Քֆուր, քյաֆար, ծաղր. մարդ եմ` կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել
Tue, 06 Oct 2026 15:15:07 +0400
«Հրապարակի» հետ զրույցում Շաքիի հարևան բնակավայրի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը մի արտահայտություն էր արել, որը բավականին աղմուկ բարձրացրեց։ Ասել էր․ «Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում: Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան»։
Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը նեղվել է այն փաստից, որ այս արտահայտությունը լայն տարածում է գտել եւ ինքը դարձել է ծաղրի ու վիրավորանքների թիրախ, իր հասցեին վիրավորական գրառումներ են տարածում: Եվ ուզում է պարզաբանել, որ նման արտահայտություն անելով ինքը նկատի է ունեցել ոչ թե սահմաններն ու դիրքերը դատարկ ու անվերրահսկելի թողնել եւ դրա փոխարենը շուն պահել, այլ իր խոսքը վերաբերվել է գյուղացիներին, ովքեր շուն պահելով իրենց ու իրենց ընտանիքների անվտանգությունը կարող են ապահովել:
Սակայն իր դեմ ատելության մեծ ալիք է ուղղվել․ «Քֆուր, քյաֆար, ծաղրի առարկա են սարքել: Մի խելացի միտքը կարելի է վերածել ծաղրուծանակի։ Ես ծառայել եմ 1985-1987 թթ-ին, Գերմանիայում: բազմաթիվ դեպքեր են եղել, երբ զինվորները փախուստի էին դիմում ու մի պրիմիտիվ քայլ էին անում՝ դիմում էին շուն վարժեցնող գերմանացիներին, շունը հոտոտում էր անկողնու վերմակն ու բարձը, ու հետո այդ շան միջոցով հայտնաբերում էին փախուստի դիմած զինվորին: Հիմա այս դեպքում ադրբեջանցիներն ասել էին, որ հնարավոր է ձեր սահմանն անցած լինի: Այդ խնդիրը ընդամենը մեկ ժամում կարելի էր լուծել ու այդ շունն այնքան արագ այդ թուրքին կբռներ, որ այդ թուրքը չէր հասցնի որևէ բնակավայր մտնել: Հայտնի նյութում ես խոսել եմ սահմանների մասին, ասել եմ, որ այդ հատվածում սարեր են, ձորակներ, քարքարոտ տեղեր, ականապատված են այդ տարածքները, բայց դե եսիմ, ոնց է դրա բախտը բերել: Կարող է մառախուղ է եղել, անցել է՝ չեն նկատել»,- ասում է Մարկոսյանը:
Նույնիսկ զենք ունեցող գյուղացին անպաշտպան է թշնամու առաջ, որովհետև քնած վիճակում չի կարող դիմակայել թշնամուն, իսկ շան առկայության պարագայում, շունը հաչալով կզգուշացնի տիրոջը՝ մոտեցող վտանգի մասին: Մարկոսյանին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ 1995 թվականից համայնքի ղեկավար է և վիրավորանքների ու ծաղրանքի թիրախ է դարձել հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր իրեն բացարձակապես չեն ճանաչում: «Մարդ եմ, կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել, հո ես պետական եսիմ ինչ խոշոր չինովնիկ չե՞մ, պաշտպանության նախարար չեմ, որ այդ կարգի հարձակում են սկսել իմ դեմ: Ես իմ բնակավայրի պատասխանատուն եմ, իմ բնակավայրն այսօր ծաղկում է, իմ բնակավայրում ոչ շինարար կարող եք գտնել ազատ, ոչ վարչապետ, որովհետև այնքան շատ է գործը, բոլորը աշխատում են՝ մեկ էլ սովետի ժամանակ է այդպես եղել: Ես ունեմ երկու շուն տանը, նույնիսկ իմ եղբայրը, որ մեր գյուղի բնակիչ է, մինչև ես չգամ՝ մեր տուն մտնել չի կարող: Ես մարդկանց տրամաբանության վրա եմ զարմանում, ինչպե՞ս են ընդունել: Իսկ վատ կլինի՞, որ սահմանապահն ունենա վարժեցրած շուն իր կողքին, շան հոտառությունը 10,000 անգամ ուժեղ է մարդու հոտառությունից, տեսողությունն էլ, լսողությունն էլ անհամեմատ ուժեղ են»,-ասում է Մարկոսյանը:
Վերջինս շեշտում է, մասնակցել է թե քառօրյա, թե 44-օրյա պատերազմներին, ռազմական գործողություններին մասնակցելու համար մեդալներ է ստացել ու իր ասածի ամբողջ իմաստն այն է եղել, որ հատկապես վարժեցրած շների առկայությունը կարող է նախազգուշացնող գործառույթ կատարել, ինչպես նաև արդյունավետ որոնողական աշխատանքներ իրականացնել, ինչի շնորհիվ հնարավոր է արագ հայտնաբերել ներխուժած թշնամուն ու կանխարգելել հնարավոր վտանգները, որ կարող է լինել: