Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը, ընդդիմության մերժումը, Բաքվի գնահատականը․ Օրվա թոփ լուրերը
Mon, 23 Nov 2026 23:17:45 +0400
Նոյեմբերի 23․ին մեդիա մոնիտորինգի վերլուծական գործիքակազմով ուսումնասիրվել է 3053 նյութ։ Օրվա օրակարգը ձևավորել են վարչապետի կողմից նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը և դրա շուրջ արձագանքները, «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկը, Ուկրաինայի շուրջ զարգացումները և գույքի բռնագանձման դատական գործերը։
ՕՐՎԱ ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը․ 518 հիշատակում
Փաստեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23․ին սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ ստեղծված yourconstitution.am կայքում։ Նախագծի հիմնական դրույթներից են. 8․րդ հոդվածը, որով խաղաղության ապահովումը սահմանվում է արտաքին քաղաքականության հիմնական նպատակ. նախաբանում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը (գործող Սահմանադրության նախաբանը սկսվում է հղումով, նախագծի նախաբանը՝ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» ձևակերպմամբ). Ազգային ժողովի ինքնարձակման հնարավորությունը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5․ով. պատգամավորի՝ Կառավարության անդամ նշանակվելու դեպքում նրա մանդատի կասեցումը (գործող կարգի՝ դադարման փոխարեն). օրենսդրական նախաձեռնության համար քաղաքացիների ստորագրությունների շեմի իջեցումը 50 հազարից 40 հազարի. ԱԺ խմբակցության իրավունքը՝ անվստահություն հայտնելու փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին. Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը՝ ԱԺ-ի կողմից ընտրված 7 տարի ժամկետով. նախագծի 24-րդ հոդվածի 11-րդ կետը, որով դատարանի որոշմամբ թույլատրվում է քաղաքացիությունից զրկել սահմանադրական կարգի կամ պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար (գործող 47․րդ հոդվածը չի թույլատրում)։ Պետություն–եկեղեցի հարաբերությունների մասին դրույթում «կարող են կարգավորվել օրենքով» ձևակերպումը փոխարինվել է «կարգավորվում են օրենքով»-ով, իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ազգային առանձնահատուկ առաքելության ճանաչումը պահպանվել է։ Կայքի նախաբանում նշվում է, որ նոր Սահմանադրությունը պետք է ընդունվի համաժողովրդական հանրաքվեով։ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը նա անվանել է խաղաղության ամրապնդման և «պետությունը ժողովրդին վերադարձնելու» քայլ, ասել է, որ 3-րդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության համար, ինչը, ըստ նրա, երևում է նաև Անկախության հռչակագրի տեքստից, և որ 4-րդ Հանրապետությունը տարբերվում է հակամարտության բացակայությամբ։
Մեդիայի ուշադրության կենտրոնում։ Մեդիայի ուշադրությունը կենտրոնացել է Անկախության հռչակագրի հղումը հանելու, քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմի, եկեղեցու մասին ձևակերպման և նախագահի ու ինքնավար մարմինների (այդ թվում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ինքնավար մարմնով փոխարինելու) հետ կապված փոփոխությունների վրա։
Հակասող նարատիվներ։ Իշխանության ներկայացուցիչները նախագիծը ներկայացնում են՝ որպես խաղաղության օրակարգի և հանրաքվեով ժողովրդի կամքի արտահայտման փաստաթուղթ։ Ընդդիմությունը և քաղաքագետների մի մասը նույն տեքստը գնահատում են՝ որպես արտաքին պարտադրանքի արդյունք։ Ընդդիմադիր գործիչները նշել են Արարատի, Ցեղասպանության և Արցախի հիշատակման բացակայությունը տեքստում։
2. Սահմանադրության նախագծի շուրջ արձագանքները. ընդդիմության մերժումը և Բաքվի գնահատականը․ 306 հիշատակում
Փաստեր։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ուղերձով հայտարարել է, որ նախագիծը «ալիևյան սահմանադրություն» է, և որ «Մեկ այլ երկրի հրահանգով չենք փոխի մեր երկրի ծննդյան վկայականը»։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ասել է, որ ընդդիմությունը մերժում է վարչապետի առաջարկը (հանրաքվեի գնալու և ըստ ելքի՝ հրաժարական տալու կամ հաջորդ ընտրություններին չմասնակցելու), և Փաշինյանի գործողությունները բնութագրել է՝ որպես «ահաբեկչի գործողություններ»։ Իշխան Սաղաթելյանը գրել է, որ խորհրդարանական ընդդիմությունից չստանալով անհրաժեշտ 6 ձայնը՝ Փաշինյանն առաջարկում է քաղաքական գործարք, որին ընդդիմության պատասխանը «հստակ է՝ ո՛չ»։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «օտարի թելադրած սահմանադրությունը չի ընդունվելու»։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իտալիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Բաքուն պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները. նախագծում նման դրույթ, ըստ ամենայնի, չկա, և Բաքուն դա «դրական է գնահատում», սակայն Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է։
