկ ամիսը, դատելով ընթացիկ զարգացումներից, խոստանում է լինել բավականին թեժ ու հագեցած քաղաքական առումով։
Քարոզարշավի մեկնարկից ի վեր արդեն նկատելի են նաև իշխանական թիմի վարքագծի փոփոխությունները։ Իշխող ուժի առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում կրկին սկսել են գերակշռել կոշտ շեշտադրումները։ Եթե քարոզարշավի առաջին օրերին փորձ էր արվում պահպանել ավելի զուսպ և խաղաղ տոն, ապա այժմ, կարծես, այդ կերպարը կրկին տեղի է տալիս ավելի հարձակողական հռետորաբանությանը։
Փաշինյանի վերջին ելույթներում արդեն նկատվում են ընդդիմախոսների հասցեին կոշտ արտահայտություններ, ուժի ցուցադրման և սպառնալիքների տարրեր պարունակող հայտարարություններ։
Հատկապես նկատելի է Նիկոլ Փաշինյանի անհանգստությունն ու կոշտ արձագանքը քաղաքական այն ուժերի նկատմամբ, որոնք այսօր փորձում են ձևավորել լուրջ ընդդիմադիր բևեռ։ Խոսքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին է։
Պատահական չէ, որ նա իր ելույթներում հենց այս քաղաքական դերակատարներին է առանձնացնում՝ նրանց անվանելով «եռագլուխ»։
Այս ֆոնին ուշագրավ է հանրապետության երկրորդ քաղաքը` Գյումրին, որ մշտապես համարվել է առավելապես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող կենտրոն։ Այս օրերին այստեղ ևս ակտիվ քարոզարշավ է ընթանում․ քաղաքական ուժերի տեղական ներկայացուցիչները հանդիպումներ ու քարոզչական ակցիաներ են կազմակերպում, բայց ակնհայտ է մի կարևոր հանգամանք․ այսօր Գյումրին ընդդիմադիր ուժերի համար դարձել է առանցքային հենակետերից մեկը։ Պետք է արձանագրել, որ հատկապես այն երեք քաղաքական ուժերը, որոնց մասին արդեն խոսվեց, քաղաքում ձևավորել են բավականին կազմակերպված և ազդեցիկ թիմեր։
Եթե անդրադառնանք «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, ապա այստեղ առանձնանում է Ռուբեն Մխիթարյանի գործոնը։ Նա հայտնի մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է, որի ընտանիքը Գյումրիում հեղինակություն և հարգանք է վայելում։ Ռուբեն Մխիթարյանի մուտքը քաղաքականություն շատերի համար անսպասելի էր, սակայն վերջինս մեզ հետ ունեցած զրույցում նշել է, որ երկրի ներկայիս իրավիճակն է իրեն մղել քաղաքականություն մտնելու որոշմանը։ Ընդգծել է, որ ընտրել է այնպիսի քաղաքական թիմ, որը նախկինում քաղաքականությամբ չի զբաղվել և չի ասոցացվում ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների հետ։
Գյումրիում Ռուբեն Մխիթարյանը բավականին ընդունված և դրական ընկալվող կերպար է, ինչը կարող է կարևոր դեր խաղալ ընտրական գործընթացներում։
Ուշագրավ է նաև կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքական թիմի դիրքորոշումը։ Ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանի փեսան` փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված է ութերորդ համարով և համարվում է թիմի առաջատար դեմքերից մեկը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին քաղաքապետը վերջին ընտրություններում կարողացավ մեծ աջակցություն ստանալ Գյումրիում, չի բացառվում, որ նրա ընտրազանգվածի զգալի մասը աջակցի նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Այս ամենը վկայում է, որ «Ուժեղ Հայաստանը» Գյումրիում կարողացել է ձևավորել բավականին ամուր և կազմակերպված քաղաքական թիմ, որը առաջիկա զարգացումներում կարող է ունենալ զգալի ազդեցություն։
Ովքեր են այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի հիմնական աջակիցները Գյումրիում։ «Մայր Հայաստան» խմբակցության Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ «Հայաստան» դաշինքին և Ռոբերտ Քոչարյանին աջակցել է դեռևս 2021 թվականի ընտրություններից սկսած։
