«Հրապարակ». Դիվանագիտությունը վերածել են մանր շուստրիության

«Հրապարակ». Դիվանագիտությունը վերածել են մանր շուստրիության

Fri, 15 May 2026 12:15:46 +0400


ՌԴ նախագահ Պուտինը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, լրագրողների հարցին պատասխանելով ասաց, որ ժամանակ է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ վերջնական որոշում կայացնելու՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Անգամ առաջարկեց հանրաքվեի դնել այդ հարցը, որ հայ ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնի եւ եթե համաձայն է, գնանք «փափուկ ապահարզանի»: Դրան հաջորդեցին ՌԴ-ի կողմից բազմաթիվ հայտարարություններ: ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններ արեց, Կոմկուսի առաջնորդ Զյուգանովը հայտարարեց, որ վերընտրվելու դեպքում պետք է Փաշինյանի մուտքը Ռուսաստան փակել եւ այլն: «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:

– Կհաջողվի՞ «փափուկ ապահարզան» իրականացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, եթե զարգացումները գնան այնպես, ինչպես նախատեսել են այս իշխանությունները:

– Պիտի լինի ապահարզանը, որպեսզի հասկանալի լինի՝ փափուկ է, կոշտ է: Միայն ձեւակերպումներով դատելը դժվար է, եւ այստեղ անկասկած է, որ այդ գործընթացը լինելու է շատ բարդ ու բազմաշերտ, եթե այդպիսի իրավիճակ ձեւավորվի, եւ եթե իրադարձությունների ընթացքը հասնի այդ կետին: Ես, այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ հայտարարություններն ավելի շատ իրավիճակային տրամադրությամբ արվող հայտարարություններ են, որոնց ընդհանուր համատեքստն այն է, որ Ռուսաստանը պարզապես Երեւանի համար բարձրացնում է իր շահերի գինը նախընտրական այս պրոցեսում՝ տեսնելով, որ մյուս աշխարհաքաղաքական խաղացողները եւս իրենց գինն են թելադրում եւ բարձրացնում են խաղադրույքները Երեւանի հետ հարաբերություններում:

– Իսկ դա ի՞նչ կարժենա Հայաստանի համար, ենթադրենք՝ հայկական կողմն ընդունեց խաղի այդ կանոնները:

– Որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնին վճարվելիք գինը չի լինում թեթեւ եւ չի լինում տանելի: Ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերություններում եթե բանը հասնում է գին վճարելուն, ապա այդ գինը լինում է բավականին ծանր: Եվ դա է պատճառը, որ մշտապես կարեւոր է չդառնալ այդպիսի գործընթացի մասնակից, չբերել հարաբերություններն այդպիսի կետի, երբ, այսպես ասենք, դիվանագիտությունը, ներողություն եմ խնդրում ընթերցողից մի քիչ ժողովրդական եւ ոչ գրական այս ձեւակերպման համար, վերածվում է մանր շուստրիության: Բայց, ցավոք սրտի, մենք գործ ունենք Հայաստանի արտաքին քաղաքականության այսպիսի տրանսֆորմացիայի հետ: Եվ այստեղ էական չէ՝ դա արվում է Ռուսաստանի հանդեպ, Եվրամիության հանդեպ, Միացյալ Նահանգների, թե որեւէ մեկի: Բնական է, որ Ռուսաստանից Հայաստանն ունի սոցիալ-տնտեսական մեծ կախվածություն, եւ խնդիրներն առաջին հերթին հարվածելու են հասարակությանը՝ այդ ուղղությամբ: Բայց սրանով չի սահմանափակվում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում եւ Կովկասում՝ ընդհանրապես, որքան էլ առերեւույթ այդ ազդեցությունը զգալիորեն նվազել է, եւ որքան էլ թուլացել է Ռուսաստանի ներուժը: Բոլոր դեպքերում, չի կարելի հարաբերությունները որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հասցնել մի կետի, երբ անգամ իրավիճակային տրամաբանությամբ այդ կենտրոնները պետք է, կամ անհրաժեշտ են համարում խոսել, ահա, այդպիսի հռետորաբանությամբ:

– Կալուգինը հայտարարել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում զիջել Հարավային Կովկասում իր ազդեցությունը, եւ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի «3+3» ձեւաչափի պահպանմամբ: Սա ինչի՞ մասին է:

– Ռուսաստանը տեւական ժամանակ ռեգիոնում գործում էր մարտավարական նահանջի տրամաբանությամբ՝ հաշվի առնելով ուկրաինական ճակատում խնդիրները, մեծ ջանքեր, ռեսուրսներ պահանջելը: Կախված Ուկրաինայի ուղղությամբ իրավիճակի որոշ փոփոխությունից կամ միտումներից, ինչպես նաեւ՝ կախված այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները բավականին բարդ վիճակում հայտնվեց Իրանի ուղղությամբ, եւ խորքային առումով փոխվում է Իրանի դերը լայն ռեգիոնալ համատեքստում, Ռուսաստանը կարող է ավելի ակտիվացնել իր քաղաքական հետաքրքրությունը կովկասյան ռեգիոնի ուղղությամբ, իսկ այն, որ Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Կովկասից, ես մատնանշել եմ բազմիցս, եւ այդ թվում մի առանցքային հանգամանք՝ դա ռուս-իրանական ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիրն է, որը կնքվեց 2025 թ․ հունվարին: Այդ պայմանագրի առանցքային ազդեցության ուղղություններից մեկը նաեւ կովկասյան ռեգիոնն է, պարզապես փոխվում է Ռուսաստանի ավանդական գործելաոճը կամ մեթոդաբանությունը ռեգիոնալ քաղաքականության տեսանկյունից: Բնական է՝ այդ փոփոխությունը շատ տեւական ժամանակահատված պահանջող երեւույթ է, որովհետեւ խոսքը շատ մեծ տրամաչափ ունեցող աշխարհաքաղաքական խաղացողի եւ աշխարհաքաղաքական պրոցեսների մասին է, բայց դրանց տրամաբանությունը հենց դա է:

– Կալուգինը խոսել է նաեւ այն մասին, որ ՌԴ առաջարկը՝ ԱԷԿ-ի մասով, կարող է բավարարել Հայաստանի կարիքները մեկ տարով: Այդպես ուզում են ցույց տալ, որ վերադարձի ինչ-որ պատուհա՞ն են թողնում, եթե հակառուսականության գծից դուրս գանք:

– Ես չեմ կարծում, որ Երեւանը հակառուսականության գծի մեջ է: Ես կարծում եմ՝ Երեւանը պարզապես փորձում է մանեւրել աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ՝ լուծելու Հայաստանում իշխանության հարցը, եւ այս համատեքստում նաեւ տեղի են ունենում հայ-ռուսական պրոցեսում որոշակի առերեւույթ զարգացումներ, որոնք ստեղծում են հակառուսականության տպավորություն: Իմ գնահատմամբ, դա պարզապես տպավորություն է, որովհետեւ պրոցեսների տրամաբանությունը որոշակիորեն այլ է:

– Պուտինն առաջարկում էր ռեֆերենդում անցկացնել՝ հասկանալու․ հայ ժողովուրդն ուզո՞ւմ է գնալ ԵՄ, թե՞ ուզում է պահպանել ՌԴ-ի հետ դաշնակցային ֆորմատը: Պուտինն իսկապե՞ս հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները դա կնախաձեռնեն, թե՞ այլ բան նկատի ուներ:

– Իմ գնահատմամբ, այս հայտարարությունն այն մասին է, որ Ռուսաստանն իր շահերի տեսանկյունից, իր համար հետաքրքրական հարցերի տեսանկյունից սահմանելու է բավականին բարձր խաղադրույքներ եւ մտադիր չէ հետ մնալ, դիցուք, Եվրամիությունից: Միեւնույն ժամանակ, այս հայտարարություններով փորձ է արվում Երեւանի համար խորհրդարանի ընտրության գինը բարձրացնել, այսպես ասենք, Ռուսաստանի հանդեպ՝ տեսնելով, թե ինչպես են իրենց համար գինը բարձրացնում մյուս աշխարհաքաղաքական կենտրոնները: Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա այստեղ ընդամենը Պուտինը բարձրաձայնել է այն, ինչն ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ: ՀՀ Սահմանադրության 205 հոդվածով ամրագրված է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցումը պետք է լինի հանրաքվեով։ Այլ կերպ ասած՝ այստեղ հարցն այն չէ, թե Հայաստանի իշխանությունը Պուտինի առաջարկը կամ հորդորը լսելու է կամ չի լսելու։ Այստեղ կա Հայաստանի սահմանադրության պահանջ, ու Պուտինի բարձրաձայնածը դե ֆակտո հենց այդ պահանջի մասին է, եւ անկախ նրանից՝ Պուտինը կխոսեր այդ մասին, թե ոչ, Հայաստանի սահմանադրությունը պարտադիր է Հայաստանի իշխանության եւ քաղաքացիների կատարման համար: Հետեւաբար, այդ ամենից անկախ, եթե կա վերպետական կառույցին անդամակցելու հարց, ապա այդ հարցը Հայաստանի սահմանադրությամբ պետք է լուծվի հանրաքվեի միջոցով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես 44-օրյայում, այնպես էլ հիմա՝ ժողովուրդը չի՛ պարտվել․․․

Ինչպես 44-օրյայում, այնպես էլ հիմա՝ ժողովուրդը չի՛ պարտվել․․․ Sat, 13 Jun 2026 15:15:30 +0400 44-օրյա…

14 րոպե ago

Իրանն ականապատել է միջուկային համալիրն ԱՄՆ-ից պաշտպանվելու համար․ CNN

Իրանն ականապատել է միջուկային համալիրն ԱՄՆ-ից պաշտպանվելու համար․ CNN Sat, 13 Jun 2026 15:00:52 +0400…

29 րոպե ago

Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է

Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է Sat, 13 Jun 2026 14:47:24 +0400 ՀՀԿ Գործադիր մարմնի…

42 րոպե ago

«Թշնամիներին» մեկ խորհուրդ՝ մի՛ կռվեք Ռուսաստանի դեմ․ Պուտինի կոշտ ելույթը

«Թշնամիներին» մեկ խորհուրդ՝ մի՛ կռվեք Ռուսաստանի դեմ․ Պուտինի կոշտ ելույթը Sat, 13 Jun 2026 14:30:19…

60 րոպե ago

Արդարության սպասումը Կրեմլից․ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին

Արդարության սպասումը Կրեմլից․ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին Sat, 13 Jun 2026 14:15:00 +0400 Այս օրերին քաղաքական…

1 ժամ ago

ԱԱ-2026․ Առաջին խաղից առաջ Անգլիայի ընտրանուն կողոպտել են

ԱԱ-2026․ Առաջին խաղից առաջ Անգլիայի ընտրանուն կողոպտել են Sat, 13 Jun 2026 14:00:49 +0400 Անգլիայի…

1 ժամ ago