Մեդիայի ուշադրության կենտրոնում։ Լրատվամիջոցները տարածել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարությունը, որ իրենց 29 պատգամավորը կողմ չի քվեարկելու նախագծին։ Ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները, այդ թվում՝ CNN Türk-ի անդրադարձը, ներկայացվել են հայկական մեդիայում առանձին նյութերով։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դիտարկում հենց Անկախության հռչակագրին հղման հեռացումը. ըստ Բայրամովի վկայակոչված խոսքերի՝ հիմնական պահանջը տարածքային պահանջների բացակայությունն է։
Հակասող նարատիվներ։ Ընդդիմությունը Բաքվի դրական գնահատականը ներկայացնում է՝ որպես նախագծի «ալիևյան» բնույթի ապացույց, իսկ իշխանական կողմը նույն արձագանքը համարում է խաղաղության գործընթացի առաջխաղացման նշան։
3. «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկը․ 218 հիշատակում
Փաստեր։ Նոյեմբերի 23-ին Սյունիքի մարզում մեկնարկել են TRIPP նախագծի շինարարության նախապատրաստական աշխատանքները։ Մեկնարկը տրվել է՝ առանց պաշտոնական հանդիսավոր արարողության՝ Սյունիքի մարզպետի մասնակցությամբ։ Փաշինյանը ուղերձում նախագիծը ներկայացրել է՝ որպես Հայաստանի նորագույն պատմության ամենախոշոր տնտեսական ծրագիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ուղերձում շնորհավորել է «ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին», մեկնարկը կապել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հիմնադրման հետ և հրավիրել է նրան Սպիտակ տուն հաջորդ տարի՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու համար։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նրա հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ առաջիկա անելիքների շուրջ։ Կողմերը դրական են գնահատել երկաթուղու, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների ուսումնասիրությունների արդյունքները և կարևորել են «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագրի ու կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտը։
Մեդիայի ուշադրության կենտրոնում։ Լրատվամիջոցները շեշտել են նախագծի մասշտաբը («Հայաստանի անկախությունից ի վեր խոշորագույն տնտեսական ծրագիր», ըստ կառավարության ձևակերպումների) և Թրամփի անձնական ուղերձը։ Սյունիքի մարզպետը հույս է հայտնել, որ լայնածավալ շինարարական աշխատանքները շուտով կմեկնարկեն։
Հակասող նարատիվներ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով նախագծին, ասել է, որ Իրանի սահմանների մոտ օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է. Հայաստանը Թեհրանին «անհրաժեշտ հավաստիացումներ է տվել», Իրանը վստահում է Երևանին, բայց «ուշադրությամբ կհետևի» իրավիճակին,-ասել է նա։
4. Ուկրաինայի շուրջ բանակցությունները և ռազմական գործողությունները․ 81 հիշատակում
Փաստեր։ The Washington Post-ը, հղում անելով բանակցություններին մոտ աղբյուրի, գրել է, որ Պուտինը մասնավոր կարգով համաձայնել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից և Եվրոպայից ստանալ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին նմանվող անվտանգության երաշխիքներ՝ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի բացակայության պայմանով. դրա դիմաց Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների մեղմացմանը։ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ ՌԴ–ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շուտով։ Զելենսկին հաստատել է, որ նոյեմբերի 22-ի գիշերը ուկրաինական զինուժը Լիբիայի Բենղազի քաղաքի ռազմածովային բազայի վրա հարձակման ժամանակ խորտակել է ռուսական «Մերկուրի» կորվետը՝ կիրառելով յոթ ծովային անօդաչու սարք։
Մեդիայի ուշադրության կենտրոնում։ Առանձին ուշադրության է արժանացել Մեդվեդևի հոդվածը, որտեղ նա գրել է, որ Ռուսաստանն իրավունք ունի, իսկ որոշ դեպքերում պարտավոր է, օգտագործել բոլոր հասանելի միջոցները, այդ թվում՝ միջուկային զենքի հնարավոր կիրառումը։ Լրատվամիջոցներում հայտնվել են նաև Սև ծովում ռուսական և ուկրաինական նավերի խոցման, նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների և Ուկրաինայի կամուրջներին հասցված 109 հարվածի մասին Զելենսկու հայտարարությունները։
Հակասող նարատիվներ։ Վաշինգտոնյան աղբյուրը խոսում է երաշխիքների շուրջ համաձայնության մասին, իսկ ռազմական հայտարարությունները՝ սրման. երկու պատկերը աղբյուրներում հակադրվում են։ Հրապարակումները վկայակոչում են Զելենսկու կողմից «Թրամփի երաշխիքները» մերժելու մասին։