Իսկ ո՞վ է Կարեն Սիմոնյանը։ Գյումրիում նա համարվում է առավել ճանաչված և ընդունված երիտասարդ քաղաքական դեմքերից մեկը։ Նրա մուտքը քաղաքականություն բավականին շռնդալից էր՝ պայմանավորված ՏԻՄ ընտրություններով։ Սակայն կարճ ժամանակում Սիմոնյանը կարողացավ ձևավորել իր քաղաքական թիմը և հաղթահարել անցողիկ շեմը՝ դառնալով ավագանու անդամ։Սիմոնյանի թիմի առանձնահատկությունն այն է, որ այն հիմնականում բաղկացած է երիտասարդներից։ Թիմում ընդգրկված են տեխնոլոգիական, գործարար և հասարակական ոլորտներում գործունեություն ծավալող մարդիկ։ Ինքը՝ Կարեն Սիմոնյանը, հայտնի գործարար է Գյումրիում և կայացած ու ապահովված ընտանիքից է։ Այս հանգամանքները նրան հնարավորություն են տվել ձևավորել ակտիվ և կազմակերպված թիմ, որն այսօր արդեն որոշակի ազդեցություն ունի քաղաքի քաղաքական կյանքում։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքում կարևոր դեր ունեն նաև դաշնակցականները։ Հատկապես Շիրակի մարզում նախկին դաշնակցական համայնքապետերը շարունակում են վայելել հեղինակություն և աջակցություն իրենց համայնքներում։ Շատերը մինչ օրս պահպանել են իրենց ազդեցությունն ու վստահությունը ժողովրդի շրջանում, ինչը ևս կարող է նշանակալի գործոն դառնալ առաջիկա քաղաքական գործընթացներում։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հանրապետության երկրորդ քաղաքում Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքը կարող են ունենալ բավականին ազդեցիկ ընտրազանգված և լուրջ քաղաքական ներկայություն։
Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, կարծես, կրկին վերադառնում է իր երբեմնի ուժեղ դիրքերին։ Կարելի է ասել՝ կուսակցությունը փորձում է վերակենդանացնել այն քաղաքական թիմը, որի հետ ժամանակին ունեցել էր ամենամեծ հաջողությունները։
Պատահական չէ, որ այսօր Գագիկ Ծառուկյանը կրկին իր շուրջն է համախմբել Գյումրիի ազդեցիկ քաղաքական դեմքերից Մարտուն Գրիգորյանին և Վարդևան Գրիգորյանին։ Հենց այս քաղաքական շրջանակների հետ համագործակցության տարիներին «Բարգավաճ Հայաստանը» ունեցել է իր ամենաակտիվ ներկայությունը խորհրդարանում։ Մարտուն Գրիգորյանը ժամանակին եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նույն քաղաքական ուժից պատգամավոր է եղել նաև Վարդևան Գրիգորյանը։
Հատկապես ուշագրավ է Մարտուն Գրիգորյանի գործոնը։ Վերջին ՏԻՄ ընտրություններում նա կարողացավ լուրջ քաղաքական մրցակցություն ձևավորել և փաստացի դարձավ քաղաքի քաղաքական առանցքային դերակատարներից մեկը և հենց Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումն ու ընտրազանգվածը որոշիչ դեր ունեցան Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու հարցում։ Տարիների ընթացքում նա կարողացել է պահպանել իր կայուն էլեկտորատը, և անկախ քաղաքական զարգացումներից՝ շարունակում է մնալ ազդեցիկ գործիչ Գյումրիում։
Ուշադրության է արժանի նաև Վարդևան Գրիգորյանի գործոնը։ Նա Գյումրիում ճանաչված և հարգված մտավորական է՝ երկար տարիներ դասավանդել է, եղել է բուհի ղեկավար և կրթական համակարգում ունեցել նշանակալի դեր։ Չնայած պատկառելի տարիքին՝ նա մինչ օրս շարունակում է հեղինակություն վայելել հատկապես ավագ սերնդի շրջանում։
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ այս փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է Գյումրիում ձևավորել բավականին ազդեցիկ և փորձառու թիմ։ Տևական դադարից հետո կուսակցությունը, կարծես, փորձում է վերադառնալ իր նախկին քաղաքական ակունքներին և կրկին ամրապնդել դիրքերը հանրապետության երկրորդ քաղաքում։