5. Ապօրինի գույքի բռնագանձման գործերը․ 50 հիշատակում
Փաստեր։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձված ինը անշարժ գույքն ու վեց ավտոմեքենան պաշտոնապես դարձել են Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Անշարժ գույքի շուկայական արժեքը, 2023 թվականի գնահատմամբ, գերազանցում է 811 մլն դրամը, իսկ բռնագանձման ենթակա ակտիվների և դրամական միջոցների ընդհանուր արժեքը՝ 1,2 մլրդ դրամը։ Առանձին՝ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցը ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից 10 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձում մասնակցություն, 666 մլն դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 236 մլն 247 հազար դրամ բռնագանձելու մասին։
Մեդիայի ուշադրության կենտրոնում։ Լրատվամիջոցները ներկայացրել են բռնագանձվող գույքի ցանկը և արժեքները։ Առանձին նյութերում նշվել է, որ դատարանը մերժել է Վալերի Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու պահանջը, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռը։
ՕՐՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԶՄԵՅՔԵՐՆԵՐԸ
- Նիկոլ Փաշինյան. հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը և ուղերձ հղել TRIPP-ի մեկնարկի առթիվ։
- Նարեկ Կարապետյան. ուղերձով մերժել է նախագիծը՝ այն անվանելով «ալիևյան սահմանադրություն»։
- Դոնալդ Թրամփ. շնորհավորել է Փաշինյանին TRIPP․ի մեկնարկի առթիվ և հրավիրել Սպիտակ տուն։
- Ջեյհուն Բայրամով. դրական է գնահատել նախագծում տարածքային պահանջների բացակայությունը։
- Իշխան Սաղաթելյան. ընդդիմության անունից մերժել է վարչապետի «գործարքը»։
ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ
- Իրան. Իրանը զգուշացրել է, որ իր դեմ գործողությունների դեպքում կհարվածի Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին. Թրամփը ասել է, որ Իրանն անցած շաբաթ ավելի շատ անօդաչու սարքեր և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարում։ Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Պակիստանն ու Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը։ Հայ–իրանական առանցքում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների ղեկավարների հետ. Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Հայաստան այցից հետո պատգամավորներին ներկայացրել է տարանցիկ համագործակցության և էլեկտրոնային առևտրի փաստաթղթի ստորագրման մասին։
- Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան. Պաշտոնական այցով ժամանած նախարարին ընդունել է Սուրեն Պապիկյանը. տեղի է ունեցել դիմավորման արարողություն, քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, իսկ նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
- Էդմոն Մարուքյանի գործով դատական նիստ. Դատավոր Աննա Շիլաջյանը բավարարել է Մարուքյանի պաշտպան Հայկ Հարությունյանի միջնորդությունը, որ Փաշինյանը՝ որպես վկա ներկայանա դատարան (Փաշինյանը Մարուքյանի դեմ հայցը ներկայացրել էր 2026-ի հուլիսի 9-ին)։ Մարուքյանը գործը բնութագրել է՝ որպես «քաղաքական հետապնդում՝ ազատ խոսքը ճնշելու նպատակով»։
- Դեսպանների հետկանչ և կադրային փոփոխություններ. Նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի առաջարկությամբ, հրամանագրերով հետ է կանչել վեց դեսպանի (այդ թվում՝ Կանադայում, Կուբայում, Դոմինիկանայում և Ջամայկայում դեսպան Անահիտ Հարությունյանին, Արգենտինայում, Չիլիում և Պերուում՝ Հովհաննես Վիրաբյանին, Հունաստանում և Ալբանիայում՝ Տիգրան Մկրտչյանին) և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարին։ Վարչապետի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից. Հայկ Մկրտչյանն ազատվելու է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ նոյեմբերի 30-ից։
- ԵՄ դեսպանների հանդիպումները. Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, և հանդիպման թեմաների թվում եղել է նոր Սահմանադրությունը։ Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դիվանագետների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացումը։ Ալեն Սիմոնյանը և Լիտվայի արտգործնախարարը անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին (19 հիշատակում)։
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Երևանում, Արշակունյաց պողոտայում, չորս ավտոմեքենայի բախման հետևանքով կա 1 զոհ։
- Նոյեմբերի 25-ին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Վարդենյաց լեռնանցքում բուք է, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
- Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է շորթման կասկածանքով։